Իրանա-ամերիկյան հակամարտության կարգավորումն իրենից ներկայացնում է մի «փազլ», որտեղ մի շարք խաղացողներ նպաստում են խաղաղությանը, իսկ մյուսները՝ խանգարում, գրում է Մարիա Ուտկինան «Վեստնիկ Կավկազա» պարբերականում։ Ըստ հեղինակի, իրանա-ամերիկյան հակամարտության կարգավորմանը անխոս նպաստում են Պակիստանն ու Կատարը։ Նրանք միջնորդական առաքելություն են ստանձնել Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունների միջեւ, հանդես եկել որպես բանակցությունների կազմակերպիչներ, որտեղ համաձայնեցվել է վերջնական համաձայնագրի «ճանապարհային քարտեզը»։ Բյուրգենշտոկի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեղ հայտարարությունն էլ արվել է այս երկու երկրների կողմից համատեղ՝ որպես բանակցային միջնորդների։ Պարսից ծոցի երկրները հիմնականում հանդես են եկել որպես հակամարտության կարգավորման կողմնակիցներ։ Նրանց համար առանձնապես կարեւոր չէր, թե ով է հաղթել։ Նրանց համար կարեւոր էր, որ հակամարտության հետագա սրացում չլիներ։ Եվ դա հասկանալի էր, եթե հաշվի առնենք, որ Հորմուզի նեղուցի փակ վիճակը հարվածում էր Ծոցի երկրներին՝ անխտիր։ Թուրքիան, որպես ռեգիոնալ խաղացող, դիվանագիտական աջակցություն էր ցուցաբերում հակամարտության կարգավորմանը։
Միաժամանակ նաեւ՝ Անկարան բացահայտ հայտարարում էր, որ Իսրայելն ամեն կերպ փորձում է խոչընդոտել հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանն ու Չինաստանը, որպես Իրանի դաշնակիցներ, հետեւողականորեն աջակցում էին հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը նաեւ Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակի շփումներում է քննարկել իրանական ճգնաժամի կարգավորումը՝ առնվազն երեք հեռախոսազրույցներում։ Պեկինն էլ իր հերթին է ջանքեր գործադրել, որ հակամարտությունը որքան հնարավոր է՝ շուտ դադարեցվի։ Ու պատահական չէ, որ նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել նախագահներ Պուտինին ու Ծինփինին՝ հակամարտության կարգավորման հարցում ունեցած ներդրման համար։ Իսրայելը թերեւս ամենաակտիվ, չասելու համար՝ միակ երկիրն է, որն ամեն կերպ ձգտել է խոչընդոտել իրանա-ամերիկյան հակամարտության կարգավորմանը։ Իսրայելն իր «հաշիվներն» ունի թե՛ Իրանի, թե՛ Իրանի կողմից ռեգիոնում աջակցվող տարատեսակ ուժերի հետ եւ դրա համար էլ ամեն բան անում է, որպեսզի այս հակամարտությունը չկարգավորվի։ Հակամարտության կարգավորմանը որոշակիորեն խանգարել են նաեւ ներամերիկյան որոշ ուժեր, որոնք կողմնակից են եղել, որ պատերազմը շարունակվի։ Հակամարտության կարգավորմանը դեմ են եղել նաեւ ներիրանական քաղաքական որոշ խմբեր, որոնք հատկապես ծայրահեղ մոտեցումներ ունեն եւ կարծում են, որ կարգավորումն առնվազն դավաճանություն է իրանական ազգային շահերին։