Քաղաքականություն

Մենք պարտավոր ենք հաղթել այս ժամանակին

Մենք պարտավոր ենք հաղթել այս ժամանակին

Ասել, որ ՔՊ-ի հանդեպ մի առանձնահատուկ սեր կա ժողովրդի մեջ, մեղմ ասած, հիմարություն է: Հայ ժողովուրդը կամ որեւէ ժողովուրդ չի կարող այնքան հիմար լինել, որ մեկ անգամ սխալվելուց, երկրորդ անգամ սխալվելուց հետո տրամադրվի սխալվել նաեւ երրորդ անգամ: Ես չգիտեմ, թե իր զարգացման որ աստիճանում պետք է մնացած լինի այն հայը, ռուսը, ամերիկացին, ֆրանսիացին, ղազախը, ույղուրը, որ մի քանի տարի շարունակ ճաշակի իր ընտրած կառավարության պատճառած ավերներն ու շարունակի սիրել այդ կառավարությանը:

Բայց այլազգիներին թողնենք մի կողմ ու դառնանք մեզ՝ հայերիս: Մեր մի զգալի մասը, այո, առաջին անգամ սխալվելուց հետո դարձյալ քվե տվեց ՔՊ-ին (Նիկոլին): 680 հազար մարդ (թող ոչ ոք չհրաժարվի) գնաց ու ԱԺ արտահերթ ընտրություններում քվե տվեց քովիդի ժամանակ խայտառակված, 44-օրյա պատերազմում կասկածելի պարտություն արձանագրած եւ երկիրը փոսից հանելու սուտ խոստումներով մի կերպ ջրի երեսին մնացած կապիտուլյանտների իշխանությանը: 680 հազար մարդ… Բերանով ասելն է հեշտ: Երկրներ կան, որ նույնիսկ այդքան բնակչություն չունեն: Մեր պարագայում, երբ երկրի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվը հազիվ գերազանցում է 2 միլիոնը, 680 հազար պոտենցիալ անասունի ներկայությունն արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է: Ասում եմ՝ պոտենցիալ, որովհետեւ վստահ եմ, որ այդ թիվը չի պահպանվել: Բոլոր հարցումներն ասում են, որ ՔՊ-ն (Նիկոլը) մեծ ընտրազանգված է կորցրել այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել այդ զանգվածի՝ երկրորդ անգամ սխալվելուց հետո: 

Չէ՞ որ այս ընթացքում տեղի են ունեցել սարսափելի իրադարձություններ՝ Արցախից հրաժարում, ՀՀ սուվերեն տարածքների հանձնում (չթվարկեմ, բոլորը գիտեն), «Զանգեզուրի միջանցք», գլոբալ քաղաքական բլոկադա (թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդների շրջանում), հացի փոխարեն՝ անասնակեր, երեք մատի կոմբինացիա՝ բանակը վերազինելու մեր աղաչանքներին (ՔՊ-ն (Նիկոլը) անձամբ է խոստովանել), 8 միլիարդանոց պետական պարտքի 6.5 միլիարդի անհետացում… Ի՞նչ եք կարծում, պոտենցիալ անասունների թիվն ավելացա՞ծ կլինի այս ամենի ֆոնին, թե՞ նվազած: Ինձ թվում է՝ նվազել է եւ այն էլ՝ շատ: Այլապես ինչո՞ւ է Նիկոլն ընկած՝ ընտրազանգված «ավելացնում»․ արշավ Եկեղեցու դեմ, ձերբակալություններ ընդդիմադիրների շրջանում, լրատվամիջոցների ու լրագրողների անվանարկում, պետական ապարատի զորաշարժ, վախի մթնոլորտի ձեւավորում… Եթե կարճ, ապա ինչո՞ւ է ձեռքը գցել փրփուրներին եւ փորձում մի քանի ոչխար ավելացնել իր անհետացող հոտին:

2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ ոչինչ չունեն ասելու: Մի բան են գցել բերանները՝ այդ ընտրություններում հաղթելու է ժողովուրդը: Այո, տհասներ, հաղթելու է ժողովուրդը, բայց ոչ պոտենցիալ անասունների այն զանգվածը, որ դեռ «խորհում» է ձեզ քվե տալ-չտալու հարցի շուրջ: Ի՞նչ ունի հայ ժողովուրդն այդ զանգվածին որպես հակակշիռ: Այս հարցին պատասխանելու համար նախեւառաջ պետք է հասկանալ, թե ինչից կամ ումից է կազմված պոտենցիալ կենդանիների զանգվածը, եւ արդյո՞ք այն կպահպանվի մինչեւ ընտրությունները: Այդ զանգվածի կազմը, ինչպես ցույց են տալիս ոչ այնքան խորքային ուսումնասիրությունները, բավականին խայտաբղետ է: Ով ասես՝ չկա այստեղ… Է՛լ կաստում-շլվարով բիրդան պաշտոնյաներ, է՛լ խաբված աշխատավորներ, որոնց Նիկոլը հավատացնում է, թե կարող են մինչեւ 700 հազար դրամ աշխատավարձ ստանալ, է՛լ գրոշները հաշվող թոշակառուներ, է՛լ բնակարան չստացած զինծառայողներ, է՛լ Անոյի (Նիկոլի) առողջապահության հույսին մնացած հավերժ հիվանդներ, է՛լ այս հասարակության մեջ իր ավելորդությունը զգացած ուսանողություն, է՛լ իրենց առաքելությունը մոռացած ուսուցիչներ, է՛լ գիտությունից օտարված բուհերի դասախոսներ… Էլ, էլ, էլ… Անգամ՝ տերտերներ, որոնց ՔՊ-ն (Նիկոլը) խոստացել էր կաթողիկոս դարձնել: Իսկ ինչո՞ւ այս խմբում չհիշել այն, այսպես կոչված, հայերին, որոնք, նախկինացավ կպած, այս թուրքահպատակ կառավարության (Նիկոլի) հորդորով ողջունեցին Արցախի կորուստը, որոնք թողեցին սահմանամերձ գյուղերում իրենց տներն ու թռան արտերկիր, որոնք այս պահին էլ մտածում են՝ անկլավները տանք, որ խաղաղ ապրենք, Սյունիքը տանք, որ խաղաղ ապրենք, Գյումրին տանք, Լոռին տանք, ամեն ինչ տանք, թուրքին բերենք Հայաստան, Սահմանադրություն փոխենք, որ խաղաղ ապրենք…

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ վերոնշյալ զանգվածի գլխաքանակը, պլյուս-մինուս՝ 680 հազար է եղել: Ասում են՝ նվազել է: Դա լավ է: Դա նշանակում է, որ ընտրելու իրավունք ունեցողների մի որոշակի մաս չի պատրաստվում երրորդ անգամ սխալվել: Այս հանգամանքը, կարծում եմ, պետք է ոգեւորի այն հայերին, որոնք իրենց անտարբերությամբ եւ համակերպվածությամբ արդեն 7 տարի, անհաղորդ ամեն ինչին, ապուշ կտրած, դիտում են, թե ինչպես է կործանվում Հայաստանի Հանրապետությունը: Կներեք, իհարկե, բայց այս կարգի անտարբերությունը երկրի, հայրենիքի, հայ ժողովրդի եւ սեփական ճակատագրի հանդեպ գրեթե ոչնչով նախընտրելի չէ պոտենցիալ անասնական վիճակից: Անտարբերների մեջ էլ քիչ չեն (գուցե նույնիսկ ավելի շատ են) կաստում-շլվարով նախկինները, օլիգարխ «ախպերները», դուքանչիները, լղոզվող մտավորականները, խոհանոցային հայրենասերները, փողի շատությունից ֆազերը «քցած» իրավապահները, դատավորները… Թվարկելով չի վերջանա: Անտարբեր մի եղեք, դա արդարացում չէ, դա ձեզ չի ներվելու: Չի ներվելու երբեք, անգամ եթե մի տխուր օր արթնանանք արդեն գոյություն չունեցող Հայաստանի Հանրապետությունում:

Եվ, ուրեմն, ի՞նչ ունենք մեր միջի այս զանգվածին հակադրելու համար: Ունենք մոտ 2 միլիոն հայություն, որ կարող է իր քվեով վերջ դնել այս նեխած վիճակին, ունենք մոտ 8 միլիոնանոց Սփյուռք, ունենք Հայ Առաքելական Եկեղեցի… Վերջապես՝ ունենք անհատներ, որոնք ի զորու են հայ ժողովրդի համախումբ պայքարը հասցնել իր նպատակին: Մենք այսպես ենք հաղթել բոլոր ժամանակներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image