Քաղաքականություն

Օտար աչքի համար հայը հայ է, բոլորը՝ մի սանրի կտավ, բոլորը՝ Նիկոլ

Օտար աչքի համար հայը հայ է, բոլորը՝ մի սանրի կտավ, բոլորը՝ Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը, պիտի ասել, իր իշխանության տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել ամեն ինչ քանդելու, փչացնելու ուղղությամբ: Ես երբ հիշում եմ, թե Նիկոլից առաջ մենք ինչ զգացմունքներ էինք տածում «պետություն», «անկախություն», «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «պատերազմ», «խաղաղություն», «ժողովրդավարություն» բառերի ու հասկացությունների նկատմամբ ու ինչ ենք զգում հիմա, սկսում եմ զզվել ինձնից: Մի՞թե ես էլ մեկն եմ նրանցից, որ այսպես խաղաղ գոյատեւում են Արցախի կորստի, Հայաստանի բզկտված սուվերենության, Թուրքիայից ու Ադրբեջանից վասալական կախվածության, ազգային արժեքների նկատմամբ հալածանքների, ներքաղաքական քաոսի պայմաններում: Ներսից ուտում եմ ինքս ինձ, բայց ի՞նչ օգուտ՝ օտար աչքի համար հայը հայ է, բոլորը՝ մի սանրի կտավ, բոլորը՝ Նիկոլ, բոլորը՝ խայտառակված, անդեմ, անգույն, պարտված, թրջված, միջազգային հարաբերություններում՝ կապիկ, ընդհուպ՝ «քցող»:

Ի թիվս այլ բաների, Նիկոլը մեր աչքից գցեց նաեւ խորհրդարանական կառավարման համակարգը: Մտածում էինք՝ փառք Աստծո, հասել ենք այնտեղ եւ նախագահական ու կիսանախագահական ռեժիմներից անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Սահմանադրական հանրաքվե, համոզիչ «Այո»… Ահա, ահա, անցնում էինք առաջավոր երկրների շարքը, մեկ էլ 2018 թվականի փորձանքը պատահեց: Դեռ նախագահական ժամանակների տրեխները չէինք հասցրել հանել, որ Նիկոլը եկավ: Եկավ ու… Առը հա քեզ խորհրդարանական կառավարում: «Սերժ Սարգսյանի հագով կարված» կոստյումը գցեց վրան ու սկսեց կառավարել: 2018-ի հոկտեմբերի 2-ին արդեն Փաշինյանը գրոհեց ԱԺ-ն՝ այն «հիմնարկը», որն իրեն մի քանի ամիս առաջ վարչապետ էր ընտրել՝ ժողովրդին ծառայելու համար: Նման բան խորհրդարանական կառավարմամբ երկրներում երբեք չէր եղել: Հասարակ ժողովուրդը, տեսնելով այդ, Փաշինյանին մեծարեց «սուպերվարչապետ» անունով, իսկ քաղաքական էլիտան հասկացավ, որ Նիկոլի գալով՝ երկրի գլխին «սուպերփորձանք» է կախվել: Եվ էլիտան չէր սխալվում: Նիկոլն իր «սուպերվարչապետությունը» հաջորդիվ ցուցադրեց 2019թ. մայիսին՝ հարձակվելով դատարանների վրա: Անհասկացող խավը ողջունեց վարչապետի «քաջությունը», իսկ էլիտան շարունակեց մնալ իր կարծիքին՝ «Նիկոլը փորձանք է»: Այդ ժամանակից Նիկոլի ձեռքում էին բոլոր տիպի իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական: Բայց խորհրդարանական կառավարմամբ ո՞ր երկրում նման բան կար, ո՞ր երկրի վարչապետի մատի շարժումով էր աշխատում խորհրդարանը, կամ ո՞ր վարչապետի խոսքով՝ դատարանը: Այնպես որ, քաղաքական էլիտան շատ մեղմ էր գնահատում իրավիճակը… Ոչ թե Նիկոլն էր փորձանքի պես կախվել երկրի գլխին, այլ երկիրն էր ընկել ք.քը, մենք էլ՝ երկրի հետ:

Ահա, արդեն 8 տարի է՝ այդ վիճակում ենք: Այս ընթացքում ինչ «սուպերվարչապետություն» ասես, որ Նիկոլը չարեց: Չթվարկեմ, որովհետեւ պիտի խոսեմ քովիդի օրերի այլանդակություններից, պատերազմ սանձազերծելուց, Շուշին հանձնելուց, կապիտուլյացիայից, ազգային արժեքների ոտնահարումից, Եկեղեցու դեմ նրա սանձազերծած պայքարից ու էլի լիքը վատ բաներից, որոնք տեղի ունեցան նրա միանձնյա որոշումներ կայացնելու արդյունքում: Բայց չէ՞ որ այդ ընթացքում մենք խորհրդարանական երկիր էինք… Իբր…

Ու չհասկացող խավի մեջ աստիճանաբար սկսեց ձեւավորվել այն թյուր կարծիքը, թե խորհրդարանական կառավարումը վատ բան է, ու մեր դժբախտությունը կառավարման մոդելի մեջ է: Դա, իհարկե, այդպես չէ: Կառավարման մոդելը մեղք չունի: Այլ հարց է, թե ով է կառավարիչը: Նիկոլը դառնար ՀՀ նախագահ՝ ամեն ինչ ավելի վատ էր լինելու, քան հիմա, երբ նա վարչապետ է կամ «սուպերվարչապետ»: Այսինքն՝ խնդիրը Նիկոլն է եւ ոչ թե երկրի կառավարման մոդելը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ դեռ էն գլխից առանձնապես ոգեւորված չէր խորհրդարանական կառավարման մոդելով, օրերս խոսել էր այն մասին, որ մենք շտապել ենք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելիս, եւ իշխանափոխությունից հետո պետք է դիտարկել կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու տարբերակը: Լինելով խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից՝ այնքան էլ չեմ կիսում Ռոբերտ Քոչարյանի այս տեսակետը, բայց մի բանում նրա հետ լիովին համաձայն եմ՝ ինչ էլ անենք, պետք է անենք իշխանափոխությունից, այսինքն՝ Նիկոլին հեռացնելուց հետո: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ Նիկոլը մի հատ էլ նախագահ կամ կիսանախագահ դառնա: Ականջը չընկնի, հանկարծ… Մեկ էլ տեսար՝ Ալիեւի պահանջով անցկացվող սահմանադրական հանրաքվեի մեջ այդ հարցն էլ ներառի ու, ինչպես Թուրքիայի վարչապետ Էրդողանն արեց տարիներ առաջ, դառնա նախագահ:

ՀԳ. Ամեն դեպքում, մի հատ խաչակնքվեք…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image