Ընտրությունների քվեարկությունը դեռ մի քանի ժամ էր, ինչ ավարտվել էր, երբ Վրաստանի նախագահ Իրակլի Կոբախիձեն շտապեց շնորհավորել Նիկոլ Փաշինյանին` «հաղթանակի» կապակցությամբ: Վրացական աղբյուրները հայտնում են, որ Վրաստանը «ստանալիք» ունի Հայաստանից` տարածքներ Լոռու մարզից, որի վրա վաղուց աչք ունի: «Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուսակցությանը՝ ընտրություններում ձեռք բերված հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ավելի ամրապնդելու Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների»,- գրել է Կոբախիձեն։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փաշինյանին ավելի վաղ էր շնորհավորել` ընտրությունների հաշվարկից մոտ 2-3 ժամ անց, երբ հաշվված էր քվեների ընդամենը 5 տոկոսը: Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Շնորհավորում եմ Հայաստանին՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ տարած հաղթանակի առթիվ։ Սա նաեւ հաղթանակ է Հայաստանի սուվերենության, անկախության եւ ապրելու իր ուղին ընտրելու իրավունքի համար։
Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, եւ հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին եւ անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է՝ Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարեւոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է նա։
Չնայած ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է Փաշինյանին, սակայն ոչ թե Թրամփը, այլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է շնորհավորել Փաշինյանին: Շնորհավորել են նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, արեւմտյան երկրների ղեկավարները:
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս շնորհավորական ուղերձների մասին, նկատում է. «Վրաստանի վարչապետը շնորհավորեց այն ժամանակ, երբ հաշվարկն ընթացքի մեջ էր: Ես չեմ ուզում դա կապել այն տեղեկությունների հետ, որ Լոռու մարզից Վրաստանին տարածքներ պետք է հանձնվեն: Ի դեպ, այդ տեղեկությունները շրջանառության մեջ է դրել վրացական կողմը: Ես չգիտեմ, թե որն էր Կոբախիձեի այդ քայլի մոտիվացիան, սակայն ինձ համար հասկանալի է, թե որն է եվրոպական լիդերների մոտիվացիան: Նրանք այս ընտրության «ճարտարապետն» են, նրանք այն ուժերն են, ովքեր այս բոլոր անօրինականությունների վրա աչք փակեցին: Նիկոլի «հաղթանակը» Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Մակրոնի եւ մյուսների հաղթանակն էր: Այս մարդիկ շնորհավորում են իրենք իրենց: Սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակն էր: Մենք տեսանք այնպիսի մարդկանց շնորհավորանքներ, ովքեր պետք է առաջին հերթին Ադրբեջանին շնորհավորեին: Արեւմուտքի միջամտությունն ակնհայտ էր, նրանք իրենց քարզչությամբ, իրենց լռությամբ նպաստեցին այս ամենին: Հայաստանում բռնաճնշումներ էին թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հենց ընտրության օրը, բայց ոչ մի կերպ այս ամենը չդատապարտեցին: Նիկոլի բառամթերքը, հայտարարությունները չարժանացան որեւէ գնահատականի: Շրիշակի մակարդակից էլ ցածր քարոզարշավ էր, կզացնելու եւ սատկացնելու սպառնալիքներ էլ հնչեցին, որոնք ուղղակի քրեական հանցագործություն կարելի է դիտարկել, սակայն ոչ մի խոսք: Ամեն անգամ այդ ամենը լսելիս ես մի բան էի մտածում` պատկերացնո՞ւմ եք, եթե այս ամենը լիներ Սերժ Սարգսյանի ժամանակ: Անգամ եթե մի շարքային պատգամավոր այսպիսի սլենգ օգտագործեր, 3 վայրկյան անց «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարեր ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների չարտերային ինքնաթիռը, եւ հարյուրավոր բանաձեւեր ու հայտարարություններ կերկնեին` բռնության կոչերի համար: Այս տոտալ անարխիան, լռությունը մեկ բան են նշանակում, որ այս մարդիկ իրենք իրենց են շնորհավորում, իրենց իսկ հաղթանակի համար: Այս մարդիկ լուրջ ջանքեր ու ռեսուրսներ են ներդրել, փակել են բոլոր միջազգային իրավապաշտպան կառույցների բերանները, որպեսզի նրանք էլ չտեսնեն ու չլսեն այս ամենը: Հիմա Մակրոնը չունի՞ իրավունք՝ իր կատարած աշխատանքի համար ինքն իրեն շնորհավորելու»: