Երեւանի քրեական դատարաններում դատավորների պակաս կա, դրանք լրացնելու համար մրցույթներ են անցկացվում, եւ հետաքրքիր է, որ դատավոր դառնալ ցանկացողների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է։ Վերջերս Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավորների մրցույթ էր անցկացվում, եւ տեղեկացանք, որ դրան մասնակցել է ընդամենը մեկ անձ՝ Սեւակ Սեդոյանը, որը չի անցել․ նվազագույն 80 միավորը չի ստացել՝ հավաքել է 33 միավոր։ Իրավիճակը փաստում է, որ դատավոր դառնալը Հայաստանում այլեւս ցանկալի չէ, եւ անգամ բարձր աշխատավարձը չի գայթակղում իրավաբաններին: Դրան են նպաստում նաեւ իշխանությունների կողմից ճնշումները դատավորների վրա, անհարկի վարույթները, լիազորությունների ապօրինի դադարեցումները, «պատերի տակ վնգստացող» եւ «տեր փնտրող» դատավորներ պիտակները, որ օգտագործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միակ թեկնածուի մասին
Սեւակ Սեդոյանը փասատաբան է, նա նաեւ քաղաքականության մեջ է եղել, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ցուցակի 50-րդ համարը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Սեդոյանն իր չանցնելու վերաբերյալ ասաց՝ «կյանք ա, էդպես էլ ա ստացվում»։ Անդրադառնալով նախկինում քաղաքականությամբ զբաղվելուն՝ ասաց, թե չի հիշում, որ ցուցակում եղել է․ «Չեմ հիշում՝ ոնց եմ հայտնվել այնտեղ։ Ես երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, եւ եթե անունս ինչ-ինչ պատճառով ընդգրկված է եղել, զուտ ձեւական է եղել, եթե ուշադրություն դարձնեք՝ ես այդ պրոցեսներին չեմ մասնակցել, իմ առկայությունը չի էլ ընդգծված»։
- Հակակոռուպցիոն դատարանի վրա ակնհայտ ավելի շատ ճնշումներ կան, քանի որ այնտեղ են քննվում նախկինների վերաբերյալ քրգործերը, մրցույթին մասնակցելուց առաջ դա հաշվի առե՞լ եք։
- Ձեր հարցով պնդում եք անում, որ ճնշումներ կան, այնտեղ մի քիչ ավելի շատ է։
- Ակնհայտ չէ՞, որ ճնշումներ կան, դրա մասին նաեւ փաստաբաններն են ասում։ Մրցույթին մասնակցելուց առաջ դիտարկե՞լ էիք, որ նման խնդիր էլ կար։
- Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, հիմա ով ինչ ուզում, անում է։
- Դատական համակարգի վրա ճնշումներ չե՞ք նկատում։
- Ես չեմ կարող նման պնդում անել, ես չեմ զգացել։ Հիմա Դուք արդեն հարցեր եք տալիս, որ որոշակի առումով որոշակի գործերից ձեւակերպումներ պետք է անել, որոնցով ես չեմ զբաղվում, գնացեք՝ այդ մարդկանց փաստաբաններին հարցրեք։
- Մեր հարեւան տիկինն էլ այդ գործերով չի զբաղվում, բայց տեսնում է, որ, օրինակ, Միքայել սրբազանը քաղաքական ճնշման հետեւանքով է կալանավայրում։
- Հիմա Դուք զանգել եք՝ իմ գործերի՞ց հարցնեք, թե՞ Միքայել սրբազանից։
- Ասում եք` չեք նկատել, ես էլ օրինակ եմ բերում։
- Ես ասում եմ՝ չեմ նկատել, իրավունք ունե՞մ այդպես պատասխանել։