Քաղաքականություն

Այս անգամ ընտրությունը ծուղակ է

Այս անգամ ընտրությունը ծուղակ է

Ժողովուրդը, որին մի անգամ հավատացրել են, թե ինքը հեղափոխություն է արել ու դարձել երկրի տերը, որ դրանից հետո կարող է անել ամեն ինչ՝ ոտքով բացել պաշտոնյաների դռները, ստիպել, որ պաշտոնյաները ծառայեն իրեն, որ ինքն այլեւս ամբողջ կազմով վարչապետ է եւ այլն, չի կարող հանդուրժել իր ընտրած ղեկավարին, եթե այդ ղեկավարը, գալով իշխանության, սեփականաշնորհում է այդ նույն ժողովրդի սահմանադրությունը, իրեն հռչակում օրենքներից վեր, իրավապահ համակարգը դարձնում իր դաստակերտը, թքում աջուձախ, այդ թվում՝ եւ ժողովրդի վրա: Իսկ եթե այդ ղեկավարը նաեւ ստախոս է, մանիպուլյանտ, հողատու եւ այլադավան, ժողովրդին այլեւս ոչինչ չի մնում անելու, քան կասեցնել նրա գործունեությունը: Կարծում եմ՝ շատ սովորական մի բան ասացի, որ հասկանալի է մեր հանրության յուրաքանչյուր անդամի՝ պետք է վերջ տալ այս խայտառակությանը, այլապես այս խայտառակությունն սպառնում է վերջ տալ մեզ՝ իրեն այդ դիրքին հասցնողներիս: Նա՝ այդ ղեկավարը, պետք է հեռանա, եւ չկա որեւէ պատճառ, որ մեզ ստիպի երկմտել: Հենց ինքը տեղ չի թողել երկմտելու:

Գոյություն ունի նման ղեկավարից ազատվելու երկու տարբերակ, երկուսն էլ՝ օրենքով եւ երկուսն էլ՝ ընդունելի: Առաջին՝ վիրահատական միջամտություն եւ երկրորդ՝ ընտրություններ: Որքան հասկանում եմ՝ մենք ավելի շատ հակված ենք երկրորդ տարբերակին: Այդ մասին է խոսում մեր հասարակական-քաղաքական ուժերի տրամադրվածությունը, ինչպես նաեւ՝ հանրության մի հատվածի հանդարտությունը, որի ականջներում դեռ հնչում է Հայաստանում ընտրակեղծիքների էջը փակված լինելու մասին բլթոցը: Բայց ասեմ՝ ընտրություններով շատ դժվար է լինելու հեռացնել մեկին, որը, ինչպես վերեւում ասացի, սեփականաշնորհել է սահմանադրությունը, օրենքները, իրավապահ համակարգը, կառավարությունն ու կառավարական բոլոր լծակները: Ամենայն հարգանքով Ռոբերտ Քոչարյանի եւ խոշոր դաշինքներով ընտրությունների գնալու պատրաստ մյուս քաղաքական ուժերի հանդեպ՝ պիտի ասեմ, սակայն, որ ուզուրպատոր ղեկավարը (մանավանդ՝ դրսի աջակցությունն ունեցող) ի զորու է հաղթահարել ընտրական յուրաքանչյուր դժվարություն, այդ թվում եւ 100 տոկոսանոց պարտությունները: Եթե կարճ՝ առաջիկա ԱԺ ընտրությունները ծուղակ են: Դուք ուղղակի տեսեք, թե ինչ թեթեւությամբ է գործող իշխանությունը պատրաստվում դրանց, ինչպես են ցուցակ կազմում, ում են մտցնում ցուցակ, ում են մերժում, ում են նշանակում շտաբի պետ ու տեղակալ: Դուք պարզապես հետեւեք սրանց նախընտրական պահվածքին: Ո՞վ իրեն թույլ կտար նախընտրական տարում հարձակվել մի կառույցի վրա, որ մեր ժողովրդի միասնության միակ առանցքն է, ո՞վ կքանդեր Ծիծեռնակաբերդի հուշարձանն ու դրա ֆոնին կապիկություններ կաներ դիսկոտեկներում, ո՞վ կծիծաղեր թոշակառուների վրա… Մենաշնորհների այսպիսի ծաղկում դուք ե՞րբ էիք տեսել, ուժային կառույցներում այս բոյի կոռուպցիա ե՞րբ է եղել: Եվ դուք կարծում եք, որ սրանք ընտրություններում անհաջողության մատնվելու սինդրոմո՞վ են տառապում… Կջարդեն, կփշրեն, կկեղծեն, կնկարեն… Ի վերջո, մի այնպիսի բան կանեն, որ չեղարկեն ընտրությունների արդյունքները:

Առաջարկում եմ՝ ավելի շատ կենտրոնանալ վիրահատության տարբերակի վրա: Ժամանակակից աշխարհում ստերիլ վիրահատության օրինակներ շատ կան: Հեռուն չգնանք: Այդպիսի վիրահատության տիպիկ օրինակ է 2018թ. թավշյա խեղկատակությունը, որ, չնայած հիմարություն լինելուն, հանգեցրեց իշխանափոխության: Ասել, որ այն ժամանակ իշխանությունն ուժային լծակներ չուներ եւ չկարողացավ «հավաքել» Գյումրուց Երեւան եկող թափառախմբին, մեղմ ասած, ճիշտ չի լինի, մինչդեռ իշխանափոխությունը, այդուհանդերձ, տեղի ունեցավ եւ այսօր իրողություն է: Ես չեմ ասում՝ գնանք, Գյումրիից գանք: Բավական է 3-4 խոշոր բլոկներով Երեւանում կանգնել ու պահանջել մեկ բան՝ ուզուրպատորի հրաժարականը: Կարող եք ասել՝ մենք այդ ճանապարհն անցել ենք եւ չենք հաջողել: Համաձայն չեմ: Մենք այդ ճանապարհի փորձը, այո, ունենք: Այսօր ուղղակի պետք է միասնաբար կանգնենք այդ ճանապարհին եւ քաղաքական ուժերից էլ չպահանջենք, որ նոր վարչապետի անուն ասեն կամ կառավարության նոր կազմը հրապարակեն: Սա պառակտման տանող պահանջ է: Միավորող պահանջը մեկը պետք է լինի՝ ուզուրպատորի հրաժարականը:

ՀԳ. Չէ-չէ մի՝ վարչաբենդ…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image