ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելությունը Հայաստան նախստեսված է այսօր և վաղը, իսկ հետո 2 օրով կմեկնի Ադրբեջան: Ի տարբերություն այլ ընդդիմադիրների՝ ես որևէ ակնկալիք չունեմ փոխնախագահի այցից՝ և ոչ մի հարցում: Եթե ԱՄՆ վարչակազմի օրակարգում առկա լինեին հայաստանյան քաղաքական բանտարկյալների և ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների հարցերը, ապա դրանք վացուց լուծված կլինեին: էլ չեմ խոսում իրենց նախկին բնակության վայրերն արցախահայության վերադարձի մասին: Այնինչ, Թրամփի վարչակազմը Ալիևի հետ բանակցություններ է վարում ռազմավարական համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Ու նրա համար բացարձակ անիմաստ է մեր սիրուն աչքերի համար Իլհամի հետ խնդիրներ ստեղծելը: Հատկապես որ Իլհամն էլ վաղուց իրեն դիրքավորել է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի համարյա թե թշնամի: Դրան գումարենք այն, որ Թրամփը սիրում է ուժեղ ու հաղթող կողմին, իսկ Իլհամն հենց հաղթանակած նախագահ է: Ուրիշ հարց, եթե Նիկոլը չլիներ «չշշկռվելիք գերագույն» հրամանատարը, ինչպես 44-օրյայի խայտառակ պարտությունից առաջ նրան բնութագրել էր Միրզոյան Արոն, բայց դա լրիվ այլ հարց է:
Ինչևէ, իսկ եթե նույնիսկ ենթադրենք, որ փոխնախագահի այցի շրջանակում առաջին երկու հարցերից որևէ մեկը կարող է լուծվել, ինչը կարելի է հրաշք համարել, ապա դա նշանակում է առաջիկա խորհրդարանական ընտրության առնչությամբ Հայաստանի գործող իշխանության վերընտրության հզոր քարոզչական ակցիա: Ու կստացվի, որ մեր ազգաբնակչության համար կարևորագույն այդ հարցերից մեկի լուծումը հանգեցնելու է Հայաստանի գոյության սպառնալիքի առաջացմանը: Որովհետև միայն այդպես է հնարավոր պատկերացնել ամերիկյան օժանդակությամբ Հայաստանի գործող իշխանության վերարտադրությունը՝ ցանկանանք մենք դա, թե ոչ: Որքան էլ ես անձամբ կողմ լինեմ Դոնալ Թրամփի նախագահությանը թեկուզ զուտ այն առումով, որ իր նախագահությամբ փակվեց գլոբալիստական անբնական օրակարգը՝ երբ, կախված օրվա ժամերից, շաբաթվա օրերից կամ տարվա եղանակներից, մարդը կարող էր լինել տղամարդ կա՛մ կին և կա՛մ նույնիսկ անլեզու կեդանի:
Առաջին երկու պարբերություններն արդեն գրվել էին, երբ «hraparak.am»-ում կարդացի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը: Սկզբում զարմացա, որ մտածում եմ ամերիկացի վերլուծաբան, Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, «Պատուհան դեպի Եվրասիա» վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի մակարդակով: Չնայած Սյունքի տարածքն արցախյանի հետ փոխանակելու՝ դարասկզբի նրա գաղափարն անընդունելի էր նաև ինձ համար: Ինչևէ, ընկել ենք աննորմալ այն վիճակը, որ տասնամյակներով իրեն որպես ժողովրդավարության պահապան ներկայացնող՝ աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարն աջակցում է Հայաստանում բռնատիրական կարգեր հաստատելու ճանապարհին հաջողություններ գրանցած Նիկոլին: Մնացած աշխարհի համար, ովքեր երբևէ հետարքրվել են մեր ճակատագրով, ողջ զավեշտը, իսկ մեզ համաևր՝ ողջ ողբերգականությունը, կայանում է նրանում, որ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի սեփական շահերի հետ: Ու դրանից դուրս գալու որևէ ելք չի երևում՝ որքան էլ մենք փորձենք ինքներս մեզ խաբել, թե դա այդպես չէ: Իսկ վերը նշված անձի անձնական ու մեր ժողովրդի՝ էլ չասած մի բուռ մնացած հայրենիք-պետության, շահերն արմատապես հակադիր են միմյանց: Այն, ինչ օգուտ է Նիկոլին, սպառնալիք է Հայաստանի համար՝ ցանկանանք դա, թե ոչ: