Քաղաքականություն

Հայաստանի «բարեկամ» գլոբալիստը

Հայաստանի «բարեկամ» գլոբալիստը

Անդրադառնալով Էմանուել Մակրոնի նախագահությանը՝ ժամանակին արձանագրել եմ, որ եթե ֆրանսիացի լինեի, կամաչեի նրա պես ղեկավար ունենալու համար: Նույնիսկ զարմացել էի, որ նա վերընտրվել էր, չնայած 2018-2019 թվականների «դեղին բաճկոնների» շարժմանը: Ու արձանագրել էի իր՝ որպես երկրի ղեկավարի, հեղինակության գահավիժումը: Ինչեւէ, ֆրանսիացիների դարդը թողնելով իրենց, թեեւ այդ երկրում բնակվում է նաեւ կես միլիոն հայություն, անցնենք նրա նիկոլամետ դիրքորոշմանը: 

Պատկերացնո՞ւմ եք, ժողովրդավարական ու Հայաստանի բարեկամ (՞՞՞) երկրի ղեկավարը ողջունում է Հայ եկեղեցու նկատմամբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հակաօրինական գործողությունները: Թեեւ եթե վերհիշենք, որ Մակրոնն այն եվրոպացիներից էր, որը 2022-ին Պրահայում թեւ ու թիկունք կանգնեց Նիկոլի՝ Արցախը թշնամուն հանձնելու գաղափարին, ապա դա այնքան էլ անբնական չի հնչի: Դրա լույսի ներքո պետք է զարմանալի չթվա ազգային մեր եկեղեցու սպասավորների նկատմամբ հետապնդումներ իրականացնելուն կողմ լինելը: Այնպես որ, որպես գլոբալիստական Եվրոպան ներկայացնող ղեկավար, Մակրոնը բարեկամ չի եղել Հայաստանին ու չի լինի երբեք: Ի դեպ, Մակրոնի անունը հինկտակարանային ծագում ունի եւ նշանակում է «Աստված մեզ հետ է»: Ենթադրում եմ, որ դրա եւ մեր Աստվածը նույնը չէ, այլապես նա չէր ողջունի այն սրբապղծությունը, որ կատարվում է Հայաստանում:

Լավ, կարող ենք ենթադրել, որ Մակրոնն անաստված անձնավորություն է եւ, ըստ այդմ, թքած ունի, թե ինչ է կատարվում մեր եկեղեցու սպասավորների նկատմամբ: Բայց վերցնենք զուտ Միքայել սրբազան Աջապահյանի «գործը», ինչը կարծես թե կապ չունի տխրահռչակ ռազմական հեղաշրջման հետ: Վերջինս կալանավորվել է անցյալ տարվա իր ինչ-ինչ խոսքերի պատճառով: Իսկ թե ինչու անցյալ տարի չի ձերբակալվել ու կալանավորվել, երբ բարձրաձայնվել են դրանք, հասկանալի չէ: Հասկանալի չէ զուտ իրավական առումով, քանի որ քաղաքականով դա ավելի քան պարզ է, բայց դրա մասին՝ վերջում: Ընդ որում, դա չի կատարվել նաեւ այն դեպքում, երբ հեղափոխական-նիկոլական երիտասարդներից մեկը՝ հանրահայտ Իոաննիսյան Դանիելը, հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել դատախազություն ու այնտեղից պատասխան էր ստացել, որ նրա խոսույթում հանցակազմ չի դիտարկվել: Զարմանալիորեն, Իոաննիսյանն այնքան ազնիվ գտնվեց, որ հրապարակավ հիշեցրեց դրա մասին՝ իր դիմումն ու դատախազության պատասխանը տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում: Ի դեպ, վերջինիս, այսպես կոչված, «փաստերի ստուգման հարթակն» այս տարի փորձեց սխալ հանել տողերիս հեղինակին՝ ԼԳՏԲ համայնքի առումով, իհարկե, խեղաթյուրելով իմ խոսքի թիրախային ուղղվածությունը. էլ ի՜նչ հեղափոխական-նիկոլական երիտասարդ՝ առանց դրա: Զավեշտն էլ այն է, որ տվյալ հոդվածում խոսքը չէր վերաբերում հայաստանյան իրականությանը:

Ինչեւէ, անցնենք առաջ: Ինչ-որ հրաշքով պարզվեց, որ նախորդ տարվա՝ հանցակազմ չպարունակող խոսքն այս տարի հանցակազմ է պարունակում, քանի որ հոգեւորականների դեմ նախաձեռնված արշավը կիսատ կմնար, եթե Նիկոլին քննադատող Սրբազանը չներառվեր դրանում: Մակրոնը, իհարկե, Նիկոլը չէ, որ նման նրբություններին տիրապետի կամ առնվազն սեր ունենա դրանց նկատմամբ: Ավելին, դա իրեն պետք չէ, քանի որ Հայ եկեղեցին այն կառույցն է, որն ինստիտուցիոնալ առումով է պայքարում մեր պետականության հանդեպ գլոբալիստական ծրագրերի դեմ, իսկ Մակրոնը գլոբալիստական աշխարհի ներկայացուցիչ է: Ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա դա զուտ հեքիաթ է՝ մեզ նմաններին «կերակրելու» համար: Ի դեպ, որպես ֆրանսիացիների նկատմամբ հարգանք ունեցող անձ, Մակրոնին խորհուրդ կտայի պաշտպանել ոչ թե Նիկոլին, այլ՝ իր երկրի քաղաքացիներին, ովքեր անխոհեմ գլոբալիստական քաղաքականության արդյունքում էթնիկական, կրոնական, քաղաքակրթական բազմաթիվ խնդիրների են բախվել: Խոսքը մահմեդական հավատքի անլեգալ միգրանտների մասին է, ովքեր վերջին 15-20 տարում հեղեղել են ողջ Եվրոպան եւ այդ թվում՝ Ֆրանսիան: Բավարար է տելեգրամյան ալիքներում դիտել 25-30 տարի առաջվա ֆրանսիական քաղաքների փողոցներն ու համեմատել դրանք այսօր տիրող իրավիճակի հետ, որպեսզի պատկերացում ստանաս, թե ինչ չարիք է իրենից ներկայացնում գլոբալիստական աշխարհայացքը, ու Հայաստանի նման աննորմալ երկրում ապրելով՝ քիչ մնա խղճաս Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի տեղացիներին: Չմոռանանք, որ Եվրոպան, ըստ նախկին եվրաչինովնիկ Ժոզեպ Բորելի, այգի էր, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image