Իմ ռազմավարական գործընկերոջ ռազմավարական գործընկերը իմ ռազմավարական գործընկերն է… Կարծում եմ՝ այս ձևակերպման մեջ որևէ սխալ չկա: Ավելին ասեմ՝ այլ կերպ լինել չի էլ կարող: Այս նույն տրամաբանությամբ՝ իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է, և կամ՝ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է:
Հիմա թող ինձ մեկը բացատրի, թե մենք ինչ ենք ստանում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնագիր ստորագրելով, մանավանդ որ, ինչպես վստահեցնում են Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը, որոշ ժամանակ անց դա վերաճելու է հենց ռազմավարական գործընկերության: Ինձ չասեք, խնդրում եմ, թե հենց սա է բալանսավորված արտաքին քաղաքականությունը, թե մենք գնում ենք, օրինակ, միաժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերը դառնալու ճանապարհով: Չեք կարող համոզել, չի կարող նման բան լինել, որովհետև մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ը չի կարող միաժամանակ լինել նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Այդ բանաձևն այնքա՜ն պարզ է: Բայց եթե Արարատ Միրզոյանն այնուամենայնիվ Բլինքենին համոզել է դառնալ Պուտինի ռազմավարական գործընկերը, ու ես ոչինչ չգիտեմ այդ մասին, ապա դա բոլորովին այլ հարց է, և ես պատրաստ եմ ներողություն խնդրել:
Մեկ այլ տեսանկյունից դիտարկենք այս հարցը: Դառնալով ԱՄՆ ռազմավարական գործընկերը՝ մենք, ըստ էության, ավտոմատ դառնում ենք ռազմավարական գործընկեր ԱՄՆ բոլոր ռազմավարական գործընկերների հետ: Պետք է եզ լինել չհասկանալու համար, որ մենք ավտոմատ հայտնվում ենք, օրինակ, Իսրայելի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության ճիրաններում՝ կորցնելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, որովհետև ԱՄՆ-ը Ռուսաստանի ռազմավարական գործընկերը չէ: Հետևաբար, այն, ինչ Արարատ Միրզոյանը ստորագրել է Բլինքենի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցատկ դեպի անդունդ, այլ կեպ ասած՝ Նիկոլի վարած արտաքին քաղաքականություն: Չմոռանանք նաև, որ Նիկոլը որևէ քայլ անելուց առաջ չի սիրում մտածել հետևանքների մասին (տո լի մի անգամ ասել, տո լի գրքում է գրել): Իր խոսքով՝ եթե ես մտածեի հետևանքների մասին, ոչինչ չէի կարող անել: Նման բան մեկ էլ Ադոլֆ Հիտլերն էր ասում, երբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դրդմամբ ԽՍՀՄ-ի վրա հարձակման «Բարբարոսա» պլանն էր մշակում՝ ձեռքի տակ ունենալով ԽՍՀՄԻ հետ կնքված «չհարձակման պայմանագիրը»:
Արարատ Միրզոյանը, որքան ինձ հայտնի է, մասնագիտությամբ հոգեբան չէ: Վատ չէր լինի, սակայն, որ Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության կանոնագրի ստորագրումից առաջ փորձեր հասկանալ՝ անկե՞ղծ էր, արդյոք, Բլինքենը և անկեղծորեն հավատո՞ւմ էր, արդյոք, այն բառամթերքին, որի տակ պատրաստվում էր ստորագրել: Բա ռազմավարական գործընկեր ենք դառնում, չիմանա՞նք, թե ով է մեր նոր ռազմավարական գործընկերը և ինչքանով է պատրաստ ինքնազոհաբերվել մեր ռազմավարական շահերի համար: Հակառակի պես էլ մեր ռազմավարական շահերը ԱՄՆ մյուս ռազմավարական գործընկերների շահերի հետ չեն բռնում: Մենք ունենք բազմաթիվ ռազմավարական խնդիրներ, որոնք տրամագծորեն հակառակ են ԱՄՆ մեկ այլ ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի ռազմավարական շահերին և հեռուն գնացող նպատակներին: Եվ այստեղ մի պարզ հարց է առաջանում՝ Բլինքե՞նն է խաբում Արարատ Միրզոյանին, թե՞ Արարատ Միրզոյանը Բլինքենին: Եթե անկեղծ ասեմ, ապա ինձ թվում է, որ ոչ Բլինքենն է մինչև վերջ ազնիվ, ոչ էլ Արարատ Միրզոյանը, իսկ նրանցից ամենավատն էլ Նիկոլն է, որ իր խղճուկ պաշտոնը պահելու համար, դռնեդուռ ընկած, հովանավոր է ման գալիս: Մարդն իր կյանքում մի ընկեր չունի, բայց ուզում է ռազմավարական գործընկերության մասին դասեր տալ քաղաքագիտության բնագավառում: Ի՞նչ ասեմ, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանի դասախոսությունը լսեր ԱՄՆ-ի և հետխորհրդային երկրների հետ նրա ռազմավարական գործընկերության մասին: Տեր-Պետրոսյանն ասում է՝ ԱՄՆ-ը այդ երկրներին դիտարկում է բացառապես այն տեսանկյունից, թե նրանցից ամեն մեկն ինչ վնաս կարող է հասցնել Ռուսաստանին: Լրացնեմ Տեր-Պետրոսյանի միտքը՝ իսկ թե ինչ տեղի կունենա այդ երկրների հետ, մեծ հաշվով, ԱՄՆ-ին չի էլ հետաքրքրում: Միանգամայն համամիտ եմ առաջին նախագահի հետ: Ուկրաինան ինչքան կարող էր՝ վնաս հասցրեց Ռուսաստանին, բայց ո՞վ է այսօր հիշում, որ Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինային էին պատկանում մինչև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մեջ մտնելը: Ռուս-վրացական պատերազմը, որ Վրաստանի կողմից ղեկավարում էր Սահակաշվիլին, կանգ առավ միայն Թբիլիսիի պարիսպների տակ, երբ արդեն չկային Աբխազիան և Հարավային Օսիան: ԱՄՆ-ի տեսանկյունից, սակայն, մի՞թե Աբխազիան ու Հարավային Օսիան ավելի կարևոր էին, քան այն վնասը, որ Ռուսաստանին տալիս էր Սահակաշվիլիի կառավարությունը:
Ռուսաստանին վնաս տալու հերթը հասել է մեզ, ավելի ճիշտ՝ Նիկոլին, որի քանդարարության մասին լեգենդներ են պտտվում ողջ աշխարհում: Չսկսի՞ հանկարծ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ, որի հետ «չհարձակման» բազմաթիվ պայմանագրեր ունի, նոր «Բարբարոսա» մշակել: Սառեցնում ենք ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը, գնում ենք ԵՄ, մեզ ԵԱՏՄ պետք չէ, մենք ռազմավարական գործընկերություն ենք ուզում ԱՄՆ-ի, իսկ վերջինիս շնորհիվ նաև Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մարդը բոլորին ոտքի է հանել իր դեմ՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հնդկաստան… ոչ հետևանքների մասին է մտածում, ոչ ժողովրդի: Օբյեկտիվ լինենք՝ նաև մտածելու ժամանակ չունի: ԱՄՆ-ից զանգը հնչեցրել են՝ Սահակաշվիլին բանտում է, Զելենսկին թանկ է նստում, «ռազմավարական գործընկեր» դառնալու հերթը քոնն է. ուշացնես՝ թախտից կգցենք: Մյուս կողմից էլ հայտնի է, որ Մոսկվան հետողորմյաներ չի ընդունում և արցունքներին չի հավատում: Հայաստանի հակառուսական դեմարշները, ցավոք, անպատասխան չեն մնալու: