Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր Ազգային ժողովում վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներին ներկայացնելիս` պատասխանել է պատգամավորների հարցերին: Մասնավորապես անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հարցին, թե արդյոք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կհիշի՞ մի դեպք, երբ հակառակ է քվեարկել ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի կարծիքին՝ Աթաբեկյանը պատասխանել է․ «Մեկը չէ, երկուսը չէ, միգուցե երեքն են, չորսն են, որով ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել խորհրդի որոշմանը և ունեցել եմ իմ հատուկ կարծիքը, դա թափանցիկ տեղեկատվություն է, որը մեր կայքում ամբողջությամբ հրապարակված է և հասանելի են յուրաքանչյուր անձի»։
ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեցինք մանրամասներ հաղորդել մեզ: Նա նշեց, որ Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ անդամ ընտրվել է 2023 թվականի ապրիլի 7-ին, իսկ ԲԴԽ նախագահ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։
Տվյալ ժամանակահատվածում նրա կողմից եղել է թվով 3 հատուկ կարծիք, որոնցից առաջինը դատավոր Արթուր Ստեփանյանին էր վերաբերում, ում լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են, սակայն Արթուր Աթաբեկյանն իր հատուկ կարծիքում նշել է, որ դատավոր Արթուր Ստեփանյանին պետք է հայտարարվեր խիստ նկատողություն։
Հաջորդը՝ դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հատուկ կարծիքն է, որտեղ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ պետք է նրան հայտարարել ոչ թե խիստ նկատողություն, այլ պարզապես նկատողություն։ Իսկ դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ա․ Աթաբեկյանը նշել է, որ միջնորդությունը ենթակա էր մերժման՝ խախտման բացակայության հիմքով, մինչդեռ ԲԴԽ-ն դատավոր Մարիկյանին հայտարարել էր նկատողություն։