Հայաստանի շախմատի կանանց հավաքականի համար Բուդապեշտում կայացած համաշխարհային օլիմպիադան բացառիկ էր, քանի որ իմաստուն խաղի ներկայացուցիչ հայուհիները մինչ այս նման բարձր տեղ չէին զբաղեցրել նմանատիպ խոշոր մրցաշարում: Մեր ընտրանին թիմային պայքարում կիսեց 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ հավաքականի անդամները` Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը, բրոնզե մեդալներ նվաճեցին առանձին խաղատախտակների վրա:
«Հրապարակի» զրուցակիցը գրոսմայստեր, շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն է:
- Էլինա, որպես թիմի տիտղոսակիր «հնաբնակ», ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք մեր ընտրանու մրցելույթները հերթական օլիմպիադայում: Ցուցանիշը, կարծես, «պատմական» է:
- Սա մեր լավագույն արդյունքն էր, քանի որ 10 տարի առաջ Տրոմյսո-2014 օլիմպիադային էլի գրավեցինք 5-րդ տեղը՝ ուղղակի կիսելով 4-6-րդ հորիզոնականները: Այս անգամ կիսեցինք 3-6-րդ տեղերը: Աշխարհի լավագույն հնգյակում ենք՝ իհարկե, սա բարձր արդյունք էր: Ուղղակի մենք էլ էինք սպասում, որ կարող ենք պայքարել բրոնզի համար: Ինչ պահանջվում էր մեզնից, դա հաղթելն էր վերջին տուրում, մենք դա արեցինք, մյուս արդյունքներն արդեն մեր դեմ էին, եւ այդպես մնացինք լրացուցիչ ցուցանիշով:
- Անհատական առումով եւս մրցաշարն արդյունավետ էր Ձեզ համար. բրոնզե մեդալ՝ առանձին խաղատախտակի վրա (7.5 միավոր՝ 10 հնարավորից): Ձեր գրանցած արդյունքից գո՞հ եք, թե՞ կարելի էր այլ նշաձող սահմանել:
- Իմ արդյունքներից գոհ եմ, բայց, իհարկե, միշտ տեղ կա դժգոհելու:
- Ձեր խաղացած պարտիաներից ո՞րը կառանձնացնեք եւ ինչո՞ւ:
- Երեւի կառանձնացնեմ վերջին երկու պարտիաները, որտեղ պարտադիր հաղթանակ էր պետք նախավերջին տուրում, որ խաղը չպարտվեինք, իսկ վերջում, որ պայքարեցինք մեդալի համար... հաջողվեց դա անել:
- Օլիմպիադայի մեկնարկը բավականին հաջող էր հավաքականի համար. առաջին 5 տուրից հետո 5 հաղթանակ գրանցեցիք, ընդ որում՝ 5-րդ տուրում պատմության մեջ առաջին անգամ առավելության հասաք չինացի շախմատիստուհիների նկատմամբ: Ի՞նչն այնպես չընթացավ:
- Իհարկե, յուրաքանչյուր մրցաշարի սկիզբը շատ կարեւոր է, եւ մեր 5 անընդմեջ հաղթանակները բերեցին նրան, որ մենք մրցաշարի ընթացքում բարձր տեղերում էինք: Ե՛վ ոգեւորված էինք, ե՛ւ խաղն էր ընթանում մեր սրտով: Ինչպես նշեցիք՝ առաջին անգամ հաղթեցինք չինացիներին: Օլիմպիադան բավականին երկար եւ բարդ մրցաշար է, եւ շատ դժվար է լինում 2-րդ կեսն ավարտել նույնկերպ, ինչպես սկիզբն է ստացվում:
- Օլիմպիադայի ապագա չեմպիոն Հնդկաստանից ցավալի պարտություն կրեցիք՝ 1,5:2,5 հաշվով: Ո՞րն էր հնագույն խաղն ստեղծած երկրի ներկայացուցիչների հաջողության բանալին՝ ամբողջ մրցաշարի ընթացքում:
- Հնդկաստանը հիմա շախմատային վերելք է ապրում` ե՛ւ տղամարդկանց մոտ, ե՛ւ կանանց: Բոլորն ուժեղ, երիտասարդ շախմատիստներ են՝ մեծ ապագայով: Շախմատը վերադառնում է իր պատմական հայրենիք:
- Հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանի բնորոշմամբ՝ այժմ կանանց հավաքականում երկու սերնդի համադրություն է. ավագները` Դուք եւ Լիլիթ Մկրտչյանը, ձեր մեծ փորձով, եւ երիտասարդները` Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ իրենց երիտասարդ մտքով: Ի՞նչ նոր նվաճումներ սպասել այս համադրությունից:
- Իմ կարծիքով, մեր մարզիչը շատ ճիշտ է նկատել դա. փորձ եւ երիտասարդություն, համալրում ենք իրար շատ լավ: Կարծում եմ՝ թիմային նույն ձեւաչափով էլ կարող ենք պայքարել բարձր տեղերի համար: Հուսով եմ՝ մեզ մոտ դա կստացվի: