Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյա Վենսի այցը Հայաստան տարածաշրջանային լարվածության և ներքաղաքական զգայուն գործընթացների ֆոնին նոր հարցադրումներ ու ակնկալիքներ է առաջացրել։ «Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանի հետ։
- Վենսի այցը Հայաստան, կարելի է գնահատել որպես պատմական։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քաղաքական ուղերձներ է այն պարունակում և ի՞նչ սպասելիքներ կարող է առաջացնել Հայաստանի համար։
- Այո, պատմական կարելի է համարել, քանի որ իսկապես լուրջ իրադարձություն էր։ Անձամբ իմ հիմնական սպասելիքներն ու հույսերը կապված էին Բաքվում պահվող մեր հայ գերիների, ինչպես նաև Հայաստանում կալանավորված քաղբանտարկյալների խնդիրների բարձրաձայնման հետ։
- Բայց նկատենք, որ այդ երկու հարցերն էլ փաստացի ստվերվեցին։ Անկախ այն հանգամանքից, որ այցի ընթացքում նաև ակցիա էր իրականացվում, որևէ արձագանք չեղավ, և թեման, կարելի է ասել, մնաց լուսանցքում։
- Հուսանք, որ հետագայում այս հարցերը կբարձրաձայնվեն ավելի հստակ ձևով։ Չեմ կարծում, որ իրականացված ակցիաներն աննկատ մնացին կամ ամբողջությամբ շրջանցվեցին․ ամեն դեպքում դժվար է պատկերացնել, որ Վենսին այդ մասին չի զեկուցվի։ Առնվազն նրա անվտանգության ծառայության ներկայացուցիչները և համապատասխան աշխատակիցները պարտավոր էին տեղեկացնել, որ ակցիան վերաբերում էր գերիների ազատությանը և խափանման միջոցների տակ գտնվող անձանց խնդիրներին։
- Այցի ընթացքում խոսվեց նաև ներդրումների մասին՝ հնչեցնելով հինգ և ինը միլիարդ դոլարի թվեր։ Թեպետ նշվեց, որ թարգմանության մեջ որոշակի անճշտություն է եղել և խոսքը պարտադիր ներդրումների մասին չէր, այնուամենայնիվ թեման ակտիվորեն շրջանառվեց։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրական բովանդակություն ունեն այս հայտարարությունները և որքանո՞վ են դրանք գործնական։
- Դժվար է ասել, որքանով են իրատեսական նման ծավալի ներդրումները, հատկապես երբ դրանք կապվում են Թրամփի քաղաքական ուղեգծի հետ` այսպես կոչված` Թռիփի։Մեր իշխանություններին բնորոշ է ամեն տարի մի նոր թեմա գտնել՝ հասարակության ուշադրությունը զբաղեցնելու համար։ Ժամանակին կարգախոսներ էին հնչում այն մասին, թե քանի դեռ Ղարաբաղի հարցը կա, հարցը լուծված չէ, ժողովուրդը չի կարող լավ ապրել։ Ասացին՝ հարցը լուծեցինք, բայց այսօր բոլորս տեսնում ենք, թե ինչ պայմաններում է ապրում ժողովուրդը։
- Ի դեպ, մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանությունը ներքին սոցհարցումներ է անցկացրել, որոնց ցուցանիշները մտահոգիչ են եղել։ Ըստ այդ հարցումների` նրանց վարկանիշը բավականին անկում է ապրել։
- Իսկ ինչի՞ հաշվին պիտի իրենց վարկանիշը բարձրանար։ Ես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր եմ, որը մեր ամենաաղքատ մարզն է։ Ժողովուրդը ծանր սոցիալական բեռի տակ է ապրում, և միայն ասֆալտ փռելով նրանց խնդիրները չեն լուծվում։Մարզում շուտով ավելի քան 40 դպրոց կփակվի, իսկ նոր դպրոցների շինարարությունը սկսվել է առանց տեղացի բնակիչների կարծիքը հաշվի առնելու, ինչպես նաև առանց առկա ենթակառուցվածքների և իրական խնդիրների գնահատման։
- Առաջիկա խորհրդարանական ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Հիմա ընդդիմադիր դաշտում փոփոխություններ են տեղի ունենում և նոր խաղացողներ են հայտնվել։ Ձեր գնահատմամբ՝ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ։
- Միանշանակ, այս զարգացումները կփոխեն իրավիճակը, և արդյունքները մենք զգալու ենք։ Համոզված եմ, որ հունիսի 7-ին իրականությունը լրիվ այլ կլինի, քանի որ նոր խաղացողները բազմաթիվ փոփոխություններ են մտցնում։ Կարևորը, որ բոլորի համար առաջնային լինի ազգային շահը, և հիմնական հենարանը լինի ազգայինը։
- Բայց հիմա իշխանությունն ասում է, որ եթե իրենք չընտրվեն, վերջին տարիներին ձեռք բերված ձեռքբերումները՝ այդ թվում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններում առաջընթացը, կարող են կորցվել։
- Հա, իրենք ասում են նաև, որ մեր չընտրվելու դեպքում պատերազմ կլինի կամ խաղաղությունը վտանգված կլինի։ Ով էլ ընտրվի, ձեռք բերված ձեռքբերումները կորցնելու վտանգ չկա։ Մեկ ուժեղ, փորձառու առաջնորդի դեպքում հնարավոր կլինի զարգացնել հարաբերությունները թե Եվրոպայի, թե Արևմուտքի հետ՝ առանց մեր հիմնական դաշնակիցներին դեն նետելու, ինչպես նաև ճիշտ հարաբերություններ կառուցել Իրանի հետ։ Բազմակողմանի, սեկտորային ճիշտ քաղաքականությամբ ու օբյեկտիվ մոտեցմամբ ժողովուրդը այս իրավիճակից վերջապես կարող է դուրս գալ, եթե ունենա իսկական տղամարդ ղեկավար։
- Այսպիսով առաջիկա ընտրությունների հետ, կարելի է ասել, մեծ հույսեր եք կապում ։
- Ես լիահույս եմ` ամեն ինչ լավ է լինելու, բայց ամենակարևորը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է ընտրություններին։ Ներկայում ամենավտանգավոր երևույթը անտարբերությունն է։ Յուրաքանչյուր ոք պետք է մտածի իր ճակատագրի մասին և իր մասնակցությունը ցուցաբերի ընտրությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի հաղթահարել ներկա իրավիճակը և ապահովել երկրում իրական զարգացում։