Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց դիմումը Սահմանադրական դատարան։ Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: Այսօր ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմումներ են ներկայացնելու նաև «Հայաստան» դաշինքը, «Միասնության թևեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանն անդրադառնալով ՍԴ-ից իրենց ակնկալիքներին նշեց․ «Վստահության դեֆիցիտը ինքնին չպետք է արժեզրկի գործիքի իրացումը, իսկ Սահմանադրական դատարան դիմելը ընտրական օրենքի պատադիր բաղադրիչներից մեկն է։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության լրջագույն դեֆիցիտ ունեցող մարմին է։ ԿԸՀ նախագահը մինչև վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, և նույն տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, պետք է որևէ մեկը ընտրական պրոցեսի ընդհանրապես չմասնակցի։ Մեր մոտեցումը սա է։ Նույն ՍԴ անկախության, խնդիրների հաղթահարմանն ուղղված որոշ դիմում- միջնորդություններ էլ կան, որոնք պետք է կատարվեն, փակագծեր չբացեմ, բայց մի քանի հանգամանք իրացվելու է»։
Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 19-ին մինչև 18։00-ն է։ ՍԴ-ն այս դիմումները պետք է քննի 15 օրվա ընթացքում, իսկ դիմումները քննվում են բանավոր կարգով։