Սբ Էջմիածնի արարողություններից հետո, երբ բոլոր կարծիքները հնչել են, եւ «ինֆոհոսքերը»՝ նվազել, փորձենք ամփոփել այդ կարեւոր իրադարձությունները։
• Նախ 2 արարողությունն էլ Մայր Աթոռի կողմից կազմակերպվել էր շատ լավ, կարելի է ասել՝ նույնիսկ գերազանց։ Գուցե ինչ-ինչ ծիսական կամ տեխնիկական դետալներում թերացումներ եղել են, սակայն դրանք սովորական մարդու համար դրանք մնացին աննկատ։
• 2 արարողությունն էլ ներշնչող էին, նույնիսկ՝ հուզիչ, անկախ նրանից՝ դիտողը հավատացյալ էր, թե կրոնական իմաստով անտարբեր անձ։
• Կարեւոր առաջընթաց էր, որ բավականին ակտիվ լուսաբանվեց այդ ամենը։ Հատկապես հետաքրքրական էին նախորդ տասնամյակներում իրականացված Մյուռոնօրհնության արարողությունների մասին պատմող ռեպորտաժները։ Այս առումով, կարծես, Մայր Աթոռում սկսել են ուշադրություն դարձնել տեղեկատվական ոլորտին, ու պետք է հուսալ, որ այդ ուշադրությունը, զուտ Մյուռոնօրհնության կարեւորությամբ պայմանավորված չէր։
• Ուշագրավ էր այն, որ երկու արարողությանն էլ ներկա չէր Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը։ 2015-ի Մյուռոնօրհնությանը կարծես ներկա էր, իսկ այս անգամ չկար։ Իհարկե, Երուսաղեմի հայոց պատրիարքությունից ներկայացուցիչ կար, բայց արարողության եզակի կարեւորությունը թելադրում էր, թերեւս, որ Նուրհան Մանուկյանն էլ ներկա լիներ, ինչպես որ ներկա էր Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը եւ անգամ առանձին պատարագ կարդաց։ Հնարավոր է, որ Նուրհան պատրիարքը չի եկել Հայաստան՝ Իսրայելում տիրող բարդ իրավիճակի պատճառով։ Հնարավոր է՝ չի ցանկացել ավելորդ ուշադրություն հրավիրել իր նկատմամբ, հաշվի առնելով Երուսաղեմի հայկական համայնքում վերջին շրջանում «Կովերի պարտեզ» հողամասի պատճառով ծագած խնդիրները եւ դրանցով պայմանավորված՝ հայտնի «ստատուս քվոյի» պատասխանատու երկրների ղեկավարների՝ նրա հանդեպ որդեգրած բավականին խիստ կեցվածքը, որի մասին օտարագիր մամուլում հրապարակումներ եղան։
• Կարելի է ասել, որ աննախադեպ էր երկու արարողությունների «քաղաքականացումը», հատկապես՝ դրանց ՀՀ իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հարցի համատեքստում։ Չնայած երկու արարողությունն էլ, մեծ հաշվով, կրոնական էին, սակայն հայաստանյան մամուլում այդ արարողությունների «քաղաքական բաղադրիչի» մասին ավելի շատ խոսվեց, քան, օրինակ, Սրբազան մյուռոնի բաղադրության կամ մայր տաճարի վերանորոգումների պատմության։ Դա իր հերթին ձեւավորեց որոշակի տրամադրություններ, մթնոլորտ, որը մինչեւ հիմա պահպանվում է։ Պատմության մեջ նման «քաղաքականացված» կրոնական արարողություններ դժվար թե եղած լինեն։
• Այն, որ Հայաստանի ղեկավարությունը հրավիրվեց երկու արարողությանն էլ, ու հրավերներն ուղղվել էին Գերագույն հոգեւոր խորհրդում քննարկումների արդյունքում, խոսում է այն մասին, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն անձամբ հակված է Հայաստանի իշխանությունների ու Մայր Աթոռի միջեւ եղած անջրպետը հարթելուն։ Նման կեցվածքի պատճառները բավականին շատ են՝ զուտ ներքին հարցերի կարգավորման տրամադրվածությունից մինչեւ «արտաքին ազդակներ»։
• Այն, որ Գերագույն հոգեւոր խորհրդում, ինչպես գրել էր «Հրապարակը», 22 անդամից միայն երեքն էին դեմ արտահայտվել, որ Հայաստանի ղեկավարությունը հրավիրվի, խոսում է այն մասին, որ առաքելական եկեղեցում առանձնապես հակված չեն խրվելու ներքաղաքական օրակարգի մեջ։
• Այս օրերին թե՛ «Հրապարակին», թե՛ այլ լրատվամիջոցների, առաքելական եկեղեցու բարձրաստիճան կղերականների, ազգային-եկեղեցական բարերարների հարցազրույցներից ու արտահայտած մտքերից կարելի է եզրակացնել, որ հատկապես սփյուռքում բնակվողների համար հայաստանյան ներքին քաղաքական օրակարգի հարցերը, մեծ հաշվով, ընկալելի չեն եւ հատկապես ընկալելի չեն, թե ինչու պետք է եկեղեցին մտնի նման հարցերի մեջ։ Հնարավոր է, որ նման ազդեցիկ մարդկանց, կարեւոր չէ՝ կղերական, թե քաղաքացիական անձինք, տեսակետներն էլ իրենց դերակատարումն ունեցել են, որպեսզի Գարեգին Բ-ն որոշի ամեն դեպքում հարթել Հայաստանի իշխանությունների հետ ունեցած խնդիրները։ Սփյուռքաբնակների համար կարեւոր է, որ եկեղեցին շարունակի անխափան իրականացնել իր կրոնական, կրթական եւ ազգամշակութային հայապահպան գործունեությունը, այսինքն՝ մնա իր ավանդական առաքելության շրջանակներում, իսկ դրանից դուրս եղածը՝ սահմանափակվի Հայրենիքի հզորացման համար գործադրած ջանքերով։ Ներքաղաքական հարցերը նրանց համար, մեծ հաշվով, քաղաքական շրջանակների գործն են, որտեղ եկեղեցին անելիք չունի։
• Կարելի է ասել, որ առաքելական եկեղեցու վերնախավում քաղաքական առումով ավելի կոշտ կամ իշխանությունների հանդեպ ավելի արմատական տրամադրվածները, մեծ հաշվով, մեծամասնություն չեն կազմում։ Այլ բան, որ այդ «կոշտ մոտեցման կողմնակիցների» ճամբարն ակտիվ է մամուլում, սակայն դա, այսպես ասած, «գետնի վրա» տեսակարար կշիռ չունի՝ «նավավարի վրա ազդելու հարցում, որի ձեռքին նավի ղեկն է»։ Սրան հակառակ, պայմանական ասած՝ «չափավորներն» ու «չեզոքները» մեծամասնություն են կազմում եւ ունեն լծակներ՝ ազդելու որոշումների կայացման կամ որդեգրելիք ընթացքի վրա։
Ամփոփելով կարելի է ասել, որ առաջիկայում հնարավոր է, որ դանդաղ ընթացքով կամ «փոքր քայլերի հաջորդականությամբ» Հայաստանի եկեղեցական եւ քաղաքական իշխանությունների միջեւ եղած անջրպետը փորձեն հաղթահարել, հատկապես, որ Հայաստանի իշխանություններն էլ, աչքի առաջ ունենալով 2026 թվականի ընտրությունները, Հայաստանի բնակչության շրջանում առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունքը (փաստված ամերիկյան ինստիտուտի իրականացրած սոցհարցումներով), ինչպես նաեւ գլոբալ ուժային կենտրոնների՝ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած հարգանքը, առանձնապես հետաքրքրված չեն լինի շարունակել առճակատումը մի կառույցի հետ, որն ընտրազանգվածի վրա ունի որոշակի ազդեցություն։