ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) գրասենյակից հայտնել են, որ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք՝ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Չմասնակցելու պատճառն էլ, բռնվե՛ք, «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելն է»: Այս լուրը կարդալով՝ սկզբում փորձեցի հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: ՌԴ ԱԽ կայքից պարզվեց, որ նման միջոցառումներ (ֆորումներ) ՌԴ Անվտանգության խորհուրդը կազմակերպում է 2010 թվականից:
Ըստ կայքի, այն «կարևոր միջազգային հարթակ է գլոբալ անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերի և գործընկեր երկրների միջև միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, միջազգային հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար»: Այս տարի ֆորումին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Գլոբալ Հարավի և Արևելքի ավելի քան 150 երկրներին, հատուկ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՇՀԿ երկրներին, ինչպես նաև ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը:
Այն, որ Գրիգորյան Արմենը պետք է հրաժարվեր Մոսկվայի կողմից կազմակերպված ֆորումին մասնակցելուց, հարցեր չի առաջացնում. հոգով արևմտամետ «պետական գործիչն» ի՞նչ գործ ունի Մոսկվայում: Բայց հարց է առաջացնում հրաժարման «հիմնավորումը»: Դա փակագծերում, քանի որ ավելի մանկամիտ հիմնավորում դժվար թե գտնվեր: Փաստորեն, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներն առանց Գրիգորյանի հնարավոր չէր անցկացնել: Իսկ ՌԴ ԱԽ-ն էլ այնքան արհամարհած ուներ այդ հանգամանքը, որ հենց այդ օրն էր (նաև մի օր առաջ և մի օր հետո) կազմակերպել իր ամենամյա ֆորումը: Ինչևէ, պետք է ենթադրել, որ ՌԴ ԱԽ-ում այնքան ադեկվատ են, որպեսզի գիտակցեն ՀՀ ԱԽ քարտուղարի դեմարշը՝ անկախ այն բանից, թե որքանով ադեկվատ էր ֆորումին մասնակցելուց հրաժարվելու հիմնավորումը:
Ի դեպ, անցնենք Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: Նախկինների օրոք տարին մեկ ֆեյսբուքյան գրառումներ եմ արել դպրոցական վերջին զանգն մայիսի 28-ին կազմակերպելու առաջարկում: Եթե չեմ սխալվում, նաև պաշտոնական առաջարկ եմ հղել: Բայց դա մնաց ձայն բարբառո հանապատի: 2018-ին միամիտ-միամիտ այդ գաղափարը փորձեցի իմ այդ պահի ընկերների միջոցով հասցնել կառավարությանը: Նույնը փորձեցի անել նաև հաջորդ տարի ու հետո դադարեցրի: Քանի որ հստակ էր, որ «ոչ բռնի, խաղաղ, թավշյա հեղափոխության» կազմակերպիչները բացարձակ անտարբեր են Հանրապետության տոնի նկատմամբ: Նույնիսկ ավելին, եթե նախկինների օրոք վերջին զանգն անցկացվում էր մայիսի 27-ին, ապա նորերն աստիճանաբար այդ միջոցառման կազմակերպման օրը հեռացրին մայիսի 28-ից: Կարծում եմ, որ դա կատարվել է գիտացված: Իսկ 2022-ից հետո, երբ հայտարարվեց Արցախի «իրական պատկանելիության» մասին, նման հարց բարձրացնելն ընդհանրապես անիմաստ էր, քանի որ առկա էր պատերազմում հաղթած թուրքերին վիրավորելու խնդիրը:
Կարծում եմ, որ ռուսական ԱԽ-ում շատ լավ գիտակցում են, որ Գրիգորյան Արմենի գրասենյակի հաղորդագրությունն ընդամենը գլուխն ազատելու նպատակ ունի: Ու այդ դպքում նույնիսկ նշանակություն չունի այն հանգամանքը, որ երկու շաբաթ առաջ Գրիգորյանին այդ պաշտոնի նշանակող անձն էր ստիպված ուղևորվել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը՝ որքան էլ ինքը չցանկանար: Բայց քանի որ գործող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը նմանվում է ճոճանակի տատանումների, ապա բնական պետք է ընկալվի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այցից հետո ԱԽ քարտուղարի պաշտոնին նշանակված անձի հրաժարումը Մոսկվա մեկնելուց: Հատկապես որ իր վերադասը Մոսկվայից վերադառնալուց հետո էլ այցելել էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա՝ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը: Այսինքն՝ ՌԴ-ին թշնամի եվրոպական երկրների, ֆրանսիական նախաձեռնությամբ, ղեկավարների՝ տարին երկու անգամ ջուր ծեծելու գործընթացին: