Քաղաքականություն

ԱԺ-ում արտակարգ դրություն էր հայտարարվել. սերիական մարդասպան էին որոնում 

ԱԺ-ում արտակարգ դրություն էր հայտարարվել. սերիական մարդասպան էին որոնում 

Խորհրդարանում ընդդիմության հրավիրած երեկվա լսումները եւս առանց սկանդալի չընթացան։ Ընդմիջումից հետո խորհրդարանի շենքում բառի բուն իմաստով արտակարգ դրություն մտցվեց, ԱԺ շենքի անվտանգությամբ զբաղվող պետական պահպանության ծառայության մոտ երեք տասնյակ աշխատակիցներ լցվեցին շենք եւ տեւական ժամանակ նկատելի աժիոտաժի մեջ էին, այս ու այն կողմ էին գնում, ռացիաներով կապ տալիս իրար՝ դահլիճ էին մտնում դուրս գալիս, կարծես սերիական մարդասպան էր գաղտագողի սողոսկել խորհրդարանի շենք, իսկ իրենք պետք է նրան հայտնաբերեին։ 

Այդ «որոնողական» աշխատանքներն, ի վերջո, հաջողությամբ պսակվեցին, որոնվողը ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական, նախկին ժառանգական Ռուբիկ Հակոբյանն էր։ Նիստերի դահլիճից դուրս հրավիրելուց հետո ՊՊԾ աշխատակիցները շրջափակեցին նրան եւ փոխանցեցին ԱԺ ղեկավարության որոշումը՝ շտապ լքել խորհրդարանի տարածքը։ Թե ինչու, այդ պահին ոչինչ չէին ասում, սակայն Հակոբյանը քամահրական տոնով հայտարարեց, որ մոտավորապես իր համար պարզ է, թե որն է պատճառը։ Երբ Հակոբյանը քայլերն ուղղեց դեպի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի աշխատասենյակ՝ ասելով, որ իրերը պետք է վերցնի, անվտանգության տասնյակ աշխատողներ ոլորեցին նրա թեւերը եւ, քաշքշելով փորձեցին շենքից դուրս հանել՝ թույլ չտալով որ առաջ շարժվի։ 

Հետո պարզվեց, որ նրանք ԱԺ ղեկավարության հրահանգով էին ընդդիմադիրին «վնասազերծում»։ ՊՊԾ-ականներն այնպիսի փութաջանությամբ ու հպարտությամբ էին գործում, ասես ՀՀ սուվերեն տարածքն էին ազատագրում այն օկուպացրած ադրբեջանցիներից։ «Օպերացիայի» ընթացքում ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին տեղեկացրեցին, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրահանգն են կատարում, ավելի ուշ պարզեցինք, որ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը խորհրդարանում չէ, ԱԺ նախագահի հետ գործուղման է, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խանզադյանից պարզաբանում պահանջեցինք՝ ի՞նքն է նման որոշում ընդունել եւ ինչու, սակայն պաշտոնակատարը ուղղորդեց լրատվականի կողմը, ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում արեց, թե ով է հրահանգել բիրտ ուժ կիրառելով Ռուբիկ Հակոբյանին հեռացնել խորհրդարանից եւ ինչու, պարզվեց՝ Հակոբյանին դուրս են հանել Ալեն Սիմոնյանի հասցեին թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. 

«Հարգելի գործընկերնե՛ր, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։ Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- նշել էր խոսնակը։

Իհարկե, երեկ տեսակետ էլ հնչեց, որ Ռուբիկ Հակոբյանը չափն անցել է եւ պառլամենտ ինստիտուտն է վարկաբեկել, ոչ թե նրա նախագահին, բայց արդյոք նրա խոսքերն ավելի շատ վարկաբեկեցին խորհրդարանը, քան Ալեն Սիմոնյանի հրահանգները եւ այն, որ հենց նրա օրոք համազգեստավոր մարդը մտավ խորհրդարանի դահլիճ եւ սկսեց բռնություն կիրառել խորհրդարանի շենքում։ Արդյոք ինչ որ մեկի՝ օրենսդիրի բարձր ամբիոնից հնչեցրած անպարկեշտ արտահայտություններն են ավելի շատ անարգում ԱԺ-ն, թե՞ այն, որ այդ ինստիտուտի ղեկավարը թքում է քաղաքացու դեմքին ու անպատիժ մնում։ Եւ վերջապես՝ ԱԺ-ն Ալեն Սիմոնյանի դուքյանը չէ, որ իր հասցեին թթու խոսք ասողներին բարբարոսաբար վռնդի, այնպես, ինչպես իր սեփական տնից կվռնդեր։ Եթե վիրավորական արտահայտություններն այդքան մերժելի են իր համար, ուրեմն առաջինը պետք է այդ դահլիճից վռնդվեր իր շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, որպես խորհրդարանի շենքում ամենից շատ վիրավորանքներ հնչեցրած անձ։ 

Սա նաեւ նշանակում է, որ քաղաքական դաշտն այնքան ու այնպիսի անկում է ապրել, որ իրեն քաղաքակիրթ մարդ, ընդդիմադիր գործիչ համարող կարող է ԱԺ նախագահի հասցեին ասել «մարմնավաճառ», իսկ նրա խոսքի հասցեատերը հազարավոր կիլոմետրերից կարող է հրահանգել ուժայիներին՝ նրան քաշքշելով դուրս հանեն շենքից։ Ինչպես ասում են՝ իրար արժանի իշխանություն եւ ընդդիմություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image