Անկախության տոնը երեւի շատերի համար Հայաստանի ամենասիրելի պետական տոնն է։ Եթե ետ նայենք մեր 4500-ամյա պատմությանը, ապա մենք ունենք հազարամյակների պետականության եւ անկախության պատմություն՝ Ք․ծ․ա․ 2492-ին Հայկազունիների արքայատան ու պետության հիմադրումից մինչեւ Արշակունյաց արքայատան անկումը` մեր թվարկության 428-ին։ Դա արդեն կազմում է 3000-ամյա պետականություն եւ անկախություն։ Աշխարհում քանի ժողովուրդ է եղել կամ կա, որ 3000 տարվա թեկուզ պատմություն ունի՝ չխոսելով այլեւս պետականության եւ անկախության մասին։ Իսկ ցանկացած մեկին, որի մտքով կանցնի կասկածել, թե հայոց տոմարը, պատմությունը, անկախությունը, պետականությունը սկիզբ են առել Ք․ծ․ա․ 2492-ի օգոստոսի 11-ին կամ առանց ընդհատման շարունակվել են մինչեւ Արշակունյաց արքայատան անկումը, դեռ 1500 տարի առաջ պատմահայր Մովսես Խորենացին է պատասխանել․ «Ես մատնացույց եմ արել աղբյուրները, որոնցից օգտվելով՝ գրել եմ հայոց պատմությունը, մյուսներն էլ թող մատնացույց անեն իրենց օգտագործած աղբյուրները...»։
Պարզ է, որ մյուսներից շատերը ո՛չ աղբյուրներ են ունեցել, ո՛չ էլ գոյություն կամ պատմություն, այլ հետահայաց հորինել են անցյալի պատմություններ՝ Հին Կտակարանի պատմական անցքերի հորինվածքներից սկսած։ Իսկ մենք ունեցել ենք ե՛ւ պատմություն, ե՛ւ քաղաքակրթություն, ե՛ւ պետականություն ամբողջ 3000 տարի, մինչեւ առաջին անգամ անկախությունը կկորցնեինք 428-ին՝ Վռամշահուպ արքայի որդու գահազրկումով, եւ կվերագտնեինք 855-ին՝ Աշոտ Մեծ Բագրատունու գահակալությամբ։ Երկրորդ անգամ անկախությունը կորցրել ենք 1375-ին՝ Լուսինյան արքայատան անկումով եւ վերականգնել ենք 1918-ին՝ Առաջին Հանրապետության հիմնադրմամբ։
Ընդսմին, անկախության կորստի մեր առաջին շրջանը զգալիորեն համընկել է Արաբական խալիֆայության ստեղծման ժամանակների հետ, երկրորդը՝ ուղիղ Օսմանյան կայսրության բարձրացման։ Այդ երկու իրադարձությունն էլ եղել են մարդկային պատմության մեջ տարերային աղետներ, որ առնչվել են հսկայական տարածքների, մեծ թվով երկրների եւ ժողովուրդների, այդ թվում՝ հայերին։ Այնպես որ, Հայաստանի անկախության տարեդարձներին, մեր մի քանի դարյա անկախության կորստյան շրջանները հիշելուց առաջ կամ հետո պետք է մտաբերել նաեւ պետականության եւ անկախության հազարամյա շրջանները, երբ հայոց թագավորությունները եղել են իրենց ժամանակի ամենահզոր տերությունները կամ դրանց թվում։ Նույնիսկ մեր ամենափոքր թագավորությունը՝ Կիլիկիան, իր գոյության երեք դարերի ընթացքում ողջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ հաղորդակցության դուռն էր ու դարպասը։
Իսկ պատմությունից դառնալով 2025-ին` պետք է մեծ գոհունակությամբ արձանագրել երկու պատմական եւ ապագան կանխորոշող ձեռքբերումներ, որ ունեցավ Հայաստանը 2025-ին` ի դեմս ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատման եւ ԱՄՆ-ի՝ Հայաստանում ռազմաքաղաքական առումով հաստատվելու առաջընթացի։
Ովքեր չեն գիտակցել, թե ինչ արժեք, հեռանկար ու ներուժ ունի ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստրագրումը, արժե, որ վերհիշեն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած ասուլիսը։ Թրամփին քծնելու ջանքերում Փաշինյանին էլ գերազանցած Ալիեւը, որ ստորաքարշությունից քիչ էր մնացել Թրամփի ոտքերի տակ թավագլոր լինի, ուղղակի բացականչեց․ «Պատկերացնո՜ւմ եք, ռազմավարական գործընկերություն ունենալ աշխարհի ամենահզոր տերության հետ... Ի՜նչ կարող է լինել դրանից ավելի...»։ Երեւի այդ կադրերը նայելիս Հայաստանում շատերի մտքով նույն ֆրազն է անցել․ «Լիովին պատկերացնում ենք, հիմա´ր, որովհետեւ Հայաստանն այդ կարգավիճակն ունի»։ Իսկ, այ, Ադրբեջանը երբեք այն չի ունենա։ Փոխըմբռնման հուշագիր ստորագրելը՝ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին, որն աշխատի ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության կանոնադրություն մշակելու ուղղությամբ, այնքան արդյունքից հեռու գործընթաց է կամ տարիներ պահանջող աշխատանք, որ դժվար մի պահի չընդհատվի եւ որեւէ արդյունք տա։
Երկրորդ ձեռքբերումը, որ հնարավոր չէ գերագնահատել, ԱՄՆ-ի ուղիղ միջամտությունն էր Հայաստանի հարավում երթուղիների թեմային եւ այդ թեման հաջողությամբ ու մեկընդմիշտ փակելը։ Առաջիկա 99 տարում որեւէ ավտոճանապարհ կամ երկաթուղային ճանապարհ Հայաստանի տարածքով դժվար թե կառուցվի։ Ադրբեջանը Հայաստանի տարածքով որեւէ հաղորդակցային կապ Նախիջեւանի հետ երբեք էլ չի ստանա։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կատարված անցուդարձի ողջ արժեքը հենց այն էր, որ ԱՄՆ-ն շատ հասկանալի բացատրեց թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքում կանգնում է ԱՄՆ-ն, բոլոր մյուսները՝ հեռու նման։
Դեռ երկու տարի առաջ՝ 2023-ի նոյեմբերին, Բայդենի վարչակազմում պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը բառացի հայտարարել էր․ «...Եթե Կենտրոնական Ասիայից ապրանքները կարողանան Ադրբեջանով եւ Հայաստանով հոսել Թուրքիա, ապա դա էական խթանում կբերի առեւտրային ճանապարհի բոլոր երկրներին։ Եվ մենք կողջունեինք դրան մասնակցությունը։ Սակայն, միեւնույն ժամանակ, եթե որոշում կայացվի՝ դրան հետամուտ լինել ոչ խաղաղ միջոցներով, ապա մենք կօգտագործենք հնարավոր բոլոր լծակները՝ խափանելու նման առեւտրային ճանապարհի կառուցումը։ Այսպիսով, մենք շատ հստակ ասել ենք կողմերին այն մասին, թե ինչ ենք մենք ակնկալում տեսնել, եւ հետեւանքների մասին, եթե այլ զարգացումներ լինեն»։
Դրանից Իլհամ Ալիեւն այնպես էր իրեն պատեպատ տալիս, որ երկու ամիս հետո դեռ մոռանալ չէր կարողացել եւ 2024-ի հունվարին, թե փետրվարին հայտարարեց՝ ԱՄՆ-ն ասում է՝ մեզ թույլ չի տա Հայաստանի տարածքով Նախիջեւան ելք ունենալ, ինչպե՞ս պիտի թույլ չտա, զո՞րք պիտի տեղակայի։ Այ, հիմա Ալիեւը թող գիտակցի, ինչպես ԱՄՆ-ն թույլ չի տա, ԱՄՆ-ն ուղղակի կհայտարարի, որ ինքն է ճանապարհը կառուցելու, եւ այն չի կառուցի։ Վերջ։ Իլհամ Ալիեւն ազատ է՝ մինչեւ կյանքի վերջը սպասելու Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ կառուցվելուն։ Նույնիսկ Ալիեւի կինը կամ որդին կարող են այդ օրվան սպասել, եթե, իհարկե, Ադրբեջանն այդքան երկար գոյություն ունենա։
Մի քիչ դժվար է հավատալը, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո Կրեմլը գործողության շարունակությունն Ադրբեջանի տարածքում չի ծավալի։ Վերջնահաշվում Հայաստանի եւ Վրաստանի եվրաինտեգրման փոխհատուցումը լինելու է Ռուսաստանի վերահսկողությանը հանձնվող Ադրբեջանը։ Ալիեւը գիտակցում է, որ ինքն ու իր երկիրը գրոշի արժեք չունեն քաղաքակիրթ աշխարհի համար, նավթի պահանջարկն անկում է ապրում, իսկ Թուրքիան էլ տնտեսական փլուզման իր վիճակում Ադրբեջանին հազիվ թե կարողանա պաշտպանել ընդդեմ Մոսկվայի ռազմական գործողության։ Թուրքիան փորձ ունի, որ Մոսկվայի հետ իր գզվռտոցներին ՆԱՏՕ-ն չի միջամտում, դրա համար էլ երբեք Կրեմլի հետ ռազմական դիմակայության չի գնա։ Չէ՞ որ Կրեմլը կարող է օրուգիշեր շեփորահարվող միջուկային զենքերը վերջապես ՆԱՏՕ-ի դեմ գործադրել Թուրքիայի տարածքում։ Հնարավոր է Վաշինգտոնում Ալիեւը Թրամփի ոտքերի տակ թավագլոր էր լինում՝ հուսալով, թե ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պիտի հասնի ու դրանով պաշտպանվի։
Իսկ ԱՄՆ-ին հետաքրքրողը, ինչպես հարյուր տարի առաջ Վերսալյան վեհաժողովում Հայաստանի մանդատը վերցնելիս, այնպես էլ այսօր Միջերկրական ծովից Հայաստան ճանապարհային կապն է, Կիլիկիա-Հայաստան տրանսպորտային կապը, որն ամերիկացիները սքողված կոչում են «միջին միջանցք»։ Այդ՝ Կիլիկիա- Հայաստան միջանցքի ծիրում է արձանագրվում ԱՄՆ-ի աստիճանական, արագ եւ անխոչընդոտ հաստատումը Հայաստանում ու տարածաշրջանում, որի հետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն կապ չունեն, այլեւ նույնիսկ դրա հասկացողությունը չունեն։
Թե ինչու է ԱՄՆ-ն հաստատվում Հայաստանում, կապ ունի թե՛ Ուկրաինայի պատերազմին զուգահեռ հյուսիսային եւ հարավային թեւերում ՆԱՏՕ-ի առաջխաղացման հետ, թե՛ Սիրիայում Բաշար Ասադի անկումից հետո հաստատված ԱՄՆ-ի գերիշխանության։ Այս երկու գործընթացների տրամաբանական հատման կետը, բարձրակետը լինելու է ԱՄՆ ռազմական ներկայության հաստատումը Հայաստանում եւ, ամենայն հավանականությամբ, ռուսական ռազմաբազայի անցումն ամերիկացիներին։ Մնում է միայն ցանկանալ, որ այդ փուլն էլ ընթանա նույնքան արագ եւ սահուն, ինչպես մինչ այժմ եղած տեղաշարժերը։
Կիլիկիայում առկա (Ինջերլիք) եւ Հայաստանում հնարավոր (Գյումրի) ամերիկյան ռազմաբազաները լիովին կերաշխավորեն Կիլիկիա-Հայաստան տրանսպորտային կապը եւ ԱՄՆ-ի գերիշխող դիրքը Կովկասից մինչեւ Մերձավոր Արեւելք, ինչի ուղղությամբ էլ իրադարձություններն ակնհայտորեն զարգանում են։