Այս ուսումնական տարվա սկզբին առաջին դասարանցիներին բաժանված «Այբբենարան» դասագրքում չկան Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ նրա մասին տեղեկություններ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել։ Լրատվամիջոցները գրել են, որ Այբբենարանից հանված են հայոց այբուբենի գյուտի եւ Մաշտոցի մասին նյութերը։ «Հայ ասպետ» նախագծի հեղինակ Կարին Տոնոյանը նույնիսկ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը՝ պաշտոնական բացատրություն պահանջելով։ Դասագրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը, արձագանքելով քննադատություններին, նշել է, որ Մաշտոցը դասագրքի մեջ ներկայացված է QR կոդերի միջոցով։ Երեխաները առաջին երեք տառերը սովորելուց հետո QR կոդով ծանոթանում են նրա պատկերին եւ պատմությանը։ Բացի այդ, այբուբենը լրիվ սովորելուց հետո՝ դասագրքի վերջում, QR կոդի միջոցով առաջարկվում է նաեւ երգ՝ Մաշտոցին նվիրված։ Սակայն պարզ է, որ այդ QR կոդերով ոչ ոք ոչինչ չի ուսումնասիրելու, դրանք ձեւական բան են։ Եվ ծնողների ու մասնագետների մեծ մասը գտնում է, որ նման մոտեցումը չի կարող փոխարինել դասագրքում Մաշտոցի տեսանելի ներկայությանը։
Կրթության փորձագետ Վանո Կարապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է․ «Երրորդ տարին է` նախարարությունը տապալել է դասագրքերի տրամադրման ողջ գործընթացը։ Այո, ասում են՝ Մաշտոցի մասին տեղեկությունը կարելի է ստանալ QR կոդերով, բայց սա խնդրահարույց է։ Առաջին հերթին անվտանգության տեսանկյունից, կիբերհանցագործները կարող են, օրինակ, կոտրել այն եւ լրիվ այլ նյութեր տեղադրել, ինչը հսկողությունից դուրս է։ Երկրորդ․ բոլոր երեխաները չէ, որ հնարավորություն ունեն օգտվելու թվային սարքերից։ Հիշենք, որ խորհրդային տարիներից Մաշտոցին մենք ճանաչում էինք հենց դասագրքի նկարից․ նրա կերպարն ազդեցիկ էր, մեզ ներշնչում էր։ Հենց այդ նկարով մենք հասկանում էինք, որ նա է մեր այբուբենի ստեղծողը։ Հանվել է նաեւ այն գաղափարը, որ հայոց տառերը զինվորների պես կանգնած են՝ մեր լեզվի ու ժողովրդի պաշտպաններն են։ Մաշտոցը պետք է դասագրքում լինի՝ իր արժանի տեղում, ոչ թե QR կոդի ետեւում»։ Բայց նա ողջունելի է համարում, որ դասագրքի հեղինակները որոշ չափով ընդունում են իրենց վրիպումները։ Այբբենարանի հեղինակ Աստղիկ Բալայանը խոստացել է, որ դասագրքի հաջորդ հրատարակության ժամանակ Մաշտոցի նկարն անպայման կվերադառնա դասագիրք։
«21-րդ դարում, նույնիսկ եթե պետությունն ասում է, որ կարելի է օգտվել թղթապանակներից եւ համացանցից, դասագրքերը դեռեւս մնում են անփոխարինելի եւ վստահելի՝ գիտելիքի լիարժեք եւ հաստատված աղբյուր լինելու տեսանկյունից։ Համացանցը ոչ միայն վստահելի չէ։ Պետք է տարանջատել՝ ինչ է համացանցը եւ ինչ է գիտելիքը․ ինֆորմացիան կարող ենք վերցնել համացանցից, իսկ գիտելիքը՝ դասագրքերից»,- հավելեց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով այլ առարկաների դասագրքերի հետ կապված խնդիրներին` Կարապետյանը նկատեց. «Գիտենք, որ պատմության դասագրքերն են զգալի փոփոխության ենթարկվել։ Ու գիտե՞ք` եթե նախկինում բովանդակային առումով կուսակցական եւ ակադեմիական ուղղվածությունն էր, որոնց վրա հենվել են որոշ պատկերացումներ ու կրթական մոտեցումներ, այսօր վերածվել է ՔՊ-ականի։ Ու այս ֆոնին, եթե զուգահեռ անցկացնենք Սերժ Սարգսյանի կառավարման շրջանին, թե մարտիմեկյան դեպքերն ինչպես էին նկարագրված, որտեղ հիմնականում միայն փաստեր էին, մանրամասների մեջ չէին մտել, եւ դեպքերը ներկայացված էին ընդամենը մեկ-երկու տողով, հիմա պատկերն այլ է։ Գիտեք` ժամանակակից պատմաբանները հաճախ խուսափում են իրենց կյանքի կամ ժամանակաշրջանի վերարտադրմամբ զբաղվել։ Անպայման պետք է ժամանակի քննությունը բռնեն։ Սխալ կլինի մտածել, որ մեր պատմիչները՝ Խորենացին, Եղիշեն, Ագաթանգեղոսը եւ մյուսները, իրենց պատմություններն անմիջապես իրենց ժամանակի մասին գրել եւ փոխանցել են մեզ։ Իրականում դրանք՝ բոլորը, ժամանակի ընթացքում վերարտադրվել եւ մշակվել են»։
Կրթության ոլորտում մեկ դրական փոփոխություն փորձագետը, այնուամենայնիվ, նկատել է. ութերորդ եւ տասներորդ դասարաններում շարունակում են դասավանդել կերպարվեստ եւ երաժշտություն, ինչը հարստացնում է երեխաների ստեղծագործական ու վերլուծական մտածողությունը։ «Դա լավ է, քանի որ երեխաները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց տաղանդը եւ արվեստի կարողությունները։ Սակայն ամենամեծ բացն այսօր մասնագետների պակասն է՝ հենց նույն ոլորտում, ովքեր կկարողանային ճիշտ ուղղորդել երեխաների ստեղծագործական զարգացումը եւ ապահովել արդյունավետ ուսուցում։ Նման խնդիր է նկատվում նաեւ «Տեխնոլոգիա» առարկայում։ Թեեւ Տեխնոլոգիայի դասագրքերը հրաշալի պատրաստված են՝ մանրակրկիտ նյութերով, իրականությունն այն է, որ դեռեւս չունենք բավարար թվով որակյալ մասնագետներ»,- ասաց նա։