Քաղաքականություն

Եվ կրկին զարմանում եմ, որ դուք զարմանում եք

Եվ կրկին զարմանում եմ, որ դուք զարմանում եք

Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վերացնել ՀՀ բանակում  ռազմական կապելանների ինստիտուտը, ուղիղ կերպով տեղավորվում է ժողովրդի «անասնացման», ավելի ճիշտ՝ հոգևոր խեղման հայեցակարգի մեջ։

Այն հոգևորականները, որոնք հավատարիմ են մնացել Հայ Առաքելական Եկեղեցուն, իշխանության համար ընկալվում են որպես սպառնալիք, իսկ եթե նրանք անմիջական հասանելիություն ունեն զինվորականներին, ապա, իշխանությունների պատկերացմամբ, այդ սպառնալիքը բազմապատկվում է։ Սակայն թե՛ իշխանությունների հակաեկեղեցական քայլերը, թե՛ հասարակության ազգային հիմնական խորհրդանիշները պետական խորհրդանշաբանությունից դուրս բերելու նախապատրաստումը (Արարատի` որպես հայկականության սիմվոլի մերժում, Հայոց ցեղասպանության հիշատակի արժեզրկում), արցախյան հարցի ագրեսիվ «չեզոքացումը», հայ ժողովրդի պատմության վերաշարադրումը (կեղծումը) — այս ամենը միևնույն թուրքական «ցանկություններից» բաղկացած շղթայի օղակներ են։
Պետք չէ խճճվել, երբ այս ամենը կատարվում է բարձրագոչ հայտարարությունների ներքո, թե իբր ազգային բաղադրիչի ոչնչացումը արվում է «պետությունն ամրապնդելու» համար։

Պետք է պարզապես պարզել, թե կոնկրետ որ «պետությունը» նկատի ունի ներկայիս ՀՀ իշխանությունը և այս պարագայում տարրական տրամաբանությունը հուշում է, որ դա հաստատ Հայաստանի Հանրապետությունը չէ։

Եթե այս գործընթացները դիտարկենք «չոր» քաղաքական տրամաբանության ներքո, ապա անշուշտ  ունենք իրավիճակ, երբ հայկական իշխանությունն իր քայլերով գործնականում  ձևավորում է առավել նպաստավոր պայմաններ «արևմտյան ադրբեջան» նախագծի իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության փոխարեն։

Սա ֆանտաստիկա չէ, վախի սերմանում չէ և ոչ էլ «գույների խտացում», սա իշխանությունների բազմամյա գործողությունների շղթայից բխող տրամաբանական եզրակացություն է։
Եվ մի խաբվեք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձրագոչ խոսքերին, պարզապես հիշեք, թե ինչպես էին նույն եռանդով նրանք տարբեր ամբիոններից խոսում իրենց սիրո մասին Արցախի հանդեպ… հենց այն Արցախի, որի անվանումն անգամ այսօր հրաժարվում են արտաբերել։
Եվ ևս մեկ բան․ ձեզ չի՞ զարմացնում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները մեր (այսինքն, հայերիս) նկատմամբ անմիջապես դառնում են Հայաստանում գործող իշխանության քաղաքական գործառույթի մաս։

Եվ այս համատեքստում ավելորդ չէ հիշեցնել, որ թուրքերի և ադրբեջանցիների հիմնական և սկզբունքային պահանջը Հայաստանի նկատմամբ՝ հենց Հայաստանի և հայ ժողովրդի  գոյության անհատեղելիության փաստն է։ Ուստի հետևություններ արեք, քանի դեռ ժամանակ կա։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image