Օրերս «Դոգմա» կենդանապաշտպան կազմակերպության անդամները մեկնել են Սիսիան, այնտեղ գտել են երեք հղի շների, որոնք, իբր՝ ստերջացված են եղել Սիսիանի համայնքապետարանի ծրագրով: «Այդ շների ականջներին բիրկա է, այսինքն, նրանք պետք է ստերջացված լինեին, բայց հղի են: Սա հետեւանք է համայնքապետարանի եւ ստերջացնող կազմակերպության հնարավոր կոռումպացված լինելու: Էլ որտե՞ղ եք փողերի լվացում փնտրում, ահա, պարզ օրինակ», - ասում է կազմակերպության անդամ Գոհար Տեր Անտոնյանը: Եւ որպեսզի ոչ ոք չկասկածի, նա հղի շներին իր մեքենայով բերել է Երևան, հանձնել անասնաբուժական կլինիկաներից մեկին: Շները Երևանում ստերջացվել են, վիրահատությունն էլ որպես ապացույց, նկարահանվել է եւ ուղարկվել կից հաղորդմամբ իրավապահներին: Սիսիանի շներին ստերջացնող «Վիկա Հակոբյան» ԱՁ ներկայացուցիչ, անասնաբույժ Էդվարդ Նազարյանը վստահեցնում է, որ իրեն զրպարտում են, եւ համակալված շների մասին, որոնք հղիանում են, ինքը նախկինում էլ լսել է: «Ես որ գնացել եմ Սիսիան, ինձ հանդիպել են մի 15-20 համարակալած շներ, այնտեղ կային մարդիկ, որոնք ասեցին, որ համարակալած շներ կային, որոնք ծնել են: Ես այդ շներին ձեռք չեմ տվել: Իմ բիրկաները այլ տեսք ունեն», - ասում է նա:
Ըստ Էդվարդ Նազարյանի, իր աշխատանքը փաստաթղթավորված է, եւ նա չունի վախենալու ոչինչ: «Եղել են կենդանասերներ, որոնք իրեն մոտեցել են ու խնդրել են կլիպս դնել իրենց կենդանուն, բայց չստերջացնել, քանի որ իրենք տանն են պահելու այդ կենդանուն ու ուզել են հետագայում զույգել: Այդ կնոջ անունը Հասմիկ է: Հիմա նրանք համախմբվել են իմ դեմ: Իրենք ստերջացրել են շների, որոնք ունեցել են մեծ ժամկետի հղիություն: Իրենք դրա իրավունքը չունեն»,- ասում է Էդվարդ Նազարյանը: