Քաղաքականություն

Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք․ Մաս 1-ին

Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք․ Մաս 1-ին

Խորհրդային Միության փլուզումից եւ Ադրբեջանի անկախացումից հետո այդ երկրում բազմաթիվ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ 1990-ական թվականները, կարելի է ասել, հիշվել են ոչ միայն հեղաշրջումներով, իշխանափոխություններով, ամեն տեսակի հալածանքներով, այլ նաեւ քաղաքական սպանություններով։ Ընդ որում, այդ սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիեւի ժամանակ։ Այս առումով հոր «արժանի» զավակն է նաեւ Իլհամ Ալիեւը, քանի որ նրա կառավարման շրջանում էլ քիչ չեն նման սպանությունները։ Ու այդ գործերը մեծամասնաբար մնացել են չբացահայտված։

Ադրբեջանում առաջին աղմկոտ քաղաքական սպանությունը տեղի է ունեցել 1990 թվականի մայիսի 30-ին։ Իր անձնական ավտոմեքենայում հրազենային կրակոցից սպանվել է լրագրող Աջար Խանբաբաեւը։ Նա նաեւ Հրատարակչական պետկոմի փոխնախագահն էր եւ «Ազերնեշր» հրատարակչության ղեկավարը։ Խանբաբաեւին տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Այդ ժամանակներից մինչեւ հիմա տարատեսակ վարկածներ են շրջանառվում կամ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում՝ Խանբաբաեւի սպանության հետ կապված։ Ուկրաինայում Ադրբեջանի նախկին դեսպան Էմիրա Ախունդովան, այս սպանությանն անդրադառնալով, տեղի ունեցածը փորձել է կապել այն բանի հետ, որ Խանբաբաեւը զբաղվել է Հեյդար Ալիեւի՝ Բաքու վերադարձի նախապատրաստություններով, պնդել է, որ վերջինս մասնակցի ադրբեջանական Կոմկուսի 32-րդ համագումարին, որի ընթացքում պետք է լուծվեր իշխանության հարցը։

Ըստ Ախունդովայի՝ այդ ժամանակ Նախիջեւանի ԻՀ-ից ընտրված պատգամավոր Հեյդար Ալիեւը եթե մասնակցեր, ապա «հին գվարդիան», ամենայն հավանականությամբ, նրան կընտրեր Կենտկոմի առաջին քարտուղար եւ ոչ թե Մութալիբովին։ Ախունդովան պատահական չի համարում, որ 92 թվականին Նախիջեւանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիեւը հայտարարել էր, որ Խանբաբաեւը սպանվել է, որպեսզի իրեն վախեցնեին, որ հանկարծ Բաքու չգնար։ Լրագրող Խանբաբաեւի սպանության հաջորդ օրը Բաքվի գլխավոր դատախազությունը հարուցում է քրեական գործ։ Սակայն, չնայած բազմաթիվ վարկածներին, դատախազությունն առավել հավաստի է համարում «կենցաղային», այսինքն՝ խանդի կամ վրիժառության հողի վրա կատարված սպանության վարկածը։ Իսկ 91 թվականի հունվարի 30-ին հաղորդում են, որ այս գործով նախաքննությունը դադարեցվում է։ Սակայն Հեյդար Ալիեւի՝ իշխանության գալուց հետո այն վերաբացվում է։

1995 թվականի մայիսի 18-ին նույնիսկ հատուկ քննչական խումբ է ստեղծվում, որը պարզում է, որ 90 թվականի մայիսի 30-ին այն ժամանակվա Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վագիֆ Հուսեյնովին ներկայացվել է տեղեկատվություն, որ Հեյդար Ալիեւը մտադիր է Բաքու ժամանել։ Նույն օրը կարգադրվում է խստացնել լրագրող Խանբաբաեւի դեմ հետապնդումները։ Ուշագրավ է այն, որ Պետանվտանգության կոմիտեում ներքին քննություն չի անցկացվել լրագրողի սպանությունից հետո, եւ ոչ էլ ՆԳ նախարարության՝ սպանության հետաքննման գործում իրենց օգնելու նամակին է ընթացք տրվել։ 96 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացվում՝ Վագիֆ Հուսեյնովի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Նրան ձերբակալելու սանկցիա է տրվում։ Պարզվում է, որ նա թաքնվում է Ռուսաստանում։ Հարցումներ են ուղարկվում ռուսական դատախազություն։ 95 թվականի նոյեմբերի 5-ին Ադրբեջանի խորհրդարանի այն ժամանակվա պատգամավոր Ս․ Բաբաեւին զրկում են պատգամավորական մանդատից։ Ըստ քննության նյութերի՝ հենց նա էր պատվիրել Հուսեյնովին Խանբաբաեւի սպանությունը։ Սակայն Ս․ Բաբաեւը ծանր հիվանդանում է։ Նոյեմբերի 5-ին ձերբակալվելուց ոչ շատ ժամանակ անց նա մահանում է բանտային հիվանդանոցում՝ մեղքը չընդունելով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ սպանությունը կատարած անձը՝ Տ․ Գուլիեւը, դատապարտվում է գնդակահարության։

Նյութի աղբյուրը՝ Meydan TV

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image