Երեմյան ընկերությունների խումբը նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ Ընկերությունն աշխատում է 2006 թվականից, և ամբողջ 2026-ն ընկերության համար հոբելյանական կլինի։ Առաջին ակկորդն ասուլիսն էր՝ ամփոփելու մեծածավալ գործունեությունը հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության բոլորտներում։ Այն կարելի էր բնութագրել որպես հյուրընկալություն՝ առողջարար հյուրասիրությամբ և բարձրակարգ ռեստորանային էսթետիկայով։
Վերջից սկսելով՝ նշեմ, որ տոնական շամպայնից առավել՝ այստեղ նախընտրելի էր փոքրիկ բաժակներով հյուրերին մատուցված կաթը, որը դարձավ մի տեսակ ապացույց, որ այս ընկերությունը որոշել է մեզ վարժեցնել առողջ ապրելակերպի ու առողջ սննդի, որքան էլ դա ամենահեշտ բանը չէ։ Հյուրասիրությունն ամբողջովին Երեմյան կաթնամթերքի արտադրանքն էր, և կաթնամթերքի հաճելի բույրը տարածվել էր ամբողջ սրահում։ Եվ իհարկե՝ ոչ միայն հայկական ուտեստներ են. վստահաբար իտալացի և ֆրանսիացի նրբաքիմք համտեսողները կհաստատեին, որ «Երեմյան» ազգանունով այս ապրանքները բուրում են անգամ ավելի ախորժալի, քան իրենց ծագման երկրում՝ ստրաչատելլան ու բուրատտան․․․ Սա, իհարկե, կատակ է, որի մեջ կա ճշմարտության մեծ բաժին, և դժվար է սկսել նկարագրությունը լուրջ թեմաներից՝ նման հյուրասիրությունը թողած։
Ստրաչատելլայով մանգոյի խյուսի բաղադրատոմսը մեզ չասացին. դա, երևի, Երեմյան խմբի ռեստորատորների գաղտնիքն է, համը՝ հեքիաթային։ Բայց Լուսինե Երեմյանը բացահայտեց առողջ լինելու և երիտասարդ մնալու իր գաղտնիքը․ ասում է՝ առավոտյան մեկ բաժակ սառը, անարատ կաթը բերում է օրագանիզմին մանկության թարմ հիշողություն՝ ամբողջ օրվա համար լիցքավորելով մարմինն ու պայծառեցնելով միտքը։ Եվ այնուամենայնիվ, կաթով խմելով առողջության կենացը՝ հյուրասիրությունից անցնենք բուն թեմային։
20 տարին շուկայում կարճ ժամանակ չէ․ արդեն ձևավորվել է Երեմյան ընկերությունների խմբի բազմաժանր պատմությունը։ Մի կողմից՝ քաղաքային բարձրակարգ ռեստորաններն են՝ բիզնեսի ավանդույթները պահպանած, մյուս կողմից՝ գյուղում գտնվող ֆերմաները՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ու գյուղատնտեսության նորագույն մոտեցումներով։ Կա նաև Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան՝ մասնագիտական կրթության ոլորտում, որը հիմնվել է 2019 թվականին։ Ընկերությունների խումբն ունի 2600 աշխատակից և այսօր խոշոր գործատուներից մեկն է, ինչպես նաև խոշոր հարկատուներից (ամենամեծն է հյուրընկալության ոլորտում)։ Այսքանը թերևս արդեն բացահայտում է, թե ինչ ձեռքբերումներ ունի խումբը, իսկ թե ինչպես են դրան հասել՝ պատմեցին ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը։
Վերջինիս խոսքերով՝ Երեմյան ընկերությունների խմբի առաջնային նպատակները միշտ հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզում և աջակցել տնտեսության առաջընթացին։ Երևանի գաստրոքարտեզում այսօր տեսնում ենք 18 ռեստորան՝ արդեն հայտնի անուններ, որոնք շուկայում դիրքավորված են այնպես, որ հասանելի են բոլորին՝ ըստ նախասիրության, գնի և նշանակության։ Այդ ռեստորաններն աշխատում են տարբեր հայեցակարգերով, ունեն տարբերվող խոհանոցներ, տարբեր այցելուների համար են նախատեսված, սակայն կա միավորող մեկ բան՝ սննդի և սպասարկման բարձր որակը, որը հավասարապես պահպանվում է բոլոր դեպքերում՝ անկախ գնային սեգմենտից։
Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ պատմելով իրենց առաջին քայլերի, գաղափարների և նախաձեռնությունների մասին։ Կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ այսօր արդեն 20-ամյա պատմությամբ ընկերության ղեկավարը համեստորեն նշում է, որ իր առջև դրված նպատակներին հասել է՝ չնայած անթիվ դժվարություններին, որոնց բախվել են այդ ճանապարհին և հաղթահարել՝ ոչ հեշտությամբ։
Այսօր, 20 տարվա ընթացքում, ընկերությունն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 տարբեր հայեցակարգով, ինչպես նաև 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց ձորում և Լոռու մարզում։ Վերջինս ամենամեծերից է Հայաստանում և տարածաշրջանում եզակի է իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Երեմյան կաթնամթերքի ժամանակակից գործարանը միակն է, որ արժանացել է FSSC սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացման, ինչպես նաև մանկական կաթի վկայագրման։
Գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նշվեց, մշակվել և կիրառվում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգը՝ խելացի և ճշգրիտ գյուղատնտեսության վարմամբ, կաթնարտադրության միջազգային ստանդարտներով, նոր տեխնոլոգիաներով և ավտոմատացմամբ։ Սա նշանակում է, որ ամբողջ գործընթացը՝ սերմը սեփական դաշտերում ցանելուց և բարձր սննդային արժեքներով կեր ստանալուց մինչև կենդանիների խնամքը ժամանակակից խելացի ֆերմաներում, փակ շղթայով կթումը, փոխադրումը գործարան, շշալցումն ու առաքումը վաճառքի կետեր, իրականացվում և վերահսկվում է ընկերության կողմից։
Գյուղը և գյուղատնտեսությունը կերակրում են քաղաքը և երկիրը, ուստի ընկերության նպատակն է եղել ստեղծել հասարակության համար առողջ ու անվտանգ սնունդ, ձևավորել առողջ սննդային սովորություններ և կաթ խմելու մշակույթ, զարգացնել երկրի գյուղատնտեսությունը, աջակցել համայնքների զարգացմանը և նպաստել պարենային անվտանգությանը։ Հավանաբար յուրաքանչյուր ոք, ով շփվել է նրանց հետ, ձեռք է բերել կաթ խմելու սովորություն․ գուցե հենց կաթն է, որ նրանք սիրում են, այս հաջողության գաղտնիքը։ Իսկ թվերով հաջողությունն այսպիսին է՝ արտադրություն՝ 28 մլն լիտր կաթ, 500 տոննա միս, մշակված՝ 1200 հեկտար հող, ստացված՝ 50 հազար տոննա կեր, կառուցված՝ 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինություններ։ Եվ, փաստորեն, արժե խմել անարատ կաթը, քանի որ այս ամենը դրա ապացույցն են։
Հյուրընկալության ոլորտի մասին ընկերությունում խոսում են առանձնահատուկ հպարտությամբ։ Սա մանկական թեմա չէ, հասուն մարդկանց սիրելի ու հաճելի ժամանցն է, որը պետք է լինի արժանի բարձրության վրա և միաժամանակ հասանելի յուրաքանչյուրին՝ անգամ մատչելի՝ ամենօրյա այցելությունների համար։ Ոլորտում իրականացվել են սպասարկման համակարգային նորարարություններ՝ բաց խոհանոցներ, ժամանցային, երաժշտական և պարային բաղադրիչների համադրում, թվայնացում, մատուցման նոր փորձառություններ, գաստրոտուրերի իրականացում, նոր մասնագիտությունների ստեղծում և այլն։ Այս ամենը նպաստել է նրան, որ տարիների ընթացքում ընկերությունն ունենա շուրջ 15 մլն հյուր, այդ թվում՝ 7 մլն զբոսաշրջիկ, որոնք վայելել են Երեմյան ռեստորատորների հեղինակած ավելի քան 150 օրիգինալ ուտեստներ, իսկ ընդհանուր առմամբ այսօր ընկերության ճաշացանկերում ներկայացված է 1000-ից ավելի ուտեստ։
Վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացության, որ Հայաստանում ռեստորանային ոլորտի վերջին տարիների նկատելի զարգացումը նաև Երեմյան ընկերությունների խմբի սահմանած բարձր նշաձողի արդյունքն է։ Որակյալ արտադրանքն ու ծառայությունը շուկայում դառնում են չափանիշ և խթանում մյուսներին ևս բարձրացնել իրենց մակարդակը։
Ի դեպ, «մրցակից» բառը ընկերությունում չեն գործածում․ ասում են՝ նույն ոլորտում աշխատելով՝ մենք գործընկերներ ենք։ Չենք մրցում, պարզապես անում ենք մեր գործը և խաղաղ գոյակցում շուկայում, որտեղ բոլորիս նպատակը ավելի լավ, առողջ և գեղեցիկ միջավայր ու արժեքներ ստեղծելն է։ Այդպես են մտածում ընկերությունները, որոնք իրենց կայուն տեղն արդեն զբաղեցրել են շուկայում՝ որակով ու սպառողի վստահությամբ։ Եվ, իրոք, կաթը կամ անարատ է, կամ՝ ոչ․ միջին տարբերակ չի լինում։
Ուրիշ ի՞նչ պարզեցինք բանախոսների խոսքից։ Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում ներկայանում է հայկական, տարածաշրջանային, եվրոպական, իտալական, ճապոնական և բարձր հեղինակային խոհանոցներով, սթեյքհաուսով և արագ սննդի ցանցով, ինչպես նաև առաքման, քեյթրինգային և ճաշարանային նախագծերով։ Ոլորտի բարձրակետերից է համարվում Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը, որը եզակիներից է Հայաստանում և աշխարհում՝ որպես հայկական բարձր հեղինակային խոհանոց ներկայացնող հարթակ։
Դավիթ Երեմյանի խոսքերով՝ ընկերությունների խումբը նախևառաջ մարդկանց մասին է՝ սպառողների, գործընկերների և թիմի անդամների։ Թիմային արժեքներն ու միասնական աշխատանքը առանցքային դեր ունեն՝ 20 տարի շարունակ որակն ու առաջատար դիրքը պահպանելու գործում։ Եվ ահա՝այսօր ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 6 մարզերում և Երևանում։
Ընկերությունը գրանցել է նաև 2 Գինեսի ռեկորդ՝ աշխարհի ամենամեծ գաթան և մեկ ժամում ամենաշատ բաժակներով կաթի օգտագործումը՝ նվիրելով Հայաստանին։ Ստացել է Հայաստանում եզակի 3 սերտիֆիկացում՝ FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ, մանկական և Ա կարգի կաթի վկայականներ։ Որպես գյուտ գրանցվել են չիչխանի ուտելի և ըմպելի յոգուրտները, իսկ ընկերության յուրաքանչյուր ռեստորանային կոնցեպտ դարձել է բրենդ՝ ներկայացնելով Հայաստանը։
Այսպիսի ընկերությունն ուղղակի պարտավոր է լինել սոցիալապես պատասխանատու բիզնես, երբ այն նպատակ է դրել նպաստել առողջ հասարակության ձևավորմանը՝ հանրային միջոցառումների և հատուկ ծրագրերի միջոցով, ինչպիսիք են Կաթի համաշխարհային օրվա նշումը, «Կաթ դպրոցներին» ծրագիրը, «Այց Երեմյան գործարան» նախագիծը դպրոցահասակների համար, հյուրընկալության ոլորտում «Լավաշի դիմանկարներ» ցուցահանդեսը՝ նվիրված Հացի միջազգային օրվան, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման տարածաշրջանային հարթակ դարձած «Երեմյան Ֆարմ Ֆեսթ»-ը։ Երևի իդեալական պատկերացումներում հենց այսպիսին պետք է լինի այն բիզնեսը, որը մեր օրվա ամենաանկեղծ պահին՝ նախաճաշին, ապահովում է ամենաանմեղ սնունդը՝ կաթը։






