Ենթադրում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շրջապատում՝ պաշտոնական թե ոչ, կարող են լինել սոցիոլոգիայից հասկացող անձինք: Որպեսզի նրան ներկայացնեն, որ 38.5 տոկոսանոց հեղինակությամբ «մեծարգո» վարչապետը չի կարող հաղթել 77.7% հավանություն ունեցող հայոց եկեղեցուն։ Երկրորդ կարևոր հանգամանքը նրա հիմնադրած կուսակցության շատ ավելի ցածր վարկանիշն է՝ ընդամենը 16.5%: Այդ տվյալները «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի, այս տարվա, կարծում եմ, վերջին սոցհարցումից են: Ասեմ, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արանքում իրականացված այդ հարցման՝ «մեծարգոյի» անհատապես վարկանիշի մակարդակը նույնիսկ անսպասելի էր: Որովհետև հանրային դաշտում շարունակ ներկայացվում էր 15-20 տոկոսանոց վարկանիշ, ու մեկ էլ՝ առ հա քեզ, միանգամից կրկնակի ավելի: Սպասելի էր, թե ոչ, բայց քանի որ այն առկա է՝ ընդունենք այն ի գիտություն:
Ինչպես երևում է, վարչապետի աթոռից կառչած անձի վարկանիշը կրկնակի ցածր է եկեղեցուն տրված հավանությունից: Ինչը նշանակում է, որ առաջիկա կիրակի կամ Սուրբ Ծննդյան օրը և կամ մնացած ժամանակահատվածում՝ մինչև 2026-ի հունիսի 7-ը, գործող իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ դժվար թե կազմակերպվի այնպիսի արշավանք, ինչպիսին դեկտեմբերի 18-ինն էր: Որովհետև եթե դա տեղի ունենա ու ստացվի նույն արդյունքը՝ ավելի լրջորեն կթուլացնի «մեծարգոյի» դիրքերը հունիսի 7-ի ԱԺ ընտրությանն ընդառաջ: Իսկ Նկոլը, հասատ, այնքան անմեղսունակ չէ, որպեսզի հարվածի տակ դնի վերարտադրվելու իր հնարավորւթյունը: Ի դեպ, եթե վերջինս պատերազմ սանձազերծեր իրենից կրկնակի բարձր վարկանիշ ունեցող անհատ որևէ հայաստանցու դեմ, ապա կարող էր նույնիսկ շահել այդ պատերազմը: Քանի որ դրան՝ ով էլ նա լիներ, խեղճացնելը հեշտ կլիներ: Շեշտում եմ հայաստանցու, քանի որ Ռուսաստանում կայացած գործարարի դեմ ինքը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ոչինչ անել չի կարողանում: Չնայած Ռուբեն Վարդանյանի դեմ իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ վարքագիծը կապկելու՝ իր անսասան ջանքերին:
Բայց նույնը հնարավոր չէ անել շուրջ երկհազարամյա մի ամբողջ կառույցի առումով, որն իր պատմության ընթացքում ավելի շատ գործել է թշնամական միջավայրում՝ հաշվի առնելով պետականության կորուստները: Ու, ըստ այդմ, մշակել է ինքնապահպանման մեխանիզմներ: Օրինակ՝ Վեհափառի ձերբակալության կամ աքսորի դեպքում Առաջնորդի կարգավիճակն ու դրա շնորհիվ՝ ողջ կառույցը պահպանելու մեխանիզմը: Կարծում եմ, որ անընդհատ ինչ-որ երաժշտության ներքո ձեռքերով սրտիկ պատկերող «մեծարգոյի» տեսանյութերն ինչ-որ չափով բարելավում են նրա հեղինակությունը՝ գոնե սոցցանցերում: Բայց դա վստահաբար բավարար չէ, որպեսզի օգտագործվի որպես քաղաքական կապիտալ: Ինչը կապահովեր Մայր տաճարի ուղղությամբ հերթական արշավի հաջողությունը:
Կարծում եմ, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունը, որը կայացավ կիրակի օրով, թույլ տվեց նրան դադար վերցնել: Որպեսզի գցի, բռնի, թե ինչ անել այսուհետ՝ շարունակել համայնքային եկեղեցիների վրա գրոհելը, թե կրկին փորձել Մայր տաճարի վրա գրոհը: Բայց, ինչպես ասվեց, երկու դեպքում էլ ինքը ոչինչ չի շահում: Քանի որ չկարողացավ բավարար քանակությամբ եպիսկոպոսներ, ինչպես նաև քահանաներ հավաքագրել, որպեսզի եկեղեցիների գոնե կեսը գրավվեր: Ավելի ճիշտ, այդքան աղտոտված հոգևորականներ չկան հայոց եկեղեցում, ինչը հրաշալի ցուցիչ է: Ու նաև տեղերում չհավաքագրվեցին շոուի մասնակցներ, որպեսզի եկեղեցիներում ապահովվեր մասնակիցների գլխաքանակը: Ու ստիպված եղավ ՔՊ-ականներից ու մեկ-երկու տեղական պաշտոնյաներից բաղկացած շրջիկ խումբ ձևավորել: Այդ հանգամանքներով պայմանավորված՝ ինչ էլ փորձի անել, միևնույն է, դատապարտված է ձախողման: Եթե նույնիսկ եկեղեցիներ գրավելը կատարվեր ոչ թե քահանաների ու ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ մարդկանց շնորհիվ, այլ բիրտ ուժով՝ ինչպես դա տեղի ունեցավ: Որովհետև այնքան ռեսուրս չուներ, որ գրավելուց հետո դրանք կարողանար պահել:
Այս հարցում առկա է նաև Արևմուտքի աջակցության կամ, ավելի ճիշտ, դրա բացակայության խնդիրը՝ իր համար: ԱՄՆ-ում հանրահայտ լրագրող, իսկ հիմա բլոգեր Թաքեր Կարլսոնի հետ եկեղեցական թեմատիկայով Կարեն Կարապետյանի հարցազրույցից հետո Հայաստան գալը չեղարկեց ԱՄՆ նախագահի ավագ որդին: Իսկ նրանք, ովքեր ընդունել էին Նիկոլ-Աննա զույգի կազմակերպած աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը, դրսևորեցին հականիկոլական վարքագիծ: Այդ ամենը նշանակում է, որ նույնիսկ իրենց «պապաները» կամ դրանց անուղղակի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմին: Բայց արդեն չեմ պատկերացնում, թե ինչ կարող է անել ինքը: Նահանջել՝ արտաքնապես ցույց տալով, որ ոչինչ չի պատահել, չի կարող: Որովհետև եթե ցանկանա էլ՝ դա թույլ չեն տա ընդդիմությունն ու լրատվամիջոցները: Իսկ շարունակել ներքին մի պատերազմ, որտեղ հաղթանակի շանսերը զրոյական են, դա էլ բանի նման չէ: Մի խոսքով, երկու դեպքում էլ ինքն է ընկնում այն փոսը, որ փորել էր տալիս եկեղեցու համար: Իր վիճակում լավագույն տարբերակը կլիներ ընդհանրապես հրաժարական ներկայացնելն ու Հայաստանից հեռանալը, բայց դրան էլ չի գնա: Քիչ է մնում արդեն խղճամ նրան: Այն անձին, որին մի ժամանակ հարգել եմ: