Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում ունեցած դերի համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պետության ղեկավարի հրապարակմանը։
«Շնորհակալություն եմ հայտնում Շուշիում (օկուպացված հայկական Արցախի - խմբ․) կայացած Գլոբալ մեդիա ֆորումում իմ ելույթում արտահայտած տեսակետները կիսելու համար: Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձից մեկ ամիս առաջ ես կրկին ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ գնահատանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն ապահովելու գործում Ձեր անգնահատելի դերի համար: Ձեր ղեկավարությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում: Դուք իսկապես խաղաղության մարդ եք», - ասվում է հաղորդագրության մեջ: