Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ԱՄՀ-ն, հրապարակել է վերջին 25 տարվա՝ 2000-2025թթ. աշխարհի բնակչության աճի եւ նվազման մասին տեղեկություններ: Ուսումնասիրությունը ներառում է 183 երկիր: Հայաստանն այդ ցուցակում 163-րդն է, այդ ընթացքում Հայաստանի բնակչությունը նվազել է 3,3 տոկոսով:
ԱՄՀ-ի հրապարակած տեղեկությունները մեզ համար մի քանի կարեւոր եզրակացությունների տեղիք են տալիս, բայց մինչ դրանց անդրադառնալը ներկայացնենք մի քանի կարեւոր տեղեկություն եւս: Աշխարհի բնակչության միջին աճն այդ ընթացքում կազմել է 46,6 տոկոս, ցանկում ներկայացված 159 երկրում բնակչությունն աճել է, եւ միայն 24 երկրում է տեղի ունեցել բնակչության թվաքանակի անկում: Բնակչության աճի ցուցանիշով առաջատարը Կատարն է, որի բնակչությունն աճել է գրեթե 4,5 անգամ`423 տոկոսով, իսկ անկման բացարձակ ռեկորդակիրն Ուկրաինան է, որը վերջին 25 տարում կորցրել է բնակչության մեկ երրորդը` 32,5 տոկոսը: Բնակչության ամենամեծ աճն արձանագրել են աֆրիկյան մայրցամաքի եւ Պարսից ծոցի երկրները, իսկ կրճատում հիմնականում տեղի է ունեցել Արեւելյան Եվրոպայում: Մեզ հետաքրքիր կլինեն նաեւ մեր անմիջական հարեւանների մասին տեղեկությունները` մեզնից ավելի վատ վիճակում է Վրաստանը, որտեղ բնակչությունը կրճատվել է 10,3 տոկոսով, Ռուսաստանում բնակչությունը կրճատվել է 0,7 տոկոսով, իսկ Իրանում արձանագրվել է բնակչության 37,8 տոկոս աճ, Թուրքիայում աճել է 33,9 տոկոսով, Ադրբեջանում՝ 29,1 տոկոսով:
Ուսումնասիրության հեղինակներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ ամենամեծ անկումն Արեւելյան Եվրոպայում է՝ Ուկրաինայի գլխավորությամբ՝ -32.5%, որին հաջորդում են Արեւելյան Եվրոպայի եւ բալթյան մի խումբ երկրներ, այդ թվում՝ Բուլղարիան (-23.2%), Լատվիան (-21.6%), Լիտվան (-17.5%), Մոլդովան (-18.8%) եւ Ռումինիան (-16.1%):
Ըստ ԱՄՀ-ի, նման անկման պատճառն այս երկրների անդամակցությունն է ԵՄ-ին, որը «բացեց արեւմտյան միգրացիայի ուղիներ Արեւելյան Եվրոպայի որոշ հատվածների համար՝ արագացնելով բնակչության երկարաժամկետ կորուստներն այն տարածաշրջանում, որն արդեն իսկ բախվում է ծերացող ժողովրդագրության եւ ցածր ծնելիության մակարդակի հետ»։ Մեր հարեւան Վրաստանում արձանագրված 10 տոկոսը գերազանցող անկումը եւս պայմանավորված է նույն հանգամանքով` ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմամբ, որի արդյունքում երիտասարդ եւ աշխատունակ բնակչությունը գերադասում է ապրել եւ աշխատել ԵՄ տարածքում, որտեղ աշխատանքի պայմաններն ու վարձատրությունն անհամեմատ ավելի բարձր են, քան՝ Վրաստանում: Որեւէ կասկած չկա, որ եթե ԵՄ-ն վիզաների ազատականացման ռեժիմ մտցնի Հայաստանի հետ, նույն խնդրին բախվելու է Հայաստանը:
ԵՄ զարգացած տնտեսություն ունեցող երկրները, ընդհակառակը՝ Արեւելյան Եվրոպայի, Աֆրիկայի եւ արաբական երկրներից տեղի ունեցող միգրացիայի հաշվին կարողացել են ապահովել բնակչության աճ, ԵՄ-ի ամենամեծ տնտեսություն ունեցող Գերմանիայի բնակչությունն ավելացել է 2,7 տոկոսով, Ֆրանսիայինը՝ 13,4, Դանիայինը՝ 12,6, Ավստրիայինը՝ 14,6, Նիդերլանդներինը՝ 13,8, Բելգիայինը՝ 15,9 տոկոսով: Սրանք այն երկրներն են, որոնք կլանում են ԵՄ-ի հիմնական միգրացիոն հոսքերը:
Ուսումնասիրության հեղինակներն ուշադրություն են դարձնում, որ աշխարհի ամենամեծ տնտեսությունների շարքում բնակչության աճը, ընդհանուր առմամբ, ավելի չափավոր է եղել։ Հնդկաստանում գրանցվել է 38.4% աճ, ԱՄՆ-ում՝ 21.0%, Չինաստանում՝ 10.9%, իսկ Բրազիլիայում՝ 22.1%։ Կանադայում գրանցվել է ավելի ուժեղ՝ 35.6% աճ, իսկ Ավստրալիայում՝ 44.9% աճ։ Զարգացած տնտեսություն ունեցող երկրներից անկում է գրանցվել միայն Ճապոնիայում՝ 2.8%-ով, եւ Հարավային Կորեայում՝ 9.9%: Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս երկրները փակ են միգրացիոն հոսքերի համար:
Միասին վերցրած՝ քարտեզը ցույց է տալիս, որ բնակչության ամենաարագ աճը պայմանավորված է ոչ թե ամենամեծ տնտեսություններով կամ տնտեսական զարգացման մակարդակով, այլ՝ միգրացիայով, որը տեղի է ունենում ավելի երիտասարդ եւ արագ զարգացող երկրների հաշվին:
Այս վիճակագրությունը մեզ բերում է մի շատ դառը եզրակացության. չնայած աշխարհի բնակչությունն անցած 25 տարիների ընթացքում միջինում աճել է 46 տոկոսով, սակայն Հայաստանը կորցրել է իր բնակչության 3,3 տոկոսը: Հայաստանի հարեւան երկրներում` Իրան, Թուրքիա, Ադրբեջան, բնակչությունը շատ արագ աճում է, բնակչության արագ աճը պահանջում է նոր կենսական տարածքներ եւ նոր ռեսուրսներ, դրա պակասը զարգացող եւ աճող երկրները լրացնում են իրենցից ավելի թույլ երկրների հաշվին: Հայաստանում ոչ միայն բնակչության աճի հետ կապված որեւէ ծրագիր չի իրականացվում, այլեւ՝ ընդհակառակը, վարվող քաղաքականությունը նպաստում է արտագաղթի ծավալների աճին: Եթե Հայաստանն իսկապես ստանա, հասնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի ընդունման, որը փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում, երկիրը կկորցնի եւս 200-250 հազար բնակիչ՝ հիմնականում երիտասարդ եւ աշխատունակ: