Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը կրկին դիմել է ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը կրկին դիմել է ՄԻԵԴ

Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի համար անսպասելի չէր իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշումը։
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նա դա բացատրեց դատավորների նկատմամբ գործադրվող ահռելի ճնշումներով։

Նա իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ջուր է համարում։ 
Իր մամուլի ասուլիսում Հայկ Ալումյանը քանիցս մեջբերեց անցյալ տարի, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն՝ ուղղված դատավորներին։ Փաստաբանը հիշեցրեց նաեւ, թե քանի դատավոր է Ռոբերտ Քոչարյանի գործով ինքնաբացարկ հայտնել՝ չցանկանալով առնչվել նրա կալանավորմանը։

Ըստ փաստաբանի՝ Քոչարյանին կալանավորելու հիմքերը առկա չեն, մյուս կողմից էլ՝ դատավորները չեն կարող չկալանավորել, քանի որ նրան ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ տեղի ունեցածը, նույնիսկ՝ ավելի վատը, կարող է տեղի ունենալ իրենց հետ։ Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորները Քոչարյանին ազատ արձակելու դեպքում կարող են դառնալ թիրախ վարչապետի եւ գործող իշխանության համար։

Փաստաբանը հիշեցրեց նաեւ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե դատական համակարգի նկատմամբ կան ճնշումներ։
Չնայած դրան, ըստ փաստաբանի, դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ է ստիպված եղել արձանագրել, որ Քոչարյանին մեղսագրված կաշառքի դրվագով կասկածը բացակայում է, նվազագույն շեմը գոյություն չունի։

Թե ինչու է կաշառքի դրվագը հայտնվել Քոչարյանի մեղադրական եզրակացության մեջ, ըստ փաստաբանի, ՀՀ քր․ օր-ի 300․1 հոդվածով իր պաշտպանյալն անձեռնմխելի է, եւ հոդվածով նրան վերագրվող գործողությունները բխում են նրա պաշտոնեական պարտականություններից։ 
Հայկ Ալումյանը նշեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի ողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ, նաեւ՝ նրա բոլոր հանդիպումները համաձայնեցվում են իր անվտանգության աշխատակիցների հետ։ 

Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ դիմել են ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտելու հայցով, որը արվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image