Հասարակություն

Միքայել սրբազանին ոչ ոք չի ծանուցել, ոչ մի հարց չեն ուղղել

Միքայել սրբազանին ոչ ոք չի ծանուցել, ոչ մի հարց չեն ուղղել

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ վարույթ է նախաձեռնվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ` 2025 թվականի հունիսի 17-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԶԼՄ-ներով իբրև իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հատկանիշներով։

«Հրապարակի» հետ զրույցում Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ասաց, որ իրեն ոչ ոք չի զանգել, ոչ ոք չի այցելել։ «Այդ հոդվածի 2-րդ մասով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պիտի գործ հարուցեն` ինքն է ինքնիշխանությանը վնաս հասցրել, տարածքային ամբողջականությանը վնաս հասցրել, ես վնաս չեմ հասցրել։ Բայց ես տեղյակ չեմ, ինձ որեւիցե ծանուցում, ծանուցագիր չի եկել»,-ասաց Սրբազանը։ Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են ռազմական հեղաշրջում կոչ անելու մեջ, ինչի մասով Սրբազանը նկատեց. «Ես ընդամենն ասել եմ, որ Ազգայինն Անվտանգությունն ու Ոստիկանությունը պետք է այս սպառնալիքը, որը ներկայանում է անձի տեսքով, պետք է չեզոքացնեն` դա իրենց ծառայողական պարտականությունների մեջ է մտնում` այս երկրի նկատմամբ եղած որեւիցե սպառնալիք չեզոքացնել։ Հիմա սպառնալիքն այդ մարդն է, պետք է չեզոքացնեն։ Հիմա դա ռազմական հեղաշրջման, թե ոչ ռազմական հեղաշրջման կոչ է` չգիտեմ, թող իրենք մտածեն»,-շեշտեց Տեր Միքայել

Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Շիրակի թեմի առաջնորդը նկատում է, որ այս իշխանություննենը իրեն կալանքի տանելու ոչ թե ցանկություն ունեն, այլ երազում են այդ մասին եւ նրանք ամեն ինչի ընդունակ են։ «Մենք ամեն ինչի պատրաստ ենք, ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ նախկին երիտասարդական առողջությունը չունեմ, այդքան բան, թե չէ ոչ մի բան ինձ չի վախեցնում։ Ուղղակի մի քիչ ավելի երիտասարդ պիտի լինեի, ավելի առողջ պիտի լինեի, բայց Աստված ուժ կտա, կարողություն կտա։ Եթե եկել էր վերջը, վերջն էլ կընդունենք, ինչի խնդիր կա՞, անմահ չենք»,-ասաց Սրբազանը։ Սրբազանը նկատում է նաեւ, որ բնականաբար փորձելու են նաեւ Վեհափառին հասնել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image