Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ չնայած ընտրությունների վերաբերյալ հանրության խուլ դժգոհությանը, հայտարարում է.
«Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ»։
Այն, որ ԿԸՀ նախագահի ճակատը, իսկ որոշ դիտարկումներով՝ նաև ողջ գլուխը, իսկապես պարզ ու թափանցիկ է, ակներև է։ Թեպետ որոշ օգտատերեր համառում են՝ «եթե գլուխը ճաղատ է, դա դեռ չի նշանակում, որ ճակատը պարզ է»։ Եվ ճիշտ են ասում, որովհետև մազածածկույթը ժողովրդավարության միջազգային չափանիշ չէ։
Բայց եկեք չկպնենք բառերին։ Մարդն ինքն է ասել՝ «պարզ ճակատով»։ Իսկ ի՞նչ պիտի ասեր՝ «պարզ խղճո՞վ»։ Դա արդեն չափազանց ռիսկային կլիներ։
Ընդհանրապես, «ճակատ» բառը շատ հարուստ իմաստ ունի։ Ճակատը ռազմադաշտի առաջնագիծն է, պայքարի գիծը, այն տեղը, որտեղ կռիվ է գնում։ Փոխաբերական իմաստով էլ ճակատը միավորում է։ Ուստի, երբ ԿԸՀ նախագահն ասում է՝ «եկել եմ ճակատով», ակամա խոստովանում է, որ եկել է ոչ թե միայնակ, այլ ամբողջ ճակատով՝ թիմով, միավորումով, կազմակերպված շարքերով։
Այսինքն՝ եկել է ոչ թե որպես չեզոք մրցավար, այլ որպես... ճակատ։
Թե այդ ճակատը բաց էր, փակ էր, լայն էր, թե նեղ՝ արդեն երկրորդական հարց է։ Կարևորն այն է, որ մարդը ոչինչ չի թաքցրել։ Ինքը բառացիորեն զգուշացրել է՝ «ճակատով եմ եկել»։
Իսկ մենք, միամիտներս, դեռ փորձում էինք հասկանալ, թե ընտրություններում ինչու էր ամեն ինչ այսքան... կազմակերպված։