Վերլուծություն

ԹՐԻՓՓ-ից կմնա նախավերջին «Փ»-ն

ԹՐԻՓՓ-ից կմնա նախավերջին «Փ»-ն

Բոլորն առաջ են գնում, մենք՝ հետ: ՔՊ-ական հանճարեղ գլուխները, հավանաբար, որոշել են հասնել մինչև «Ռազմական կոմունիզմի» ժամանակաշրջան, իսկ եթե Աստված հաջողի, նաև անցում կատարել Բրոնզի, Երկաթի, Քարի դարեր: Դե գյուղատնտեսությունն արդեն իջեցրել են հավաքչարարության մակարդակի (Տերն ինչ տվեց, տվեց), իսկ ստամոքսի հարցերը շուտով կսկսենք լուծել որսորդությամբ: Ոչ մի խնդիր, ամեն ինչ OK է, խոտն առատ, օդն էլ մաքո՜ւր, մաքո՜ւր:

Իսկ ինչպե՞ս կարելի է 21-րդ դարից հասնել Քարի դար: Պարզվում է՝ դրա համար շատ խելք պետք չէ: Պարզապես պետք է չշտապել, այլ կասեցնել սեփականաշնորհման գործընթացն ու հերթով պետականացնել արդեն իսկ սեփականաշնորհվածը. ՀԷՑ-ը, «Արարատցեմենտը», SIL group-ը, «Երևան սիթին», «Grand Candy»-ն, «Veolia jur»-ը, Սողոյի «բիրիքնոցը», մեր հարևան Շմավոնի «բուդկան»… Հերթով, կարգով, առանց շտապելու և առանց ավելորդ էկսցեսների: ՀԷՑ-ի շուրջ ինչքան աղմուկ առաջացավ, չէ՞: Մեզ ավելորդ աղմուկ պետք չէ: «Արարատցեմենտի» պարագայում, օրինակ, ամեն ինչ ավելի կազմակերպված ընթացավ: Էկոնոմիկայի նախարարը խոսեց՝ մի քիչ «նաղլ», մի քիչ սպառնալիքներ՝ ուղղված աշխատակիցներին, և վերջ: «Արարատցեմենտը» շուտով նոր կառավարիչ կունենա՝ պետության կողմից նշանակված: Մի օր էլ այսպես կարթնանանք ու կտեսնենք «Երևան սիթի»-ների վրա մեծ տառերով գրված է՝ «Գաստրոնոմ», «Պիցցա դե Ռոմա»-ները դարձել են «նախադու»-ներ, «Grand Candy»-ին՝ «Երևանի կարամելի» գործարան: Տեսնես «Ձեթ-օճառի» կոմբինատն ումն է հիմա…

Որպեսզի շատ մարդ շատ բան գլխի չընկնի, ՀՀ իշխանություններն իրենց վարած այս տնտեսական քաղաքականության անունը կդնեն ՆԷՊ՝ նոր տնտեսական քաղաքականություն, որը, եթե չեմ սխալվում, մեկ քայլ առաջ էր «ռազմական կոմունիզմից»: ՆԷՊ-ի ժամանակ էլ կարելի է սկսել կուլակաթափությունը: Ի՜նչ խաբար է՝ 10 կով… Երկուսն էլ բավական է, թող ոչխար պահեն՝ 5 հատ… Կամ լսվա՞ծ բան է, որ այս փոքրիկ երկրում մարդիկ 1500-1800 մետր սեփական հող ունենան: 300-500-ն էլ է շատ: Հանկարծ բողոքող չլինի… Կդատենք, կաքսորենք որպես ռուսական շպիոն:

Մոլերը… Մոլերն արդեն ուրիշ պատմություն է: Այստեղ խոսքը ոչ այնքան խոշոր սեփականատերարին ունեզրկելու, որքան «արենդատորներին» ավելորդ անգամ անհանգստացնելու մասին է: Սովորական պետական ռեկետ է: Նախկինում «արենդան» ո՞ւմ էիր տալիս, տղա ջան… Սրանից հետո կտաս Նիկոլին, այսինքն՝ պետությանը, OK?... Այնուամենայնիվ, հարկ կլինի Մոլերի շենք-շինությունները խլել սեփականատիրոջից, ինչով էլ, բնականաբար, կզբաղվեն «սիլովիկները»՝ ներառյալ հակակոռուպցիոնը, քննչականը, կանանց՝ դատախազ-ՆԳՆ-ԱՆ եռյակը, ԱԱԾ-ն:
Իսկ երբ այլևս պետականացնելու բան չմնա, հերթը կհասնի արտապատվիրակված մեգածրագրերին, դիցուք՝ TRIPP-ին: Թրամփն այսօր կա, վաղը չկա: Ի՞նչ իմաստ ունի նրա անունն այս հապավման մեջ հոլովելը: Ի դեպ՝ դուք բոլո՞ր տառերին եք ուշադրություն դարձրել… Խնդրեմ՝ R-Ռեջեբ, I-Իլհամ, P-Փաշինյան և վերջին P-ն՝ politic, այսինքն՝ թուրքա-ադրբեջանա-հայկական էշություն, որի անհրաժեշտությունը Ռազմական կոմունիզմի ժամանակ կվերանա: Լավագույն դեպքում դրանից կմնա միայն Փ-ն՝ Փաշինյանը, հավերժացնելու համար սեփական երկիրն արտապատվիրակած հանճարի անունը:

Ճի՞շտ է, արդյոք, այս հետընթացը, որ մեզ 21-րդ դարից կհասցնի 20-րդ դարի առաջին տասնամյակները: Ընդդիմադիր գործիչները մի գլուխ քննադատում են Փաշինյանի այս քաղաքականությունը, թե բա՝ Հայաստանում ներդրումային մթնոլորտը կվատանա, օտար ներդրողները կփակեն իրենց բիզնեսներն ու կփախչեն Հայաստանից, նորերը չեն գա: Ճիշտ են ասում ընդդիմադիրները, բայց ո՞վ է նրանց լսողը: Եթե Փաշինյանը որոշել է երկիրը հասցնել Քարի դար, ուրեմն կհասցնի: Ինքն ու իր թիմն այդ դարից եկած մարդիկ են, դա են տեսել: 2018 թվին սրանք դեռ ցեղախումբ էին, սրա-նրա անասունը քշելով, սրա-նրա վրա մատերիալ գրելով էին հաց վաստակում: Ասում ե՝ն Նիկոլն իր կյանքում առաջին հեծանիվը Երևանում է տեսել: Մի խոսքով՝ դժվար են համակերպվում 21-րդ դարի նիստուկացին՝ իրավական պետություն, ֆլան, ֆստան…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image