Հա, էն էի ասում, որ Դավոսում Դոնալդ Թրամփն ու մեր վարչապետը կարգին շփվել են: Ես այդ եզրակացությանը եկա ՔՊ-ական մամուլի ինչպես նաև ֆեյք կանալների տարածած լուսանկարներից և տեսանյութերից: Ասում էին մթնոլորտն այնքան ջերմ է եղել, «հրաշալի տղան» իրեն այնքան լավ է պահել, որ նախագահ Թրամփը նույնիսկ անբռնազբոսիկ ժեստեր է թույլ տվել նրա հասցեին՝ էլ շրթունքներով օդային համբույր ցուցադրել, էլ աչքով անել, էլ ձեռքը մի քանի անգամ ոտքին դնել ու էլի լիքը բաներ, որ դուրս են մնացել տեսախցիկներից: Ասում են՝ քիչ է մնացել գրկի, բայց իրեն զսպել է՝ նկատելով Ալիևի՝ իրեն ուղղված թթված հայացքը: Ինչևէ, այսքան բան իր սեփական աչքով տեսած Ալիևը մտքերի մեջ էր ընկել, իսկ դա արդեն մեծ հաղթանակ էր ՔՊ-ական մամուլի և ֆեյք կանալների համար:
Երջանկությունը, սակայն, ինչպես ասում են, միայնակ չի գալիս: Միշտ մի հիմար բան է հայտնվում ու խանգարում մեր իշխանություններին՝ լիարժեք երջանիկ լինել: ԱՄՆ-Հայաստան «դավոսյան սիրավեպի» կադրերը դեռ ամբողջությամբ չէին մոնտաժվել, երբ հայտնի դարձավ, որ «Զանգեսուրի կորիդորի» շինարարոական և անհրաժեշտ կոմունիկացիաների կահավորման աշխատանքների ֆինանսավորման 74 տոկոսն իրենց վրա են վերցրել ադրբեջանական ընկերությունները, ինչին ամերիկյան կողմն իսկույն համաձայնել է: Սա գիտե՞ք ինչ է նշանակում… Սա նշանակում է, որ «եռակողմ» պայմանավորվածության կողմերից մեկին, այս դեպքում՝ Հայաստանին, մյուս երկուսը, մեղմ ասած, «ֆուկ» են արել և որոշել, որ «հաշիվը» պետք է փակի Ադրբեջանը: Այսինքն, ԱՄՆ քավորությամբ մեր տարածքում կառուցվում է «միջանցք», որի փողը Ադրբեջանն է տալիս:
Հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց այդ դեպքում «փոխադարձությունը», ինչի մասին մինչև Դավոս գնալը խոսում էին մեր վարչապետը, ԱԺ-ն, ՔՊ-ական մամուլն ու ֆեյք կանալները: Չմոռանանք նաև, որ այս գործարքից Հայաստանին մինչ այդ 26 տոկոսի բաժնեմաս էին նետել որպես փշրանք, իսկ Թրամփն էլ հայտարարել էր, որ «Թրամփի կորիդորի» եկամտի 50 տոկոսն իրենն է: Հիմա ես ինչպե՞ս հասկանամ այս թվաբանությունը և սրա փոխադարձությունը: Սովորաբար ամեն ինչ իր ամբողջության մեջ ընդամենը 100 տոկոս է, ճի՞շտ է: Եթե 74 տոկոսը տալիս են Ադրբեջանին, եկամտի 50 տոկոսն էլ ԱՄՆ-ն է տանում, տակը ի՞նչ է մնում, որ Հայաստանին էլ մի բան տան: Այո, ոչ մի բանս էլ չի մնում և, հետևաբար, այն, ինչ տեսանք Դավոսում, ընդամենը շոու էր՝ բեմադրված «հրաշալի տղային» ևս մեկ անգամ խաբելու և Հայաստանից նոր տարածք կորզելու համար:
Հայկական հարսանիքներում ամենահաճախ կատարվող պարերից մեկը «Տարան, տարան, տարան»-ն է: Տարան, հայեր ջան, Մեղրին տարան, մեր հարավային սահմանը տարան, Հայաստանի աշխարհագրական դիրքը տարան, որ տարիներ շարունակ եղել է մեր կարևորագույն հաղթաթուղթը արտաքին քաղաքականության մեջ: Թե բա ձեզ 26 տոկոս կտանք այս գործարքից: Լո՞ւրջ: Իսկ մեզ գոնե թույլ կտա՞ք ներկա գտնվել փողերը բաժանելիս, թե՞ դա էլ պետք է անեք կամայականության սկզբունքով: