ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ասելով՝ բարձր աշխատավարձ ստանալու առաջնային պայմանը մրցունակ կրթությունն է: Եթե առաջնորդվենք այդ գաղափարով, ապա ՀՀ նախագահի պաշտոնին նշանակված անձը պետք է ամենամրցունակ կրթությունը ստացած լինի, որովհետեւ նրա աշխատավարձն ամենաբարձրն է չինովնիկների շրջանում: Որոշեցի կրկին աչքի անցկացնել նախագահի կենսագրությունը. խորհրդային տարիներին ավարտել է «Ժողը»՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ 4 տարվա ուսումնառությամբ: Հետագայում այլ կրթական դասընթացների չի մասնակցել: Այնուհետեւ սկսեցի ուսումնասիրել նախարարների, փոխնախարարների եւ պատգամավորների կենսագրությունները: Չէ, սուտ եմ ասում, մեկ-երկուսինը նայեցի ու դադարեցրի. հիմնականում քառամյա բարձրագույն կրթություն են ստացել, մեկ-երկուսը՝ նաեւ մագիստրատուրային եւ կամ ինչ-որ դասընթացների մասնակցել, եւ խիստ հազվադեպ գիտական կոչում ունեցողներ կան: Ռուսական ժողովրդական լեզվով ասած՝ «Не густо»:
Ինչեւէ, փաստորեն, բարձր աշխատավարձ ստանալու առաջնային պայմանը ոչ թե մրցունակ կրթությունն է, այլ մեկ անձի կողմից պաշտոնի նշանակվելու հանգամանքը, ինչը չի կարող չհանգեցնել սեփական կարծիք ունենալուց հրաժարվելուն: Իսկ որ դա այդպես է՝ ենթադրաբար, տեղյակ են բոլոր գրագետ հայաստանցիները: Բազմաթիվ ու համատարած են նաեւ այդ երեւույթի վկայությունները: Թեկուզ վերջինը՝ մեկ անձի կողմից կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների առումով կուսակրոնության հարցը բարձրաձայնելուց հետո ՔՊ-ականների տեղաշարժն այդ ուղղությամբ: Կարծես կախարդական փայտիկի հարվածով՝ բոլոր աչքի ընկնող ու չընկնող ՔՊ-ականներին հանկարծ սկսեց հետաքրքրել կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ընտանիք ունենալու հարցը: Նույնիսկ նրանց, ովքեր անգրագիտություն ցուցաբերեցին այդ հարցում: Այսինքն՝ չեն գիտակցում, որ իրենց ու իրենց երեխաների կնքված լինելու հանգամանքը բացարձակ կապ չունի կաթողիկոսի՝ կուսակրոնության ենթադրյալ խախտման հետ: Դրանցից էր, օրինակ, նախարարի պաշտոն զբաղեցնող Պապոյան Գեւորգը:
Վերը նշվածը վկայում է, որ բարձր աշխատավարձ ստանալու միակ անհրաժեշտ պայմանը սեփական կարծիք չունենալն է, ինչպես նաեւ վերադասի (այսինքն՝ Նիկոլի) մտքերը կապկելն է ու նրան քծնելը, ինչն առկա էր նախկինում՝ դեռեւս խորհրդային տարիներին, եւ ուղղակի ծաղկում է մեր օրերում: Այդ հատկանիշն ունենալու դեպքում նույնիսկ բարձրագույն կրթություն ստանալու կարիք չկա, ուր մնաց, թե մարդ ունենա մրցունակ կրթություն: Որպես դրա տիպիկ օրինակ՝ նշենք այն ջահելին, որը Դիլիջանի համայնքապետի ԺՊ նշանակվելուց առաջ ինչ-որ փաստաթղթում «սեռ»-ի դիմաց նշել էր «արու»: Բայց ասվածը, բնականաբար, չի նշանակում, թե մրցունակ կրթություն ունենալն ընդհանրապես բանի պետք չէ: Այն պետք է, բայց այնպիսի երկրներում, որտեղ որեւէ մեկին աշխատանքի ընդունելիս առաջնային պայման է դիտարկվում նման կրթություն ունենալը: Բայց Հայաստանը, դժբախտաբար, նման երկրների շարքում տեղ չի գրավում: Այստեղ անհրաժեշտ է լինել ընդամենը ՔՊ-ական եւ կամ ՔՊ-ականի ընկեր, ծանոթ եւ այլն: Եվ, ինչպես ասվեց, հրաժարվել սեփական կարծիք ունենալու ավելորդ բեռից ու ձեռք բերել հետագա գործունեության տեսակետից խիստ անհրաժեշտ՝ Նիկոլին քծնելու սովորույթ: