Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու դեպքեր, եւ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Շուրջ 2 տասնյակ հասցեում խուզարկություններ են կատարել, հայտնաբերել են տարբեր իրեր, այդ թվում՝ գումարի «վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար»: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի պաշտպանյալ Սամվել Խուդավերդյանին դատարանը մեկ ամսով կալանավորել է․ «Կարծես դատարանները որոշել են 1 ամիս տալով լավություն անել։ Շրջանառության մեջ 3 ձայնագրություն է դրված, որոնց հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, հետո երեքը միացվել է մեկ վարույթի մեջ»։
- Նախաքննական մարմինն ինչպե՞ս է ձեռք բերել ձայնագրությունները։
- Այն, որ ձայնագրություններն ապօրինի են, ես արդեն չեմ էլ կասկածում: Դրել են` ապօրինի լսել են մարդկանց, իսկ հետո, որպեսզի կարողանան դա օրինականացնել, տեղադրվել են սոցիալական էջահարթակներում, չասեմ՝ ով է արել: Հետո իբրեւ իրականացրել են մշտադիտարկում, հայտնաբերել են, որ էսպիսի ձայնագրություն կա, այդ ձայնագրությունը որպես ապացույց դիտարկել են եւ վարույթ նախաձեռնել, իրենց ենթադրություններն այդ ձայնագրությունների մեջ ներառել։ Եվ ամենաահավորն այն է, որ մենք, բացի այն, որ ուզում ենք հասկանալ՝ այդ ձայնագրություններում ով է խոսում, ասում եմ՝ կասե՞ք, թե որը որ մեկն է, որ բառը որ մեկն է ասել։ Մեղադրվում է անձը շանտաժի սպառնալիքով ինչ-որ մեկին հարկադրելու համար, որ մասնակցի հավաքին։ Ուշադրություն` շանտաժ-սպառնալիքը տեղի է ունենում X-ի եւ Y-ի հեռախոսազրույցի ժամանակ Z-ի վերաբերյալ։ Վերջինս դրա մասին իմանում է վարույթն իրականացնող մարմնում, երբ հայտարարվում է, եւ իրեն ներկայացնում են հեռախոսազրույցը։ Բայց մինչ դա մարդն ասում է՝ ես հուլիսի 4-ին գնացել եմ հավաքի, գնացել եմ, որովհետեւ ես այդ մարդուն հավանում եմ, հարգում եմ, ինչ-որ մեկը չի հարկադրել։ Ըստ իրենց՝ մարդուն շանտաժ են արել, հարկադրել են, եւ մարդը պետք է լիներ տուժող, բայց անձն այս պահի դրությամբ ձերբակալվածի կարգավիճակ ունի։
- Դատարանին չհետաքրքրե՞ց՝ ձայնագրությունը թույլատրելի՞ է, թե՞ ոչ։
- Դատարանն այս փուլում չէր կարող դրան անդրադառնալ։ Ես դատական ակտը չեմ ստացել եւ չեմ կարող պատկերացնել` դատավորը հիմնավոր կասկածի հետ կապված ինչ է գրելու, դա էլ՝ իր հերթին: Բա հիմքերի հետ կապված, ի՞նչ պիտի աներ այս անձը, որը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության կատարման մեջ, խնամքին ունի 5 տարեկան եւ 40 օրական երեխաներ, ինքն էլ՝ վատառողջ։
- Բայց այդ, մարդկանց ո՞վ է ձայնագրել, ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվել համացանցում։
- Այդ մասով երեւի թե հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք։ Մենք չգիտենք անգամ՝ ով է ձայնագրության մեջ, ներկայացնում են մեզ՝ խշշոց-դռռոց, ասում ենք՝ ստեղ ինչ-որ բան լսեցի՞ք: Կտրտած, չգիտեմ՝ ինչ ձայնագրություն է։ Ակնհայտ զգացվում է՝ մոնտաժ արված ձայնագրություն է։
- Բացի Սամվել Խուդավերդյանից, էլ ո՞վ կա այս գործում։
- Երեկ կալանք են տվել Արթուր Վարդանյանին` էլի մեկ ամիս ժամանակով, կարծում եմ՝ էսօր էլի անձանց կներկայացնեն։
- Դարձյա՞լ ձայնագրությունների հիման վրա։
- Կոնկրետ այդ քրգործով ամբողջը ձայնագրություններ են, չկա անձ, չկան տվյալներ, որ որեւէ մեկը հարկադրաբար մասնակցած լինի հավաքին։ Անգամ այդ ձայնագրության պարագայում չի կարող խոսք գնալ 236 հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ։
- Լավ, եթե դատարանին այս փուլում, երբ մարդու ազատության հարցն է քննարկվում, չի հետաքրքրում ապացույցի օրինական լինելը, ո՞ր փուլում պիտի հետաքրքրի։
- Վճռաբեկ դատարանն էդպիսի «պուպուշ» որոշում ունի, որ ասում է՝ հիմնավոր կասկածին եւ ապացույցի թույլտվության հարցին խափանման միջոցի քննարկման ժամանակ չի կարող անդրադառնալ։ Ստացվում է՝ չստուգված տվյալի հիման վրա կալանավորում են։
ՀԳ․ Հարցին, թե այդ անձանց ձայնագրելն օրինակա՞ն է եղել, դատարանի թույլտվությա՞մբ, Քննչական կոմիտեից մեզ պատասխանեցին․ «Մենք քննությամբ, այդ թվում՝ ցուցմունքներով, հիմնավորել ենք, որ այդ ձայնագրություններում տվյալ անձինք են խոսում, բոլորին նույնականացրել ենք: Փաստաբանը խեղաթյուրում է իրականությունը»։ Կրկնեցինք հարցը՝ ձայնագրությունն օրինակա՞ն է, ՔԿ խոսնակը հրաժարվեց այլ բան հայտնելուց։