Քաղաքականություն

Թշնամական երազանքի իրականացմանը նպաստողը

Թշնամական երազանքի իրականացմանը նպաստողը

«Իրական Հայաստանն» այն Հայաստանն է, որ մեզ թույլ կտա ունենալ թշնամին, սակայն մեկ այլ՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանումով: Ինչը նշանակում է, որ այդ Հայաստանը երկար կյանք ունենալ չի կարող: Որովհետև Արևմտյան Ադրբեջանում կարող են ապրել միայն ադրբեջանցի անվանվող մարդիկ՝ ինչ նախնական ազգության էլ նրանք լինեն: Ճիշտ այնպես, ինչպես այդ երևույթն առկա է այժմյան Ադրբեջանում: Սա ի գիտություն բոլոր նրանց, ում թվում է, թե հայերս կարող ենք անվտանգ և բարեկեցիկ ապրել մեր հայրենիքի այս փոքր հատվածում՝ անընդհատ կատարելով Բաքվից հնչող պահանջները: Ասենք, հենց երկրի գործող իշխանության խնդրանքով սահմանը ժամանակ առ ժամանակ հեռադիտակով «հսկող» արևմտյան երկրների դիտորդներին հեռացնելը, Մինսկի խումբը լուծարելը, ՀՀ Սահմանադրությունը փոխելը և այլն: Ու քանի դեռ չենք հասել անդառնալիության կետին, այն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանումով «իրական Հայաստանի» վերջին կանգառին, մեզ մնում է անընդհատ բացահայտել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի հակազգային գործունեությունը: Որքան էլ, ի դեպ, դա տհաճ լինի թե՛ այդ նյութերը գրողների և թե՛ դրանք ընթերցողների համար: 

Ինչևէ, անցնենք բուն նյութին: «Պատմականից և ոչ իրականից» իբրև թե իրական Հայաստանին անցումը կատարվում է խոսքային անհեթեթությունների զեղումներով (ինչպես «Հրապարակ»-ն է արձանագրել), օրինակ՝ «Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի», ինչպես նաև նույն բնույթի ու որակի գործողություններով: Ինչ վերաբերում է վերը նշված «դատողությանը», ասեմ, որ նման արտահայտություն կարող էր իրեն թույլ տալ ոչ թե շուրջ յոթ տարի պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ նույն մարդը երեսուն տարի առաջ՝ երբ ընդամենը 20-ամյա երիտասարդ էր, և ինքն էլ դեռևս ԵՊՀ-ի բանասիրականի ուսանող էր: Բայց քանի որ վերջինիս մտածողությունը երեսուն տարի անց էլ մնացել է ուսանողական մակարդակին, ապա այդ բնույթի անհեթեթ արտահայտություններին վերջ չի լինի այնքան ժամանակ, որքան ինքը կմնա վարչապետի պաշտոնին:

Նորություն չէ, որ ամեն աստծո օր թշնամի երկրից մեզ մեղադրում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ, այդ պետության ղեկավարը մեզ սպառնում է նոր պատերազմով, սակայն վարչապետի աթոռից կառչած անձը մեր երկրի անվտանգության հարցերով զբաղվելու փոխարեն կնոջ հետ շարունակում է «Կրթությունը նորաձև է» անունը կրող անիմաստ շոուն բեմադրելը: Այս անգամ ընտրվել է հայության հպարտության դեռևս կանգուն հենասյուններից մեկը՝ Մատենադարանը: Որտեղ և բարձրաձայնվել է վերը նշված հերթական անհեթեթությունը: Վերջինիս քաղաքացիական կնոջ կողմից ղեկավարվող կուսակցական հիմնադրամն էլ կշարունակի իր գործունեությունը (նորաձև կրթության, կայացած գործարարներից ռեկետով գումար հավաքելու ու այն սկսնակներին հատկացնելու տեսքով), քանի դեռ նրա ամուսինը կառչած կմնա վարչապետի պաշտոնից:
Եվ քանի որ վերջիններս զբաղվում են անհեթեթ շոուներ կազմակերպելով, նրանց հպատակ իրավապահ համակարգն էլ աչքաթող է անում արցախյան իրենց բնակավայրերից վտարված մեր հայրենակիցների հասցեին սոցցանցերով տարածվող ատելության խոսքը: Չնայած նույն այդ իրավապահները կառչում են ընդդիմադիրների տեքստերի այս կամ այն արտահայտությունից ու մարդկանց զրկում ազատությունից: Կամ էլ նրանց կյանքի ինչ-որ ժամանակաշրջանը վերածում «մկան ու կատվի» տհաճ խաղի: Առանց գիտակցելու, որ այդ վերաբերմունքով գեներացնում են այնպիսի իրավիճակ, որ կարող է ավարտվել «բոլորը բոլորի դեմ» պատերազմով: Ինչի շնորհիվ էլ կարող են ստեղծվել բարենպաստ պայմաններ թշնամական երազանքի, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» իրականացման առումով:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image