Երբ ասում եմ ԲԴԽ, միշտ պատկերացնում եմ մի մարդու, որի վզին ինչ-որ բան են դրել, ու նա պետք է տանի: Ականջդ կանչի, Գագիկ Ջհանգիրյան… ԲԴԽ նախագահին տվածդ այս գունեղ բնորոշումը դարձավ չափանիշ հետնորդներիդ համար: Ասում եմ՝ հետնորդներիդ, որովհետեւ մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կհասցնի Կարեն Անդրեասյանից հետո եւս մեկին նշանակել այդ պաշտոնում: Իսկ այսօր Ջհանգիրյանի ասած այդ բանը Կարեն Անդրեասյանի վզին է դրված: Նրան ասել էին՝ դադարեցրու Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, դրել էին վզին, եւ նա դա արեց: Գաղտնալսված ձայնագրությունը, թե ով եւ ինչ հանգամանքներում է այդ «պարտականությունը» դնում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վզին, առայժմ չկա, բայց կարող եմ ենթադրել, որ դա կարող էր տեղի ունենալ նույնիսկ ամենանորմալ աշխատանքային իրավիճակներում:
Օրինակ, Կարեն Անդրեասյանը կարող էր, սրբիչով փաթաթված, իր աշխատասենյակի լոգարանից դուրս գալ, ու մեկ էլ աչքն ընկներ գրասեղանի հետեւում կախված մեծադիր լուսանկարին: Ու էդ պահին լուսանկարը նրան հարցներ.
- Կարե՞ն, էս ի՞նչ կայֆերի մեջ ես…
- Ի՞նչ կայֆեր, շեֆ ջան, շոգ էր, ասի՝ մի քիչ հովանամ:
- Հովացա՞ր…
- Հա՜ա՜ա՜, լազաթ տվեց:
- Հո աղջիկ-մաղջիկ չկա՞ բաղնիքում:
- Վայ, էդ ի՞նչ ես ասում, շեֆ, բա ես ինձ թույլ կտա՞մ Ձեր ներկայությամբ:
- Դե նստիր, թուղթ ու գրիչ վերցրու, բան եմ ասում՝ գրիր:
- Շեֆ ջան, կներես, ես կարծում էի՝ մենակ եմ այստեղ, մի հատ շոր գցեմ հագս ու գամ, լա՞վ:
- Ժամանակ չկա, նստիր: Գրի. «Հույժ գաղտնի հանդիպել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ստանալ համապատասխան միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին եւ կազմակերպել գործընթացը»:
Գրում, վերջացնում է.
- Շեֆ ջան, բայց դրա համար լուրջ հիմքեր են պետք:
- Արա, բայց դու ինչ անհասկացող ԲԴԽ նախագահ ես… Ջհանգիրյանն ափսոս չէ՞ր… Հիմքեր գտնելը քո պրոբլեմն ա, ոչ թե իմ… Դե դավայ, արագացրու: Պատմուճանդ էլ գցիր վրադ՝ բաղնիքից նոր ես դուրս եկել, չմրսես:
Գրիգոր Մինասյանի հետ աշխատելը Կարեն Անդրեասյանի համար մի առանձին հաճույք է: Մինասյանը լավ է տիրապետում իշխանական մախինացիաներին, եւ նրա համար մի այսպիսի գործ գլուխ բերելը մեկ-երկու հաշվի գործ է: Ու դա էր պատճառը, որ Կարեն Անդրեասյանը շեֆի կտրուկ տոնից պանիկայի մեջ չընկավ: Մի քիչ էլ նայեց մեծադիր նկարին, գոտեպնդվեց ու սկսեց հագնվել:
Շեֆի հետ այս տետատետ զրույցից մի քանի օր անց Կարեն Անդրեասյանն արդեն կարդում էր դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը՝ հիմնված Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդության վրա: Ըստ Կարեն Անդրեասյանի կամ, ավելի ճիշտ, ըստ ԲԴԽ-ի՝ Աննա Դանիբեկյանը միտումնավոր ձգձգել է մի կարեւոր գործի քննություն (Սիլվա Համբարձումյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի), ինչի հետեւանքով լրացել է կասկածի առարկայի վաղեմության ժամկետը, ու ամբաստանյալներն ազատվել են պատասխանատվությունից: Գործն էլ, ինչպես տեսնում եք, անչափ կարեւոր էր, ավելի կարեւոր, քան Արցախի հանձնումը, քան Կիրանցի կիսումը, քան Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, քան Սեւ լիճը, քան 44-օրյա պատերազմի մեր 5 հազար մարդկային կորուստները, քան Հայաստանի այսօրվա թշվառ վիճակը: «Դատավոր Դանիբեկյանը, հասկանում ես, մեծապես հեղինակազրկել է ՀՀ դատական իշխանությունը»,- վճռել է Կարեն Անդրեասյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին տեքստի ընթերցման ժամանակ, ասում են, Կարեն Անդրեասյանն աչքի տակով հետեւում էր ԲԴԽ մյուս անդամներին՝ քթների տակ չէի՞ն ծիծաղում, արդյոք, զարմանքի արտահայտություն չկա՞ր դեմքներին: Ամեն ինչ նորմալ էր: ԲԴԽ բոլոր անդամներն էլ գիտեին, որ իրենց նախագահի «վզին դրած ա», ու նա տանում է այդ «խաչը»:
Երեկոյան Կարեն Անդրեասյանը մենակ էր կաբինետում: Նա ձգում էր ժամանակը, որ շենքում բոլոր ձայները լռեն, ու կարողանա առանց կողմնակի ականջների հաշվետվություն ներկայացնել շեֆին: Տրամադրությունը բարձր էր: Պատմուճանն էլ չէր հանել, որ այդպես ներկայանա … Վերջնականապես մթնեց:
- Շե՞ֆ… Շեֆ, այստե՞ղ եք,- շշուկով հարցրեց:
- Հա:
- Ո՞նց էր, շեֆ, տեսա՞ր ինչ արեցի:
- Տեսա: Լավ էր: Բայց մեր խոսակցության մասին այստեղ-այնտեղ բերանդ չբացես: Ես քեզ բան չեմ ասել, եղա՞վ:
- Գրիգոր Մինասյանի՞ն էլ չասեմ:
- Մազալու տղա ես, Կարեն, քեզ թվում է՝ իմ «ասող» նկարը միայն քո կաբինետո՞ւմ է կախված: Ում պետք է, ես արդեն ասել եմ…