Գլխավոր դատախազությունը հրապարակել է ազդարարման համակարգի, ինչպես ժողովուրդն է ասում` «գործ տվողների» միջոցով նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի` Azdararir.am-ի միջոցով 2025-ին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 վարույթ: 2019-2025 թթ՝ azdararir.am-ի միջոցով ստացվել է 1610 ազդարարում, որոնցից 1324-ը՝ անանուն:
Ազդարարման դեպքերից 73-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, դրանցից 7-ն ուղարկվել է դատարան, 2-ով կա դատական ակտ: Այսինքն, բողոքների ընդամենը 4,5 տոկոսն է վարույթի նյութ դարձել: Անանուն բողոքների թիվը տարեցտարի ավելացել է: Դրանք խրախուսվում են, դառնում մեր կյանքի մասը, ինչպես 1937 թվին: 2021-ին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացված 75 ազդարարումներից 70-ը եղել է անանուն, 2022-ին 116 ազդարարումներից` 74-ը, 2023-ին 116-ից` 99-ը, եւ ամենաթարմ տվյալը՝ 2025-ին 600 ազդարարումից 508-ն անանուն է:
Փաստորեն, «անոնիմկայի» մշակույթը Հայաստանում ծաղկում է, ու հատկանշական է, որ դրանց բացարձակ մեծամասնությունը, ըստ դատախազության, կոռուպցիոն բնույթի է: Չենք զարմանա` որ նախկիններին վերաբերող: Մեխանիզմը հետեւյալն է․ «անոնիմկայով» հարուցում են վարույթ, քննում, հետո կարճում, բայց մինչեւ կարճելը, երեւի տանում, Փաշինյանին ցույց են տալիս, թե` տես, ինչքան խախտում ենք գտել, օրինակ, մի 18 քմ-անոց հողամաս կամ մի հատ «բուդկա»: Նա էլ, ուրախ-ուրախ, իր ՖԲ էջում գրում է, թե հատիկ-հատիկ հետ եմ բերում: Չկա մեկը, որ ասի՝ մի հատ բերեք, տեսնենք` ինչ եք արել, ինչ կինո է սա: Դե, խեղճ ու հպարտ քաղաքացի, արի ու հասկացիր՝ արդյոք նորմալ ազդարարողնե՞ր են եղել «գործ տվողները», թե՞ հենց քննիչ- դատախազներն են գրել անցանկալիների դեմ ու ներկայացրել որպես «անանուն հաղորդում»:
Փաստաբան Հովիկ Արսենյանը, որը երկար տարիներ քննիչ է աշխատել, կարծում է, որ ազդարարման համակարգը պետք է հստակ վերահսկողության ենթարկվի, ինչը հիմա չկա: Հիշեցնում է, որ անցյալ դարի առաջին կեսերին անանուն նամակների միջոցով գործեր հարուցելն ընդունված է եղել, բայց հետագայում՝ նույն խորհրդային տարիներին, հրաժարվել են այդ համակարգից։ «Ընդունվեց որոշում, որ անանուն նամակները պետք է թողնել անհետեւանք: Սա իրականում դեմոկրատական քայլ էր, հասարակությունը գնում էր ժողովրդավարացման, քանի որ եթե ազդարարումն անոնիմ չէ, ապա սկզբունքն ավելի հասկանալի է, հումանիստական է: Առհասարակ, հասարակությանը դժբախտություն է բերում, եթե մեկը նստում գրում է, դրա հիման վրա որոշում է կայացնում, մարդ է դատում: Հիմա նորից սա վերականգնում են»,- ասում է փաստաբանը:
Դատախազությունը կարող է ինքը գրել տա ծանոթներին «անոնիմկան», ինքն էլ հարուցի, մենք ինչպե՞ս պետք է սա ստուգենք: «Չի բացառվում: Այսկերպ տուրք է տրվում անվստահությանը, կասկածների տեղիք է տալիս շրջապատին, ընկերությանը: Հարեւանը հարեւանի դեմ է դուրս գալիս, բարեկամը` բարեկամի: Կարճ ասած՝ սա բարոյական չէ եւ անգամ մեկնաբանության ենթակա չէ: Հիշո՞ւմ եք, երթեւեկության հետ կապված, որ ասում էին` նկարահանեք, ուղարկեք, որ խախտում թույլ տված վարորդին տուգանենք...»,- արձագանքեց Հովիկ Արսենյանը: