Հասարակություն

Գիշերը 22։30-ից մինչև առավոտվա 6-ը կրակել են, ամսի 20-ից սկսած ամեն օր կրակում են

Գիշերը 22։30-ից մինչև առավոտվա 6-ը կրակել են, ամսի 20-ից սկսած ամեն օր կրակում են

Գիշերը 22։30-ից սկսած կրակում են մինչև առավոտվա ժամը 6-ը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակչուհին: Բնակչի անունը չենք նշում, որովհետև մարդկանց զգուշացրել են՝ չխոսել կրակոցների մասին, այլապես խնդիրներ կունենան:

Խնածախի բնակչուհին տեղեկացրեց, որ ոչ միայն օրեր առաջ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանի տան ուղղությամբ են կրակել, ինչի մասին մենք գրել էինք:

«Որ մտնում ես գյուղ՝ վերևի տները, այդ կողմերում էլ ասկոլկաներ կան: Հիմա բոլորս վախենում ենք, չգիտենք պատուհանի տակը քնենք, էդ ժամին դուրս գանք դուրսը: Պատրոն է, ինչ իմանաս՝ ուր կկպնի: Գիշերը երեխան ասում է՝ տատի վախեցա: Մենք ապրո՞ւմ ենք, սա կյա՞նք է: Ամսի 20-ից մինչև այսօր ամեն օր կրակում են: Մեր գյուղը չի մենակ՝ Խոզնավարն էլ ՝ նույն ձև կրակում են»,-ասաց Խնածախի բնակչուհին:

Թշնամին մեկ ժամ տևողությամբ կրակում է, դադար են տալիս ու հետո նորից շարունակում են:
Իսկ թե ինչու են կրակում, բնակչուհին չգիտի:

«Երևի վախացնում են, որ փախնենք: Արցախցիները եկան, բա մենք ո՞ւր գնանք, մենք էլ գնալու տեղ չկա՝ փախնենք գնանք ո՞ւր»,-ասում է Խնածախի բնակչուհին:

Բնականաբար կրակոցները իրենց բացասական արդյունքը տվել են՝ գյուղից հինգ-վեց ընտանիք արդեն մտածում է գյուղը լքելու մասին՝ երեխաներին կրակի տակ մեծացնելու հեռանկարը մարդկանց մտածել է տալիս, ասում է խնածախցին:

Սակայն, հայրենի տունը լքել չի ուզում մեր զրուցակիցը. «Մենք չենք ուզում մեր տները թողնենք՝ գնանք, մենք ուզում ենք մեր գոմը, մեր անասունը, որ գալիս ենք մեր բալկոնում նստած՝ մեր կուշետկին կոֆե ենք խմում...մենք չենք ուզում մեր կուշետկեն թողնենք: Մենք մեր հայրենիքն ենք ուզում, մեր հողն ենք ուզում: Չեն թողնում ապրենք, չեն թողնում մեր հողում ապրենք»,- ասաց Խնածախի բնակչուհին:
Նույն կերպ թշնամին կրակում է Խոզնավարի ուղղությամբ.

«Ադրբեջանցիները այս գիշեր կրակել են: Ամսի 20-ից հետո միայն երկու օր է եղել, որ չեն կրակել»,-ասաց Խոզնավարի բնակիչը և հավելեց, որ գյուղի տները բարեբախտաբար չեն վնասվել:
Խոզնավարում ևս գիշերը տասն անց կեսից են սկսում կրակել թշնամին: 

«Երկու ժամը մեկ, երեք ժամը մեկ կրակում են՝ նայած օր: Շատ երկար չեն տևում կրակոցները»,-ասաց Խոզնավարի բնակիչը:

Հարցին, արդյոք լսե՞լ են լուրերն այն մասին, որ թշնամին հայ դիրքապահներից պահանջել էր գյուղի երկու դիրքերը հանձնել ու հետ քաշվել, ասաց.«Ես երեկ եղել եմ դիրքերում՝ այդպիսի բան չեմ լսել ոչ մեկից, ոչ ոք այդ մասին չի խոսում: Ես տեսել եմ նման հրապարակումներ ֆեյսբուքում, սակայն երեկ դիրքերում եղել եմ՝ նման բան չեմ լսել»:

Կրակոցների նպատակը մարդկանց վախեցնելն է ամենայն հավանականությամբ: Խոզմավարի բնակիչը շեշտում է՝ գյուղից հեռանալու մասին ոչ ոք չի մտածում, չնայած որ կրակոցների տակ ապրելը ծանր է, սակայն մարդիկ կենտրոնացած են իրենց առօրյա գործերի վրա:
Այս և նախորդ գիշերները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի ուղղությամբ չեն կրակել՝ մեզ հետ զրույցում ասաց Տեղի բնակիչը, սակայն կրակել են երկու օր առաջ: 
«Այս պահին դեռևս հանգիստ է, կրակոց չի եղել»,-ասաց Տեղի բնակիչը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image