Քաղաքականություն

Աշխարհում նվազում է ղեկավար կանանց թիվը

Աշխարհում նվազում է ղեկավար կանանց թիվը

Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանին կին առաջնորդ է պետք՝ մի շարք գործոններով պայմանավորված, որից կարեւորագույնը՝ սրտացավություն, հավասարակշռվածություն: Թե՛ վարքի, թե՛ երկխոսության, թե՛ ներքին իմաստով, ավելի շրջահայաց, սթափ ու հաշվենկատ լինելու, իրատեսության, գործնական հայրենասիրության եւ այլ իմաստներով, ամենեւին չթերագնահատելով մեր՝ տղամարդկանց նման որակներն ու կարողությունները: Հայաստանում, ճիշտ է, կան կին ղեկավարներ` նախարարներ, փոխնախարարներ, իրավապահներ, սակայն այդ ամենն իրականում ֆոն է, փաշինյանական պետականամերժ ռեժիմի «գեղեցիկ ու ձեւական զարդարանք»: Որովհետեւ նրանք ընդամենը կցորդ են՝ ֆորմալ իմաստով եւ ոչ միայն ...

Իրականում կանանց դերը զուտ «թղթի վրա» է` հռչակագրային, միջազգային օրենսդրական պրակտիկայի տառին, բայց ոչ ոգուն համահունչ: Օրինակ, այս տարվա հունիսին «ՄԱԿ-Կանայք» կառույցը տագնապ հնչեցրեց, որ կանանց մասնակցությունն իշխանության մեջ աշխարհում ոչ միայն դադարել է աճել, այլեւ նվազել է։ Կազմակերպության նոր զեկույցի հեղինակները մատնանշել են լուրջ համակարգային խոչընդոտները եւ ցույց տվել քաղաքականության մեջ գենդերային հավասարության պակասը։ «Կին քաղաքական առաջնորդներ 2025» զեկույցում նշվում է, որ կանայք այժմ ղեկավարում են 27 երկիր, իսկ 103 երկրում երբեք չեն զբաղեցրել բարձրագույն ղեկավար պաշտոն։

Անհավասարակշռություն կա նաեւ կառավարություններում. կանայք ամբողջ աշխարհում զբաղեցնում են նախարարական բարձր պաշտոնների 22.9 տոկոսը։ Սա ցածր է 2024 թվականի 23.3 տոկոս ցուցանիշից։ Սեռային առումով հավասարակշռված նախարարական կաբինետների թիվը, որոնցում կանայք զբաղեցնում են պաշտոնների գոնե 50 տոկոսը, վերջին տարվա ընթացքում նվազել է 15-ից՝ 9։ Իսկ կառավարությունում կանանց բացակայությամբ երկրների թիվը 7-ից աճել է 9-ի։ Չնայած ոչ մի տարածաշրջան դեռեւս չի հասել գենդերային հավասարության, Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան (31.4 տոկոս) եւ Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանը (30.4 տոկոս) ունեն կառավարությունում կանանց ամենաբարձր համամասնությունը։ Կենտրոնական եւ Հարավային Ասիան զգալիորեն հետ են մնում. գեղեցիկ սեռի ներկայացուցիչները զբաղեցնում են նախարարական պաշտոնների ընդամենը 9 տոկոսը։ «Աշխարհն ականատես է լինում կանանց քաղաքական առաջնորդության անկման` այն ժամանակ, երբ ներառական որոշումների կայացումն ամենաշատն է անհրաժեշտ»,- ասել է «ՄԱԿ-Կանայք» գործադիր տնօրեն Սիմա Բաքուսը։
«Երբ կանայք բարձրագույն պաշտոններ չեն զբաղեցնում, բոլորը պարտվում են. հասարակությունը կորցնում է ավելի արդար եւ ավելի արձագանքող կառավարումը, որը հնարավոր է միայն գենդերային հավասարակշռության դեպքում»։

Կանանց ներկայացվածության նվազումը տեղի է ունենում նրանց իրավունքների համաշխարհային ճնշման ֆոնին, որն ավելի է սրվում քաղաքականության մեջ կանանց նկատմամբ լայն տարածում ունեցող բռնության պատճառով՝ թե՛ առցանց, թե՛ արտացանց։ Այս միջավայրը շատ կանանց խանգարում է մասնակցել քաղաքականությանը։ Գենդերային կարծրատիպերը եւ հաստատված գործելակերպը նույնպես ազդում են նախարարական պորտֆելների բաշխման վրա։ Տղամարդիկ գերակշռում են այն պաշտոններում, որոնք որոշում են ազգային եւ միջազգային հիմնական առաջնահերթությունները՝ պաշտպանություն (87 տոկոս), ֆինանսներ եւ հարկային ոլորտ (84 տոկոս) եւ արտաքին քաղաքականություն (82 տոկոս)։ Մյուս կողմից, կանայք հաճախ նշանակվում են գենդերային հավասարության (87 տոկոս), ընտանիքի եւ երեխաների հարցերին (71 տոկոս) վերաբերող պաշտոններում։ Մտահոգիչ է գենդերային հավասարության նախարարությունների թվի նվազումը, որոնք պատասխանատու են գենդերային օրակարգը հանրային քաղաքականության մեջ ինտեգրելու համար։ Մինչդեռ 2020-ին կար մոտավորապես 80 նման հաստատություն, 2024 թվականին դա հասել է 76-ի, իսկ 2025-ին՝ 74-ի։ «ՄԱԿ-Կանայք» կազմակերպությունը կոչ է արել կառավարություններին եւ քաղաքական առաջնորդներին՝ ձեռնարկել անհապաղ գործողություններ, կատարել նշանակումներ, հատուկ միջոցառումներ (ներառյալ քվոտաները) եւ ուժեղացված պաշտպանություն` քաղաքական բռնությունից։ Մեր դեպքում, սակայն, գործընթացը պետք է ծավալեն ներքեւից` հենց կանայք: Դե, ձեզ տեսնենք, մեր սիրելի կանայք...
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image