Երեւանի բուսաբանական այգում սկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք կանաչ տարածքների ոչնչացման, այգու տնկարանների եւ ծառապատ հատվածների հաշվին հսկայական ավտոկայանատեղի, միանգամայն անիմաստ ռեստորան-սրճարան կառուցելու խայտառակ ծրագրի մասին: Երեւանի քաղաքապետարանը, որ վերահսկում է այգու վերակառուցման եւ այնտեղ, այսպես կոչված, «Կյանքի պուրակ» հիմնելու այս մի քանի միլիոնանոց ծրագիրը, աշխատանքների մեկնարկից մինչ օրս ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տվել այն մասին, թե ինչու է այդ ամենն արվում՝ այգին հիմնահատակ ոչնչացնելու եւ գիտական հիմքից վերջնականապես զրկելու մտայնությամբ:
Քաղաքապետարանը մի անկապ տեսանյութ էր միայն հրապարակել այն մասին, թե որքան գեղեցիկ է լինելու բուսաբանական այգին՝ կառուցվելիք նոր ծառուղիների, արհեստական լճերի, նոր կասկադի, նոր լուսավորության շնորհիվ: Չէին մոռացել նաեւ առանձնացված հեծանվային ուղիների մասին, եւ միայն այդքանը: Իսկ թե ինչով են զբաղվելու այգու գիտնականները, երբ այն վերածվի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի», հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ այն քաղաքացիների ճակատագիրը, որոնք այգու ամենօրյա այցելուներն են ու այստեղ իրենց առողջությունն են վերականգնում մարզական քայլքի, վազքի եւ ֆիզիկական վարժությունների շնորհիվ:
Համեցեք Երեւանի բուսաբանական այգի եւ տեսեք այս մեծ ավերմունքը: Մի քանի բորդյուր շարելու, գետնի տակով մի քանի էլեկտրական մալուխ ու խողովակ անցկացնելու համար արժե՞ր այսպես այլանդակել այգին: Միակ հանրային զուգարանն են անգամ քանդել եւ բոլոր այցելուներին դատապարտել իրենց բնական կարիքները ծառերի ու թփերի տակ հոգալու բախտին: Էլ չեմ խոսում այգում տասնյակ տարիներով ձեւավորված ֆաունայի մասին. աղվես, ոզնի, կրիա, փասիան եւ այլ թռչուններ, բնավեր դառնալով, կա՛մ ոչնչացել են, կա՛մ լքել այգու տարածքը: Մի քանի սկյուռ տակավին դիմադրում են, քանի դեռ չեն հատվել վերջին կաղնիներն ու ընկուզենիները: Իսկ ի՞նչ ենք ունենալու վերջում… Դեկորատիվ ծառեր ու թփեր, երբեմնի հաստաբուն ծառերի բներից կառուցված անհասկանալի «ճարտարապետական» կոթողնե՞ր: Խնդրեմ, դրանցից մեկի լուսանկարը, որ այս իշխանությունների պաշտամունքի առարկան է: Նմանեցրեք՝ ինչի ուզում եք, ինչի կհերիքի ձեր երեւակայությունը:
Ու քանի որ Երեւանի քաղաքապետարանին նման հարցերը չեն հետաքրքրում, որոշեցի դիմել կառուցապատող ընկերությանը, այսինքն՝ շինարարներին: Պարոնայք շինարարներ, լավ կլիներ, որ ձեր տեխնիկան դռդռացնելուց առաջ մի քիչ էլ հետաքրքրվեիք բուսաբանական այգու անցյալով ու պատմությամբ: Սա այն վայրը չէ, որտեղ կարող եք առանց որեւէ բան փչացնելու ինչ-որ բաներ կառուցել: Չեմ ասում՝ ձեր հետեւից ձեր թափածը հավաքեք, բայց վատ չէր լինի, օրինակ, դեպի այգու բարձունք տանող հնամենի կասկադը էքսկավատորի տակ տալուց առաջ իմանալ, որ այդտեղ են նկարահանվել «Սայաթ-Նովա» ֆիլմի շատ հայտնի տեսարաններ, որ այստեղ է Ավետ Ավետիսյանը (Ավետ աղա) Բաբկեն Ներսիսյանին (Սայաթ-Նովա) «բռնացրել» Մետաքսյա Սիմոնյանի (Աննա) հետ ու արտասանել իր անմահ ֆրազներից մեկը. «Վույ, Սայաթ-Նովեն որսի է դուս էկի…»: Իսկ ի՜նչ հանճարեղ էր Բաբկեն Ներսիսյանի պատասխանը. «Հա, աղա, եղնիկ էի որսում, ամա խոզ ռաստ էկավ»: Հիմա դրել, ամեն ինչ դզել եք բուլդոզերով, ձեր արեւին գործ եք անում, էլի:
Իսկ ո՞ւր է էն հին խաչքարը, սիրելի շինարարներ, որ դրված էր կասկադի հենց սկզբում: Այո, դուք այն հեռացրել էիք կասկադի բերանից եւ գցել անջուր ավազանի մեջ, որ «հանկարծ» չկոտրեք: Ես էլ տեսա եւ ուրախացա՝ էս ի՜նչ կարգին մարդիկ են մեր շինարարները: Բայց հետո անհետացավ նաեւ անջուր ջրավազանը՝ խաչքարի հետ միասին: Պատահաբար տեղյակ չե՞ք, թե ով եւ ուր տարավ դարավոր պատմություն ունեցող խաչքարը, որ հայտնաբերվել էր հենց այգու տարածքում՝ այգու հիմնադրման ժամանակներում: Չգիտեք, բնականաբար, եւ ոչ ոք չգիտի, ես էլ չգիտեմ, որ ամեն օր այցելում եմ այգի: Ո՛չ այգու ղեկավարություն ենք տեսնում, ո՛չ էլ Երեւանի քաղաքապետարանից են մեզ հետ «կապի դուրս գալիս», որ հարցուփորձ անենք:
Եվ հիմա ես այս հոդվածով ուզում եմ հարցնել՝ ո՞ւր է բուսաբանական այգու հնագույն խաչքարը, ո՞ւր եք տարել, ո՞ւմ վզից կամ ոտքից էր կախված այն, որ որոշեցիք կորցնել: Ավինյան Տիգրան, շեֆդ մի երկու օր առաջ ցնդաբանել էր խաչքարի թեմայով: Արդյոք սա այդ թեմայի մեջ չէ՞: Արդ, իմացիր՝ էն մի քանի ծառը, որ պիտի տնկեք, ու էն մի քանի ծառուղին, որ պետք է կառուցեք` այգուն այսքան վնաս տալով, նշածս խաչքարի կես բեկորն անգամ չարժեն: