Քաղաքականություն

Իմ երկիրն ինձ համար Նիկոլից էլ, եկեղեցուց էլ թանկ է

Իմ երկիրն ինձ համար Նիկոլից էլ, եկեղեցուց էլ թանկ է

Նիկոլը մտնի մայր տաճար՝ դուք իմ ոտքը չեք տեսնի այնտեղ: Ես սա Հայոց հայրապետին ահաբեկելու համար չեմ ասում, ոչ էլ մեր հավատացյալ ժողովրդին քմծիծաղ պարգեւելու, թե՝ չես ուզում, մի արի, մի հայ ավել, մի հայ պակաս՝ դա ի՞նչ է փոխելու մայր տաճարի կյանքում: Պատկերացրեք՝ այո, Սուրբ Էջմիածին իմ ոտք չդնելը ոչինչ չի փոխի ո՛չ մայր տաճարի, ո՛չ էլ Հայ առաքելական եկեղեցու կյանքում: Բայց, ահա, Նիկոլի այցն ու մասնակցությունը մայր տաճարի վերաբացման ու օծման արարողությանը՝ շատ բան կփոխի իմ կյանքում: Ես Սրբազան պայքարի մասնակիցն ու զինվորն եմ եղել առաջին օրվանից՝ Ոսկեպարի հավաքից: Հետո՝ Կիրանց, հետո՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ՝ ճանապարհ դեպի Երեւան, հետո՝ երեւանյան հանրահավաքներ ու երթեր: Ականատես եմ եղել Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելուն, նրան ուղեկցող անձանց քաշքշելուն, լավ հիշում եմ Փաշինյանի հրահանգով ոտքի ելած եւ Ամենայն հայոց կաթողիկոսին պատուհասած «սբրոդի» գործողությունները եւ դրանց զուգահեռ՝ «Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» կարգախոսի շրջանառումը ոմն «փրջոտ կղերականի» կողմից, տեղեկացված եմ «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնական ծրագրերից հանելու մասին:

Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչպես ոմն Արայիկ Հարությունյանի «կապրիզով» եկեղեցականին դուրս վռնդեցին դպրոցներից մեկի բակից: Ավելի թարմ բաներ էլ գիտեմ ՀԱԵ-ի հանդեպ այս իշխանությունների տածած «խորին հարգանքի» եւ պատկառանքի մասին: Օրինակ, ի՞նչ զգացին ՀԱԵ-ում, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ինչ-որ մի «ծռտի» գործուղման պատճառով չի մասնակցելու մայր տաճարի բացման արարողություններին: Հիմա էլ այդ այցը չեղարկվել է․ տեսնենք՝ հիմա ինչ է հայտարարելու Ալեն Սիմոնյանը:
Կարո՞ղ է արդյոք ՀԱԵ դիվանից որեւէ մեկն ինձ բացատրել, թե ինչու են մասնակցության հրավերներ ուղարկվել ՀՀ իշխանություններին: Այո, հենց այդպես՝ ինչո՞ւ եք հրավիրել Նիկոլ Փաշինյանին, որ հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր հանձնեց թշնամուն, որ հարյուր հազարավոր հայ քրիստոնյաների տեղահանության ու իր վարած անխոհեմ քաղաքականությամբ Արցախի հայաթափման պատճառ դարձավ: Ինչո՞ւ եք հրավիրել: Բա որ գա՞:

Մտածե՞լ եք այս ուղղությամբ: Չէ՞ որ ոչ ոք չի կարող ասել, թե նա յուրաքանչյուր հաջորդ վայրկյանին ինչ նոր արհավիրք կբերի ոչ միայն եկեղեցու, այլեւ երկրի ու ժողովրդի գլխին: Հազար ներողություն, ինչո՞վ եք մտածել այդտեղ՝ Էջմիածնում:

Եթե Փաշինյանին հրավիրելով ձեր քաջությունն եք ուզում ցուցադրել, կարող եմ նաեւ ձեզ մի թեթեւ «ահաբեկել»: Փաշինյանը, որ եկավ՝ մենակ չի գալու: Իր զորախումբը չհաշված՝ հազարավոր անհավատների ու սատանիստների էլ հետեւից գցած է բերելու՝ ՀԱԵ-ի եւ Բագրատ սրբազանի մասին զազրախոսողների մի ամբողջ բանակ՝ ԱԽՔ, գլխավոր դատախազ, ՍԴ «նախագահ», վարչապետի աշխատակազմի ղեկավար, մինիստրներ, Հովիկ Աղազարյան, Լուլու, Անդրանիկ Քոչարյան, ՔՊ-ի գծով տեղակալ Վահագն Ալեքսանյան, ՄԻՊ, ԿԳՄՍ նախարար, Պետրոս Ղազարյան… Եվ դուք ուզում եք, որ սրանց պատճառով ՀՀ նախագահներն ու մշտապես հայոց հավատի եւ ՀԱԵ կողքին կանգնած քաղաքացինե՞րը հրաժարվեն մասնակցել այդ «Նիկոլով հարսանիքին»: Չէ՞ որ մայր տաճարի բացումը վերածվելու է հենց «Նիկոլով հարսանիքի»:

Թե բա՝ մեզ միասնություն ու համախմբում է պետք… Ո՞ւմ հետ` Նիկոլի՞: Նիկոլը թքած ունի թե՛ մեր  միասնության եւ թե՛ համախմբման վրա: Նա ատում է մեր ժողովրդին ու մեր հավատը: Կգա, շողոմ խոսքեր կասի, կբարբաջի եկեղեցու եւ պետության միաբանության մասին, ապա իրենց բներում տենդագին պտտվող աչքերով կնավսի ամեն ինչ ու կհեռանա՝ մունդռելով այդ ոգեղեն ձեռնարկն ու մայր տաճարը: Քանի՞ անգամ ստիպված եղաք Նիկոլից հետո եկեղեցի, Եռաբլուր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մաքրագործել, որ մեր 1.5 միլիոն սրբադասված զոհերի դամբարանն է: Ինչ է՝ ուզում եք նորաբաց մայր տաճարո՞ւմ հետնիկոլյան մաքրագործման ծես կատարել:

ՀԳ. Վեհափառ Տեր, սրբազան հայրեր, խնդրում եմ՝ Նիկոլի այցից հետո ինձ չասեք, թե ինչ եղել-եղել է, խոսքդ դրժիր, մտիր մայր տաճար: Չեմ գալու: Իմ երկիրն ինձ համար ամեն ինչից թանկ է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image