Հասարակություն

Փլուզված բալկոնից քարեր են թափվում բնակիչների գլխին

Փլուզված բալկոնից քարեր են թափվում բնակիչների գլխին

Երևանի Մայիսի 9-ի փողոցի 10-րդ շենքի բնակարաններից մեկի արտաքին պատշգամբը փլուզման եզրին է: Բնակիչներն ահազանգում են՝ ամեն րոպե կարող է ընկնել: 2 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատողները եկան, տեսան, արձանագրեցին, բալկոնի տակի հատվածը, բանուկ փողոցի կողմից ժապավեններով փակեցին ու գնացին: Բնակիչները նրանց այլեւս չեն տեսել, իսկ պատշգամբը շարունակում է փլուզվել, քարեր են պոկվում, թափվում մայթին: «Սա կենտրոնական փողոց է: Շատ երեխաներ կան, քարը ամեն րոպե կարող է ընկնել մեկի գլխին», - պատմում է ներքեւի հարկի բնակիչ Լ. Մ-ն: Նա վախենում է պատուհանից դուրս նայել: «Քար է, որ պոկվեց, ընկավ, ի՞նչ ենք անելու», - ասում է կինը: 

2 օր առաջ թաղապետարանի բանվորներին ուղարկեցին, քարերը ավլեցին, որ երեւա, թե ինչ է կատարվում։ Բնակիչները զանգում են քաղաքապետարան, թաղապետարան, ով ինչ ծանոթ ունի, մեջտեղ է բերում։ Նրանց պատասխանում են, որ բալկոնը բնակչի սեփականությունն է, քաղաքապետարանը պարտավոր չի նորոգել։ Իսկ այս մեկը քաղաքապետարանի «պլանում» չկա, եւ եթե սարքեն, ապա միայն ամռանը։ Շենքը հին, ստալինյան նախագիծ։ Բալկոն ամրացնելը ահռելի միջոցներ է պահանջում։ 

Հիշեցնենք՝ Շենգավիթ համայնքում վերջին տարիներին արտաքին պատշգամբների փլուզման մի քանի դեպքեր են եղել: Մի անգամ տարեց կին է մահացել, Չարբախի բնակիչներից: Վերջին դեպքը մոտ 1 տարի առաջ էր՝ Արարատյան փողոցում: Երկրորդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել է: երիտասարդ կինը ընկել է ցած բազմակի կոտրվածքներ ստանալով: Երբ բնակիչները դիմում են համայնքապետարանին, պատասխանը մեկն է՝ արտաքին պատշգամբը պետք է ամրացնեք անձնական միջոցներով, քանի որ դա ձեր սեփականությունն է: Մյուս կողմից Երևանի քաղաքապետարանն ամեն տարի որոշակի գումարներ է հատկացնում բալկոնների ամրացման համար: Սակայն աշխատանքները կատարվում են դանդաղ ու մեծ ուշացումներով: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image