Քաղաքականություն

Ասում է՝ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինի, էլի մուննաթ են գալիս Բաքվից

Ասում է՝ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինի, էլի մուննաթ են գալիս Բաքվից

Թուրք-ադրբեջանական օրակարգն ամեն գնով սպասարկող, Հայաստանն ու հայությանը նվաստացնող, գոյաբանական հարվածներ հասցրած Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ռեժիմի ամեն քայլին ու հայտարարություններին ուշի-ուշով հետեւում են Բաքվից, եւ Ադրբեջանի մերձիշխանական մամուլը հաճախ է գովեստի խոսքեր հղում կամ, դպրոցական լեզվով ասած՝ «տնային ինչ-ինչ առաջադրանքների համար 5 նշանակում» նույն ՔՊ-ական խմբակին՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Սա դարձել է սովորական ռեժիմ՝ Փաշինյանի եւ Ալիեւի գործող ռեժիմների միջեւ։

Բայց պատահում է նաեւ, որ Ադրբեջանին դուր չեն գալիս իրենց «սրտի ՀՀ վարչապետի» հայտարարությունները։ «Փաշինյանն անցնում է ռեւանշի ռեժիմի» վերտառությամբ հոդվածում ադրբեջանական «Մինվալն» օրերս հիշեցնում էր ՀՀ կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ։ Հոդվածագիրը մասնավորապես ընդգծում է ուղերձի այն հատվածը, որտեղ Փաշինյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի հետ «պատերազմ չի լինի․ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել, եւ չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունն է»։ Հոդվածում հիշատակվում է նաեւ ուղերձի այն հատվածը, որում Փաշինյանը խոսում է բանակի ուժեղացման մասին՝ նշելով, որ «ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է դառնալ ագրեսիայի թիրախ»։

Բայց պարզվում է, որ Բաքվում «հալած յուղի պես չեն ընդունել» նրա խեղճացած «խաղաղասիրական» տեքստը եւ որոշել են հերթական անգամ «դասեր տալ» կամ նոր «դաս հանձնարարել»։ Իշխանական քարոզչակայքը հատկապես ուշադրություն է հրավիրել Փաշինյանի շնորհավորական ուղերձի ոչ տոնական այս հատվածի վրա, որտեղ նա հերթական անգամ մեղադրում է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ կազմակերպության անդամ գործընկերներին: «․․․Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։ ․․․Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար, եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված»։ Այնուհետ հոդվածում առանձնացվում է նաեւ Փաշինյանի մեկ այլ պնդում․ «Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու»։

«Իհարկե, չի կարելի վիճել այն փաստի հետ, որ խաղաղությունը անվտանգության լավագույն երաշխիքն է: Բայց մնացածը... մի կողմ թողնելով հեգնական հարցերը, պետք է հասկանանք, որ Հայաստանի վարչապետը ստիպված եղավ ընդունել խաղաղության օրակարգը՝ նախ 44-օրյա պատերազմում, ապա՝ սահմանային մի շարք բախումներում եւ, վերջապես, 2023 թվականի սեպտեմբերին հակաահաբեկչական գործողություններում պարտվելուց հետո: Գուցե դեռ վաղ է կանխատեսել, թե ինչպես կփոխվի Հայաստանի քաղաքականությունը, երբ նրանք բավականաչափ «ուժեղացնեն իրենց բանակը»: Իսկ «բանակի հզորացումը» շատ դժվար կլինի։ Երեւանն օգնություն է ակնկալում Եվրամիությունից, բայց 20 միլիոն եվրո արժողությամբ բժշկական վրանները դժվար թե տարբերություն ստեղծեն: Երեւանը, ըստ երեւույթին, բանակցություններ է վարում Հնդկաստանից զենքի մատակարարման շուրջ: Վերջապես, Ֆրանսիայից զենքի նվիրատվությունների մեծ ակնկալիքը հիասթափություն ապրեց. զենքը, կարծես թե, ժամանել է, բայց միայն՝ չնչին քանակությամբ։ Եկեք ուշադրություն դարձնենք եւս մեկ բանի։ Նախ, Փաշինյանը խոսում է պաշտպանության մասին, բայց Հայաստանը փորձում է հարձակողական զենք գնել համաշխարհային շուկայում, ինչը, մեղմ ասած, ուշագրավ է։ Ավելին, հիշեցնենք. Հայաստանն ընդամենը մի քանի ամիս անց խախտեց Պրահայում ստորագրված համաձայնագրերը, երբ կազմակերպեց «նախագահական ընտրություններ Լեռնային Ղարաբաղում», եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ շնորհավորեց ԼՂ ղեկավարությանը՝ «Արցախի անկախության օրվա» կապակցությամբ»,- գրում է «Մինվալը»՝ իր զառանցագին տեքստը համեմելով հին մեղադրանքներով, թե Հայաստանը «շարունակել է զորք պահել եւ զինել Արցախի բանակը»։

Հոդվածագիրը տարակուսած հարց է բարձրացնում եւ հեգնում, թե ինչու «Նիկոլ Վովաեւիչը հանկարծ որոշեց վերակենդանացնել ՀԱՊԿ դաշնակիցների, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու առասպելական «հրաժարման» մասին հին խոսակցությունները»: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոչ ոք ոտնձգություն չի կատարել: Եթե Փաշինյանը նույնիսկ այսօր, ընթացող խաղաղության գործընթացի պայմաններում, սա անվանում է «սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», ապա ինչպե՞ս պետք է սա հասկանալ: Որպես խաղաղության օրակարգին նվիրվածությո՞ւն: Լո՞ւրջ»։

«Եվս մեկ կարեւոր մանրուք․ Փաշինյանը հիշատակեց Պրահայում խախտված պայմանավորվածությունները, բայց ոչ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որն ինքնին դժվար թե պատահականություն լինի։ Այսպիսով, արժե բարձրացնել այն հարցը, թե որքանով անկեղծորեն է այսօր Հայաստանը հետապնդում խաղաղության օրակարգը»,- եզրափակում է հոդվածագիրը՝ անուղղակիորեն Փաշինյանին փոխանցելով Ադրբեջանի հին ու նոր մեղադրանքներն ու սպառնալիքները։

Թե ինչպես կարձագանքի Փաշինյանը Բաքվի նոր «մուննաթին», դժվար չէ ենթադրել՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր նման մեսիջից հետո նա ավելի ու ավելի մոլեգնաբար է «սեր խոստովանում» ալիեւյան ռեժիմին, որն իր բնականոն ռեժիմի կարեւոր մասն է դարձրել․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image