Քաղաքականություն

Ինչու է Երեւանում «իշխանություն պահելը» կարեւոր Նիկոլ Փաշինյանի համար

Ինչու է Երեւանում «իշխանություն պահելը» կարեւոր Նիկոլ Փաշինյանի համար

Երեկ Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության՝ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Համաձայն ՔՊ տարածած հայտարարության՝ նիստի ընթացքում, ի շարս այլ հարցերի, քննարկվել են նաեւ Երեւանում այս սեպտեմբերին սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ «Հրապարակն» երեկ անդրադարձել էր Երեւանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեմային՝ նշելով, որ իշխող քաղաքական մեծամասնությունը նախատեսում է Երեւանում ունենալ 60 ընտրական շտաբ, ինչը Երեւանի ընտրությունների պատմության մեջ աննախադեպ է, քանի որ մեկ կուսակցության կտրվածքով նման շտաբների թիվն ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի պարագայում երբեք չի գերազանցել 30-ը։

«Հրապարակն» այս հանգամանքը բացատրում է նրանով, որ իշխանության ներկայացուցիչների մոտ սեւեռված է այն միտքը, թե «ինչքան շատ շտաբ՝ այնքան մեծ վստահություն, եւ շտաբների քանակը հզորության, ազդեցիկության ու ապագա հաղթանակի խորհրդանիշ է»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում իշխող մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժի ներսում հաճախ քաղաքական պատկերացումները չեն տարբերվում, պայմանական ասած՝ «տնաբույս կենցաղային քաղաքագետների» պատկերացումներից, եւ շատ հարցեր հենց այս «կենցաղային քաղաքագիտության» տրամաբանությամբ են լուծվում, եւ որոշումները կայացվում են այս մոտեցումը ելակետ ունենալով, իհարկե, «Հրապարակի» թեզը վիճարկել չենք կարող։

Սակայն մեզ հետաքրքրում են ոչ այնքան «Քաղպայմանագրում» առկա «քաղաքագիտական մտայնությունները», որքան այն, որ 60 նախընտրական շտաբ ունենալը վկայում է մի բանի մասին․ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ իշխող թիմը, անկախ այն հանգամանքից, թե ներկուսակցական կամ ներէլիտային ինչ «բազարներ» ու «արիշ-վերիշներ» ունի, պատկերավոր ասած՝ «կենաց-մահու կռիվ» է տալու Երեւանում իշխանությունը պահելու համար։

Հայտնի թուրքական խոսք կա․ «Ով իշխում է Ստամբուլին, իշխում է ողջ Թուրքիային»։ Իհարկե, Երեւանը Ստամբուլ չէ, սակայն որպես Հայաստանի մայրաքաղաք, որպես Հայաստանի՝ բոլոր առումներով ամենից կարեւոր բնակավայր, իշխանության համար ունի բացառիկ կարեւորություն։ Բացի այդ, ինչպեսեւ արդեն առիթ ունեցել ենք «Հրապարակի» էջերում գրելու, հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համատեքստում ստորագրվելիք փաստաթղթերը, հնարավոր է, որ Հայաստանում անհրաժեշտություն առաջանա արտահերթ համապետական ընտրությունների անցկացման։ Ու երեւանյան ընտրություններն այս իմաստով, այսպես ասած, «ռազմինկա» կարող են լինել ՔՊ-ի համար, որով նաեւ հնարավոր կլինի պատկերացնել, թե էլեկտորատի որ տոկոսի վրա ռեալ կարող է Փաշինյանը հույս դնել, իսկ որ տոկոսը պետք է լրացնի տարատեսակ անմաքուր «գործիքակազմի» կիրառումով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image