Մշակույթ

Ինչպես է ընթանալու առաջին դասարանցիների հայտագրումը

Ինչպես է ընթանալու առաջին դասարանցիների հայտագրումը

Մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար եւ կտեւի մինչեւ հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն եւ արտոնություն է դիտարկվում, եթե հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում, հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է, հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որը, աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:

Երկրորդ փուլով՝ հունիսի 24-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի), երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, մյուսը՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում)։

Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկն օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի, կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը), կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից: Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image