Հարցազրույց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանի հետ
- Պարոն Լպուտյան, համաժողովրդական ընդվզման առաջին օրերից ի վեր Դուք շարժման շարքերում եք, որո՞նք են Ձեր դիտարկումները, ի՞նչ պոտենցիալ ունի շարժումը, հատկապես որ ներսից մասնակից ու ականատես եք ընթացքին։
- Դժվար է ընդհանրական պատասխանել, ես կարող եմ ասել, թե ինչու եմ այստեղ․ ես ուզում եմ լավ հայրենիք տեսնել, դրանից թանկ բան աշխարհում չկա, ու երբ տեսնում ես բարեկեցիկ երկիր, հայրենիք, մարդիկ՝ ուրախ, միասնական, սիրո, ստեղծագործական ընթացքի մեջ, ուզում ես հենց այդպիսի երկիր տեսնել։ Իմ կարծիքով, մեր հաղթանակը լինում է միայն այն ժամանակ, երբ մեր հայ ժողովուրդը միասնական է, դա մեր ամենահզոր ուժն է։ Ես իմ կյանքի փորձառությունից ելնելով եմ ասում․ մենք 3 անգամ դարձել ենք օլիմպիական չեմպիոն ու չեմպիոն դառնում էինք, երբ բոլորս միասնական էինք, մտածում էինք միանման, այդ ժամանակ մենք դառնում ենք մի այնպիսի հզոր ուժ, որ նույնիսկ մենք՝ ինքներս ենք զարմանում։ Եվ ամենախոշոր երկրները՝ Ամերիկան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ այլն, իրենք էլ են այդ ժամանակ նկատում, որ մեզ հետ դժվար է պայքարել։ Այնպես որ, երբ մենք միասնական ենք, որեւէ թշնամի կամ հզոր ուժ մեզ չի կարող հաղթել, ես դա վստահաբար կարող եմ ասել։ Եվ կարծում եմ՝ առաջնորդի հիմնական դերը պետք է լինի ողջ հայ ժողովրդին համախմբել միեւնույն գաղափարի, միեւնույն արժեքների շուրջ։ Ցավոք, այսօրվա իշխանությունը դա չկարողացավ իրականացնել։ Մեր այսօրվա գերխնդիրը միասնականություն ձեւավորելն է, եթե դա չի կարողանում առաջնորդն անել, ապա պետք է հեռանա, եւ գա մեկ ուրիշը, որը կկարողանա դա իրականացնել, իսկ դա շատ կարեւոր է բոլորիս համար։
- Բագրատ սրբազանին որքանո՞վ է հաջողվում լուծել այդ խնդիրը։
- Ինքը փորձում է բոլորին համախմբել, փորձում է չարը մեր բոլորի միջից հանել եւ փորձում է միասնական ուժերով մեր երկիրը դարձնել ավելի լավը։ Ես գալիս եմ այս հավաքներին որպես մի մարդ, ով երազում է տեսնել եւ ունենալ լավ երկիր, ուզում է տեսնել, որ մեկը մյուսի հանդեպ ջերմ է ու սիրով․ ոստիկանը՝ քաղաքացու հանդեպ, քաղաքացին՝ ոստիկանի հանդեպ։ Այդպիսի երկիր եմ ուզում տեսնել, ուզում եմ, որ մեր ոստիկանները լինեն բարձր արժեքներով անձնավորություններ, որոնք օրինակ կլինեն երեխայի, ամեն մի քաղաքացու համար։ Ու քաղաքացին էլ այն արժեքներով ապրի, որ երկիրն իր համար լինի ամենակարեւորն այս կյանքում․․․
- Ցավալիորեն, առաջին իսկ օրից սկսած՝ փորձում են վարկաբեկել թե՛ շարժումը, թե՛ հենց սրբազանին՝ նրանց բոլորին անվանելով գործակալներ, նարկոբարոններ եւ այլն։ Այս պայմաններում հնարավո՞ր է համերաշխության մթնոլորտ ձեւավորել բոլոր թեւերի միջեւ։
- Մենք՝ բոլորս, Աստծու առջեւ պատասխանատու ենք, ամեն մարդ ապրում է իր կյանքով, ըստ իր մտածելակերպի, բայց հետո ամեն մեկը պատասխան է տալու իր մտածելակերպի ու գործի համար։ Ես չէի ուզենա ուրիշների համար որեւէ բան ասել, բայց կուզենամ, որ որքան հնարավոր է՝ բոլորը լինեն ազնիվ, որովհետեւ իրականում այդ ազնվության, բարի լինելու, արժեքներին ձգտելու կարիքը շատ մեծ աշխատանք ու ներդրում է պահանջում։ Ես կուզենամ, որ մենք՝ բոլորս, դրա հետեւից ընկնենք։ Ես անձնապես Բագրատ սրբազանին հավատում եմ, իրեն հեռվից եմ զգացել, իր մեջ տեսնում եմ այդ ազնվությունը, եւ որ ինքն իսկապես պատրաստ է իրեն զոհաբերել հանուն այդ արժեքների։ Ավելին, կարծում եմ՝ այստեղ էլի կլինեն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց զոհաբերել գալիք արժեքների համար։ Ես ուզում եմ հավատալ, որ մենք պետք է արժանանանք այդ գալիքին, գուցե շատ են եղել մեր մեղքերը, եւ Աստված դեռ չի կամենում այս պահին, բայց մենք պետք է ապաշխարենք եւ ձգտենք լինել լավը, որպեսզի արժանի երկիր ունենանք։
- Այս օրերին շատ են շեշտում, որ թշնամին հնարավոր է օգտվի ներքաղաքական այս իրավիճակից եւ նոր պատերազմ սկսի։ Ունե՞ք նման մտավախություն։
- Այդ հարցին մասամբ պատասխանեցի․ երբ մենք միասնական ենք, հաղթում ենք, կապ չունի՝ ովքեր են մեր դիմաց, որովհետեւ մեր ներքին հոգու ուժն ահռելի է, ուղղակի մենք դա չենք կարողանում տեսնել, իսկ ովքեր տեսնում են, նրանք հավատում են ու պայքարում են։
- Փողոցն այս շարժման մեջ որքանո՞վ է գործոն, որովհետեւ բոլոր հանրահավաքներին 50-100 հազար մարդ է եղել, հանրության ընդվզումն ի՞նչ չափերի պետք է հասնի, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարական տա։
- Ես այդքան չէի կարեւորի հանրության, մարդկանց քանակը, որքան կուզեի, որ կարեւորվեր այն փաստը, որ նույն այդ իշխանության ներկայացուցիչներն էլ մեր հայ ժողովուրդն են, եւ իրենք պետք է լավ վերլուծեն՝ իրականում կարողանո՞ւմ են անել այն, ինչ պետք է անեն, որ մարդը մեր երկրում զգա իրեն երջանիկ, եթե՝ ոչ, եթե զգում ես՝ մի բան մոտդ չի ստացվում, ապա ազնիվ մարդը միանգամից ուզում է դուրս գալ՝ հասկանալով, որ մեկ ուրիշն այդ գործառույթը պետք է իրականացնի։ Ես կուզենամ, որ այդպիսի մտածելակերպով մեր այսօրվա իշխանությունը, ղեկավարությունը մոտենա հարցին եւ հարգի ամբողջ հայ ժողովրդին, որովհետեւ այս վիճակը բոլորիս է վերաբերում։ Ուզում եմ հավատալ, որ այդպիսի մարդիկ շատ են, եւ տա Աստված, որ ամեն ինչ լինի Աստծո կամոք։