Քանի կար` Նիկոլ Փաշինյանն էր օրակարգ թելադրում. Էլ ԱԺ շրջափակում, էլ Դատարանների բլոկադա, էլ Քովիդ… Արցախը հանձնեց` էլ բան չմնաց, որով կարողանար օրակարգ թելադրել: Խաղաղության խաչմերուկ, խաղաղության պայմանագիր… Սուտ բաներ են, դրանցով հասարակության փորը չես կշտացնի, օրակարգ չես լցնի: Ուղղակի հավատացող չկա: Մի քիչ կարելի էր դեռ թպրտալ վերպետական կառույցներում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, բայց դրանք էլ են սառել մեր հանդեպ: Որ գնում է Մոսկվա, Աստված ենք կանչում, որ մի բան չպատահի, ու բարեհաջող վերադառնա: Որ ճիշտն ասեմ` դարդներս իսկի ինքը չէ, այլ մեր խեղճուկրակ երկիրը, որ ոտնատակ կընկնի, եթե նրան Ռուսաստանում մի բան պատահի: Արևմուտքի բերանը փակել չի լինի` թե հասեք, ժողովրդավարական Հայաստանը գլխատեցին: Առաջին հասնողն էլ ով կլինի՞ … Թուրքիան:
Հեծանվավազքը, որպես օրակարգ ձևավորելու միջոց, բավականին էֆեկտիվ է, բայց դա էլ որոշակի վտանգների հետ է կապված: Բա որ հեծանիվից ընկնի՞… Հիշում եմ, Էրդողանը մի անգամ ձիուց ընկել էր, ձեռուոտը գիպս էին դրել, կողոսկր էր կոտրել: Թուրքիայի ընդդիմությունում ու զինված ուժերում «համար 1» էր հայտարարվել, Google-ն ու You tube-ը փակել էին: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե Նիկոլը հեծանիվից ընկնի: Այդ ի՞նչ գլխից ձեռ քաշած բժիշկ ու հիվանդանոց պիտի լինի, որ նրան ընդունի, ո՞վ նրա ճղճղոցի հավեսն ունի:
Կարծում եմ` Նիկոլը ճիշտ է վարվում, որ այս խառնակ օրերին օրակարգ ձևավորելու գործը թողել է իր կուսակցության անդամներին: Նախ այս խեղճերը մի քիչ կաճեն, և ապա` ինքը ժամանակ կունենա նոր ու հետաքրքիր օրակարգեր մշակելու: Առանց նոր արկածախնդրությունների հնարավոր չէ օրակարգ ձևավորելու սանձերը միշտ սեփական ձեռքում պահել: Մեկ էլ տեսար` այդ հարցում առաջ կանցնեն ընդդիմադիրներդ ու քեզ կոչնչացնեն իրենց օրակարգով: Ի պատիվ Փաշինյանի թիմակիցների ասեմ, որ նրանք օրակարգ ձևավորելու հարցում բավականին կրեատիվ են և իրարից շատ տարբեր: Մեկուկես շաբաթ ողջ հանրային միտքը Արփի Դավոյանն էր գրավել, արդեն մեկ շաբաթը կլրանա, որ իրական ու վիրտուալ Հայաստանը Հովիկ Աղազարյան է վերլուծում: Դերասաններ կան, չէ՞, որ բեմի վրա եթե ոչինչ էլ չանեն, հանդիսատեսը մեռնում է ծիծաղից: Արփի Դավոյանն ու Հովիկ Աղազարյանն այ այդպիսի քաղաքական գործիչներ են: Բավական է մի էպիզոդում երևան, և, խնդրեմ, օրակարգը ձևավորված է, զավեշտը ապահովված: Ասում են, իբր, Նիկոլն էր կազմակերպել այդ ամենը: Չեմ բացառում, հնարավոր է, բայց եթե Նիկոլը ոչինչ էլ չանի, ՔՊ-ի այդ ո՞ր ներկայացուցիչն է Արփիից կամ Հովիկից պակաս «տաղանդավոր»: Բավական է Արգիշտի Քյարամյանը ամեն մեկի այիբը երեսներով տա ու նրանք մի-մի Հովիկ Աղազարյան կդառնան:
Հայաստանում արդեն մի քանի փորձ է եղել` օրակարգ ձևավորել Նիկոլի ախրանայի միջոցով: Դիցուք` քանիցս ուզեցել են Նիկոլին սպանել, բայց ախրանան ու ԱԱԾ-ն իրենց բարձրության վրա են գտնվել: Ի՞նչ վատ թեմա է օրակարգ ձևավորելու համար` աղմուկ, աղաղակ, ձերբակալություններ, սատանաների վնասազերծումներ… Առավել գրավիչ են, սակայն, այն տեսարանները, երբ ախրանան Նիկոլին ուղղակի փախցնում է դեպքի վայրից: Հիշենք թեկուզ ԱԺ դահլիճից Նիկոլին փախցնելը, երբ ընդդիմադիր և իշխանական պատգամավորներն իսկական «բոյնյա» էին սարքել ամբիոնի մոտ: Կարող եք հարցնել` այստեսղ օրակարգը ո՞րն էր: Օրակարգը Նիկոլի սադրանքն էր: Սադրեց ու թռավ, իսկ ավելի ստույգ` ախրանան նրան փախցրեց: Փաշինյանի ախրանայի ամենափայլուն գործողություններից մեկին էլ ականատես եղանք Գյումրիում: Դարձյալ սադրանքի արդյունքում (ո՞վ է տեսել էս մառոզին հեծանիվ քշեն) Գյումրու Սլաբոդկա թաղամասի թափառող շները «հասան» Նիկոլի վրա: Ես այս դեպքի մանրամասներին շատ չեմ տիրապետում, բայց ըստ ականատեսների` ախրանան ոչ թե հակադարձել է շներին, այլ Նիկոլին առել ու թռել է դեպքի վայրից: Նոր օրակարգն, ինչպես ասում են, ձևավորվեց ինքնըստինքյան: Հիմա այս մասին մի քանի օր կխոսենք, թերթերը նոր մանրամասներ կհաղորդեն` Նիկոլը տուժել է, չի տուժել, Շամշյանը որ կողմ էր նայում, ինչով է զբաղված Գյումրիի քաղաքապետարանի շնահավաքության բաժինը և այսպես շարունակ: Վերջում էլ կպարզվի, որ Գյումրիում ՔՊ-ն հենց այնպես չի ընկել Բալասանյան դաշինքի հետևից: