Հասարակություն

Պետությունը մեկ մարդ չէ, պաշտոնն էլ՝ ապրանքանիշ չէ

Պետությունը մեկ մարդ չէ, պաշտոնն էլ՝ ապրանքանիշ չէ

Կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչաֆեստ 2026» երիտաասարդական ամառային երաժշտական փառատոնը։ Մասնակցել կարող են 13-35 տարեկան անդամներից բաղկացած առնվազն երեք հոգանոց երաժշտական խմբերը՝ Հայաստանից և արտերկրից։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը, եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 22-ին՝ Սևանի ափին, իսկ հղթողները կկիսեն 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը։

Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի նպատակը նոր տաղանդների բացահայտումն ու երիտասարդական երաժշտական համայնքի զարգացումն է։ Այս ամենը, ինքնին, կարելի է միայն ողջունել։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս նախաձեռնությունը պետք է կոչվի հենց «Վարչաֆեստ»։ Սպորտային մրցումները՝ «Վարչապետի գավաթ», երաժշտական փառատոնը՝ «Վարչաֆեստ», իսկ սեփական երաժշտական խումբը՝ «Վարչաբենդ»։ Տպավորություն է ստեղծվում, որ պետական կյանքի տարբեր ոլորտներ աստիճանաբար միավորվում են մեկ բրենդի շուրջ։ Պետական նախաձեռնությունները գնալով ավելի շատ են կապվում մեկ պաշտոնյայի անվան ու կերպարի հետ։

Խնդիրը մշակութային կամ սպորտային ծրագրերի կազմակերպումը չէ։ Դրանք անհրաժեշտ են, և երիտասարդներին աջակցելը կարևոր պետական գործառույթ է։ Սակայն պետական միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք ֆինանսավորվում են հանրային միջոցներով, ցանկալի է ունենան այնպիսի անվանումներ, որոնք ներկայացնում են պետությունը, մշակույթը կամ սպորտը, այլ ոչ թե տվյալ պահին պաշտոն զբաղեցնող անձի շուրջ ձևավորված բրենդը։

Եթե նպատակը երաժշտությունն է, ինչո՞ւ ոչ «Երիտասարդական երաժշտական փառատոն», «Հայ երաժշտության ամառային փառատոն» կամ մեկ այլ չեզոք անվանում։ Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ առաջին ասոցիացիան լինի ոչ թե երաժշտությունը, այլ վարչապետը։ Եւ եթե մի օր Նիկոլ Փաշինյանը դառնա նախկին վարչապետ, այդ ժամանակ ի՞նչ է լինելու այս անվանումների հետ։ Գուցե ի հիշատակ Փաշինյանի, կոչվեն «Նախկինաֆեստ», իսկ «Վարչապետի գավաթը»՝ «Նախկին վարչապետի գավա՞թ»։ Թե՞ այդ ժամանակ կհիշեն, որ պետական ծրագրերը պետք է կառուցվեն ինստիտուտների, ոչ թե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց շուրջ ու կփակեն այս նախագծերը։ 8 տարվա կառավարման ընթացքում Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ պետությունը մեկ մարդ չէ, պաշտոնն էլ՝ ապրանքանիշ չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image