Հասարակություն

«Հրապարակ». Ղուկասյանների կանանց հեռախոսները տարել են, փաստաբանի աղմուկից հետո` վերադարձրել

«Հրապարակ». Ղուկասյանների կանանց հեռախոսները տարել են, փաստաբանի աղմուկից հետո` վերադարձրել

Նախօրեին փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգելով, որ հափշտակել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կանանց հեռախոսները․ «2025 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը մոտ 12:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնակարան՝ 094-99-07-99 բջջային հեռախոսահամարը, այդ համարին համապատասխանող բջջային հեռախոսը, ինչպես նաեւ թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։

Դատական ակտում նշված է, որ խուզարկության հիմք է հանդիսացել ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Սաֆարյանի միջնորդությունը: Թիվ 68179025 քրեական վարույթով, վարույթն իրականացնող մարմնին թույլատրվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը ներառյալ ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել Սպարտակ Ղուկասյանի բնակության վայր հանդիսացող տանը՝ փնտրելու բջջային հեռախոս եւ էլեկտրոնային կրիչներ։ Խուզարկություն իրականացնողները Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական բջջային հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային հեռախոսահամարի եւ հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չի վերադարձվել, այլ հափշտակվել է։

Խուզարկություն իրականացնողները խուզարկել են ամբողջ տունը (այդ թվում՝ ուսումնասիրվել եւ տեսանկարահանվել են այնպիսի իրեր, որոնք դատական ակտով սահմանված որոնման շրջանակում չէին), սակայն չեն հայտնաբերել դատական ակտում նշված իրերը։ Այնուհանդերձ, նրանք առգրավել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներին պատկանող հետեւյալ բջջային հեռախոսները․ դստեր՝ Մանյա Ղուկասյանի, տիկնոջ՝ Նոնա Ղուկասյանի, թոռնուհի Անի Ղուկասյանի, թոռնուհի Նոնա Ղուկասյանի բջջային հեռախոսահամարները»։

Փոստանջյանը պահանջել էր՝ ընթացք տալ վերոնշյալ հանցագործության մասին հաղորդմանը, քանի որ այդ արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածով նախատեսված արարքներ՝ 203-րդ հոդված (Խտրականություն), 204-րդ հոդված (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 256-րդ հոդված (Վստահված գույքը հափշտակելը):

Ղուկասյանների փաստաբան Զարուհի Փոստանջյանը մեզ ասաց, որ երեկ առավոտյան բոլորի հեռախոսները ետ են վերադարձրել, զանգահարել, ասել են՝ եկեք տարեք։

Փոստանջյանը վստահ է՝ Ղուկասյաններին իրավապահները շարունակում են գաղտնալսել․ «Հիմա արհեստական բանականությամբ ինչ ուզում ես, կարող ես անել։ Օրեր առաջ պատմում էին, որ բառեր կարող ես ասել՝ քո տեղը կերգի, կխոսի։ Հիմա իրենք որոշումներն ունեն, կարող են ինչ-որ բան սարքել, ասել՝ դու ես խոսել, դրան էլ եմ հավատում, որոշումներն աջուձախ դատարաններն առանց հիմնավորման տալիս են»։

Մենք հետաքրքրվեցինք Վարդան Ղուկասյանի առողջական վիճակով, եւ կալանավորման դեմ բողոք տարվե՞լ է արդյոք։ «Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն ըստ իր հիվանդության է, անընդհատ շաքարը բարձրանում-իջնում է, ինքն է չափում շաքարը։ Կալանավորման որոշման դեմ բողոք էինք տարել Վերաքննիչ դատարան, որը մերժվել է անհիմն պատճառաբանությունով՝ պատվերի ներքո, այժմ էլ բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան»։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին, 2 ամսով՝ ենթադրյալ կաշառք ստանալու համար։ Հետագայում եւս մի մեղադրանք է ավելացվել` ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգությունների մասով, կապված Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության մասին նրա հայտարարության հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image