Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ այլ սցենար են նախընտրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողությունների է սպասում Ռուսաստանը Հայաստանից, նա պատասխանել է.
«Որոշում կայացնելուն. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ այլ սցենար են նախընտրում։ Պետք է մեզ տեղեկացնեն այս մասին»։
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցությունը կազմակերպությանը մանրամասն կքննարկվի ՀԱՊԿ ղեկավարության կողմից։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: