«Ես ուզում եմ հստակեցում մտցնել, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած խմբի ձեւաչափըի սկզբանե այսպես է եղել՝ կալանքի տակ գտնվող անձանց օգնություն, բայց հաշվի առնելով տեղի ունեցածը, շեշտը դրվում է ոչ թե պարտադիր «Սրբազան պայքարի» մասնակիցներին պաշտպանելու վրա, այլ կապ չունի, քանի որ իրավապաշտպան գործունեություն է, նաեւ այսօրվա ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությամբ ենք զբաղվում, եթե մեզ դիմում են։ Ասեմ, որ առավոտից բազմաթիվ մարդիկ են դիմել, առավոտից զանգեր են գնում, փաստաբանները գնում եմ»։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, որը Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհրդի համակարգողներից է։
Նա նշեց, որ ձերբակալվածներից մարդիկ կան, որոնք ազատ են արձակվել, ոմանք էլ ձերբակալված են դատարան ներկայացնելու ռեժիմով։
-Մեղադրանքներ առաջադրվե՞լ են։
-Հա, բայց այս պահին ձեռքիս տակ թուղթը չկա։
-Ի՞նչ մեղադրանքներ են։
-Դեռ չենք համակարգել եղած ինֆորմացիան, պաշտպաններն ինֆորմացիա են տալիս, որ այստեղ ենք, ձերբակալված են, դատարան ներկայացնելու ռեժիմով է։ Ոնց հասկացա՝ հաղորդագրություն էին տարածել, որ ահաբեկչություն է։ Մնաց Աստվածաշունչը հայտնաբերեն, ասեն՝ սա է գործիքը։
-Որպես փաստաբան ինչպե՞ս եք գնահատում այսօր տեղի ունեցածը, իրավունք ունեի՞ն խուզարկելու պատգամավորի տունը, դա դատարանի թույլտվությա՞մբ պետք է լինի, թե՞ ԱԺ-ի։ Ի՞նչ ապօրինություններ եք նկատել։
-Ես վստահ եմ՝ մասնակցող փաստաբաններն այս «ապացույցների» ձեռք բերման հետ կապված վիճարկման գործընթաց կսկսեն, եթե ներպետականում չէ, ապա գոնե Եվրոպական դատարանում միանշանակ կհասնեն հաղթանակի։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, ես այժմ խոսում եմ ոչ թե որպես Սամվել Կարապետյանի թիմի համակարգող, ապա որպես փաստաբան։ Վերջին 7 տարիների ընթացքում այնքան ձայնագրություններ են հրապարակվել եւ այդ ձայնագրությունների բովանդակությունը բերել է այն վստահությանը, որ ես դրանց չեմ կարող վստահել։ Թե ինչ կարգով են սարքված այդ ձայնագրությունները, ում կողմից, ինչ հանգամանքներում, ինչի հիման վրա․․․․ Ձայնագրությունները, որպես անձ, լուրջ չեմ ընդունում ու որպես փաստաբան վստահ եմ՝ դրանք միանշանակ օրինական կարգով ձեռք բերված չեն։
Նշենք, որ հունիսի 25-ի վաղ առավոտից իշխանության կամակատար իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում, տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել, Արցախի ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։ Իշխանությունն իր հրապարակած «հեղաշրջման պլան»-ի շրջանակներում թերեւս փորձ է անում երկրում վախի մթնոլորտ ձեւավորել, կոտրել դիմադրության բոլոր օջախները։