Հասարակություն

Գյումրեցիները շոկի մեջ են. Ինչ են պատրաստվում անել

Գյումրեցիները շոկի մեջ են. Ինչ են պատրաստվում անել

Այսօր գյումրեցիներն, իրենց խոսքով ասած, առավոտյան շոկ ապրեցին, երբ իրավապահները կոտրեցին առաջնորդարանի դուռը, ներխուժեցին այնտեղ, իսկ նպատակը թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին ձերբակալելն էր։ Նա այնտեղ չէր, պարզվեց Էջմիածնում է` Վեհարանում, որտեղ էլ այս պահին զարգացումներ են ընթանում։  Առավոտյան առաջնորդարանում տեղի ունեցած  խուզարկության ընթացքում, բակում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին։

Ոստիկանների մեծաթիվ ներկայությունը և խուզարկության հանգամանքը՝ առանց սրբազանի ներկայության, միանգամից լայն արձագան ստացավ հասարակության մեջ։ Գյումրեցիները հուզված են և շոկի մեջ, շատերը դեռ առաջնորդարանի բակում են, չեն պատրաստվում հեռանալ` նորությունների են սպասում։

Գյումրեցի արվեստագետ Արթուր Գևորգյանը, որ առավոտից առաջնորդարանի բակում էր, hraparak.am-ի  հետ զրույցում նշեց․ «Շոկի մեջ ենք, խոշոր հարված ենք ստացել ։ Այս պահին դեռ չենք հասկանում՝ ինչ անել, բայց կարծում եմ՝ վաղը կհավաքենք, կգեներացվեն  ուժերը և կհասկանանք՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»։

Նա նաև ընդգծեց, որ առաջնորդարանի տարածքում հավաքվել էին հարյուրից ավելի քաղաքացի, ինչը վկայում է, որ տեղի ունեցածը մեծ հուզմունք է առաջացրել․ «Քաղաքը ապրում է ցնցում, քանի որ եկեղեցին միշտ եղել է մեր հոգևոր ապավենը։ Բայց պիտի ասեմ, որ հավաքվածների մեջ կային սադրիչ ուժեր, ոչ բոլորն էին մտահոգ քաղաքացիներ», ֊ընդգծեց Գևորգյանը` հավելելով.

 «Ես միշտ մենակ եմ եղել իմ անելիքների ու ասելիքների մեջ, բայց տեսնենք՝ վաղը ինչ է կարելի է անել, այսօր խմբերով հնարավոր է` Էջմիածին մեկնեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image